Խախտումներ Գյումրու համայնքապետարանում. հաշվեքննիչ պալատի բացահայտումները

Խախտումներ Գյումրու համայնքապետարանում. հաշվեքննիչ պալատի բացահայտումները

Չնայած արտակարգ դրությանը՝ Գյումրու ավագանու հերթական նիստը կայացավ: Նիստի օրակարգային հարցերից, թերևս, ամենից ուշագրավը  Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2020 թվականի մարտի 30-ի N 46-Ա որոշումն էր: Բանն այն է, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը  Գյումրու համայնքապետարանում իրականացրել է 2017-2018թթ –ների հաշվեքննություն, որի արդյունքում բազմաթիվ խախտումներ են բացահայտվել; Հաշվեքննության են ենթարկվել համայնքի Ֆինանսական հաշվետվությունները, իրավական ակտերն ու կնքված գործարքները:

Քաղաքապետի խորհրդական Արարատ Բալաբեկյանի խոսքերով՝  այդ խախտումները հիմնականում  վերաբերում են համայնքի բյուջեի պլանավորմանն  ու հավաքագրմանը, ինչպես նաև բյուջեի միջոցների ծախսման ընթացքում օրենսդրությամբ  նախատեսված դրույթներին: Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ համայնքապետարանի բյուջեի հողի հարկի   կատարողականը բարձր է գնահատվել, քանի որ համայնքապետարանի կողմից տարեկան բյուջեների ոչ լիարժեք պլանավորում է եղել եւ իրական նախատեսված պլաններում չեն ներառվել:
Հաշվեքննիչ պալատի դիտողություններն ու արձանագրած թերությունները վերացնելու նպատակով ավագանու  որոշմանն էր դրված  համայնքի ղեկավարին հանձնարարել՝ ծառայողական  պարտականությունները  ոչ  պատշաճ կամ թերի կատարելու համար Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումների (այսուհետ՝ բաժիններ), համայնքային հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կառույցներ)  ղեկավարներին ենթարկել կարգապահական պատասխանատվության, բաժինների պետերին և կառույցների ղեկավարներին՝ իրենց իրավասության սահմաններում ձեռնարկել համապատասխան քայլեր եզրակացության մեջ ներառված թերությունները և անհամապատասխանությունները հնարավորինս արագ շտկելու և հետագայում բացառելու ուղղությամբ:

Մինչ որոշումն ընդունելը քննարկումները թեժ էին: ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամ Արման Գրիգորյանը նախատեց համայնքապետարանին՝ մեղադրելով հանրությանը սխալ ինֆորմացիա մատուցելու համար. «Այսինքն՝ իրականը չեք պլանավորել, դուրս եք թողել ապառքները, նախորդ տարվանն եք վերցրել եւ սխալ ինֆորմացիա է մատուցվել հանրությանը, թե բյուջեն գերակատարվել է, թոզ փչելով հո ՞չի»: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ կարծում է, որ խնդիրն առկա է ոչ միայն Գյումրիում, այլ Հանրապետության բոլոր համայնքներում. «Երևի հաշվեքննիչ պալատի ամենից լավ եզրակացությունը Գյումրիին է»,-հուսադրեց քաղաքապետը: 

Ընդդիմադիր ավագանու անդամն էլ ընդգծում  է, որ խնդիրը վերջնականապես լուծում  է պահանջում եւ երկար տարիներ է՝ առկա է: Առաջարկվեց ուղերձով դիմել կառավարությանը, որպեսզի զրոյացվեն հողի հարկի մասով գոյացած ապառքները: Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ  առաջարկեց ուղերձին կից օրենսդրական փաթեթ պատրաստել եւ քննարկման հրավիրել պատգամավորներին: 

Մանրամասները՝ տեսանյութում