Ոչ մի բանակցային հարթակ չի գործում. Փաշինյանը պարտվել է եւ ռազմի դաշտում, եւ դիվանագիտության մեջ

Ոչ մի բանակցային հարթակ չի գործում. Փաշինյանը պարտվել է եւ ռազմի դաշտում, եւ դիվանագիտության մեջ

Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինուժը հերթական ագրեսիան իրականացրեց, որի հետեւանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, հինգ զոհ ու վիրավորներ ունի։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի խոստացած խաղաղության դարաշրջանն այդպես էլ չի գալիս: Ավելին, 2020 թվականի պատերազմից հետո իրավիճակն օրեցօր ավելի է վատթարանում՝ մոտեցնելով նոր պատերազմի։ Արցախը հանձնելով՝ Փաշինյանը, թերեւս, հույս ուներ պահել Հայաստանը, սակայն այժմ զոհասեղանին Հայաստանն է, Ալիեւի ախորժակն ուտելիս ավելի է բացվել, նա հիմա էլ խոսում է Հայաստանի սահմանների նկատմամբ ունեցած նկրտումների մասին եւ համարում է, որ Հայաստանն Արեւմտյան Ադրբեջանն է եւ վաղ թե ուշ իրենք վերադարձնելու են պատմական «հայրենիքը»։ Իսկ իշխանությունը կարծես դասեր չի քաղում` 2020 թվականի պատերազմից հետո անվերապահորեն կատարելով Ալիեւի պահանջները՝ հույս ուներ, որ, ի վերջո, կկնքվի խաղաղության պայմանագիրը: Եւ հիմա էլ դեռ հույսը չի կտրել, թեեւ ստիպված է արձանագրել, որ միջազգային հարթակներում ձեռքբերված պայմանավորվածություններն Ալիեւը չի կատարում։ 

Դիցուք, 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան էր խոստանում, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա՝ ժողովրդին մանիպուլացնելով, որ եթե ՔՊ-ն իշխանության չլինի, պատերազմ կսկսվի, իսկ ընդդիմադիրներին ռեւանշիստներ էր անվանում, որոնք պատերազմ են բերելու` եթե գան իշխանության եւ դրանով հասավ իր նպատակին` 680 հազար մարդ միամտորեն ընտրեց նրան, որպես խաղաղության եւ ապագա բերող ուժի: Այսօր` 2024-ի փետրվարին պարզվեց, որ մենք չարաչար խաբված ենք` Փաշինյանը պատերազմի սիմվոլն է, պատերազմի հրձիգը:
Սակայն հետահայաց տեսնենք, թե ինչ էր խոստանում Փաշինյանը` վերարտադրվելուց հետո: Նա 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում` Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, հույս ուներ, որ մոտեցնում է խաղաղությունը: Ահա` Ալիեւի ուզածը տվեցինք, հիմա հանգիստ կապրենք: Սակայն պարզվեց` միակողմանի զիջելու քաղաքականությունը բացարձակապես չի մոտեցնում խաղաղությունը: Պարզվում է, որ խաղաղություն ստանալու համար ոչ միայն պետք է Արցախից հրաժարվենք, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչենք, Սեւ լճի ու Ներքին Հանդի, Վարդենիսի ու Ջերմուկի դիրքերից հրաժարվենք, ականապատված դաշտերի քարտեզները տանք, Երասխում կառուցվող գործարանի տեղը փոխենք, այլեւ ՀՀ սահմանադրությունը փոխենք, ՀՀ անկախության հռչակագրից հրաժարվենք, հայոց պատմությունը դարձնենք Հայաստանի պատմություն, գերբն ու հիմնը փոխենք եւ սա դեռ վերջը չէ: Իսկ խաղաղության ստվերն անգամ մեզ չի մոտենում:

Երկու օր առաջ բրիտանացի լրագրողին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մանրակրկիտ թվարկում էր, թե ինչպես է Ալիեւը հրաժարվել բոլոր հարթակներում կայացած պայմանավորվածություններից՝ բրուսելյան, մոսկովյան, վաշինգտոնյան, անգամ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը չի կատարում, մինչդեռ այդ պայմանավորվածության արդյունքում է ստացել Արցախը: Ալիեւը հրաժարվում է անգամ ճանաչել Սովետական Հայաստանի 29 հազար 800 ք/կմ տարածքը: 

Պրահայից հետո` 2022 հոկտեմբերի 30-ին էլ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Փաշինյանի եռակողմ հայտարարությունը, որտեղ «Հայաստանը և Ադրբեջանը գրավոր հայտարարությամբ ընդունել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը և հայտարարում են, որ հրաժարվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, և բոլոր հարցերը կլուծեն բանակցային ճանապարհով»: Դրանից հետո նախատեսվում էր տարածաշրջանի կոմունիկացիաների բացում, ապաշրջափակում եւ այլն: Եւս մի եռակողմ հանդիպում կայացել է մայիսի 14-ին և հուլիսի 15-ին` Բրյուսելում եւ Փաշինյանը եզրակացնում է.

«Ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունը և սկզբունքները համաձայնեցված են և նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք, ի վերջո, վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը, բայց սկզբից Ադրբեջանը երեք անգամ հրաժարվեց մասնակցել տարբեր ֆորմատներով բանակցություններին, որից հետո նշանակվեցին Ադրբեջանում նախագահական ընտրություններ: Եվ, ըստ էության, մենք այս կետի վրա ենք և ենթադրում եմ, որ նախագահական ընտրություններից հետո մենք այս կետերի շուրջ կկարողանանք հասնել իմպլիմենտացիայի, եթե քաղաքական կամք լինի»:

Այսօր փաստն այն է, որ Ադրբեջանը օկուպացված է պահում ՀՀ տարածքի առնվազն 200 քառակուսի կիլոմետր տարածք, կրակում եւ սպանում է սահմանը հսկող մեր զինվորներին: Ինչը նշանակում է, որ բանակցային որեւէ հարթակ այլեւս չի գործում եւ որեւէ պայմանավորվածություն չի պահպանվում Ադրբեջանի կողմից: Ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտությունը գլխովին ջախջախվել է: 

Եւ այսօր չեն գործում ոչ բրյուսելյան, ոչ պրահյան, ոչ մոսկովյան, ոչ վաշինգտոնյան պայմանավորվածությունները: Խաղաղություն չի բերում նաեւ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքը: Չի գործում Ռուբեն Ռուբինյան-Քըլըչ հարթակը եւ չի բացվել հայ-թուրքական սահմանը ու որեւէ առաջընթաց չկա այս հարթակում: Չեն գործում 3+3 ֆորմատը, Վրաստանի կամ Իրանի միջնորդական ջանքերը: Այսինք, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը մտել է փակուղի եւ Հայաստանը շարունակում է միակողմանի զիջումները, իսկ խաղաղությունն այդպես էլ չի գալիս։ 

Եւ անգամ ՔՊ-ից արդեն որոշ ձայներ են լսվում, թե` խաղաղության գրավականը զենքն ու բանակն են: ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը, օրինակ ասում է. «Մեր երաշխիքը մենք ենք ու մեր ժողովուրդը. ուղղակի պետք է ռազմական բալանսը վերականգնենք, մենք մեր երկիրը կարող ենք պահել, դարձնել անվտանգ երկիր։ Դրա համար էլ մենք հիմա աշխատանքներ ենք տանում ամբողջ աշխարհի հետ, որտեղ հնարավոր ժամանակակից ռազմական տեխնիկա, ռազմամթերք ձեռք բերել, մենք կարողանում ենք բերել: Արդեն Հնդկաստանի ու Ֆրանսիայի հետ ունենք պայմանագրեր: Ուրիշ երկրների հետ էլ ունենք, որ կարողանանք ռազմական բալանսը վերականգնել: Մեզ պետք չի, որ որեւէ մեկը զինվոր բերի մեզ պաշտպանի»: 

Իհարկե` մեր խիստ պացիֆիստ իշխանությունը դեռ այս եզրահանգմանը չի եկել: Եթե իշխանությունն արգելում է մեր անվտանգությունը երաշխավորող զինվորին կրակել սահմանն անցած թշնամու վրա, մեղա է գալիս եւ հայտարարում, որ կպարզեն, թե ով է առաջինը կրակել եւ կպատժեն, ուրեմն բանակի ու զինվելու ծրագիրը ՔՊ-ի ծրագիրը չէ։ Եթե անգամ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն դուխ չունեն թշնամուն իր տեղը դնելու եւ վախվորած հայտարարություններ են անում, ուրեմն Նիկոլ Փաշինյանի ներշնչած վախն ու պարտվողականությունն իր սեւ գործն արել է եւ մեր անվտանգությունն ապահովող կառույցները թշնամու առաջ կանաչ լույս են վառել ու հանձնվել: