Դաշնակցությունը գործա՞րք է առաջարկում

Դաշնակցությունը գործա՞րք է առաջարկում

Նկատելի է, որ վերջին շրջանում ՀՅԴ-ն նվազագույնի է հասցրել իշխանությունների քննադատությունը: Ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի Հայտարարությունն ստորագրողների ցուցակում դաշնակցական ակնառու գործիչներ չկան: Հայտնի է, որ ԱՄՆ այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել տեղի դաշնակցական կառույցների հետ: Ու, թերեւս, այդ ընթացքում էլ ձեռք է բերվել «հրադադարի համաձայնություն»:

Այս ֆոնին մամուլում անդրադարձ է արվում Արցախի նախագահական ընտրություններին այն կտրվածքով, թե հնարավոր է՝ Հայաստանի իշխանությունները «նույնպես հասկացել են, որ Արցախի նախագահական ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսերը հենց միասնական թեկնածուն ունի»:

«Միասնական թեկնածուն» Դաշնակցության Արցախի կառույցի իդեա-ֆիքսն է, որի վրա նա սեւեռված է արդեն մի քանի ամիս: Առայժմ՝ ապարդյուն: Բայց վերոնշյալ հրապարակման հեղինակն արձանագրում է, որ Փաշինյանի շրջապատից «անամոթաբար ԶԼՄ-ներով «սլիվ» են թողնում Արայիկ Հարությանի կուտակած հարստության, օբյեկտների մասին՝ եզրակացնելով, որ Արայիկ Հարությունյանը նրանց համար «նախկին թեկնածու,» է Մասիս Մայիլյանը՝ «ներկա,» եւ այդ դասավորությունից բխեցնում. «Ուրեմն ինչու՞ չհայտարարել Մասիս Մայիլյանի անունը, որպես ուժեղ թեկնածուի, իսկ նրա հաղթանակի դեպքում մի դափնեպսակ էլ ՀՀ վարչապետի գլխին չդնել»:

Ի վերջո հրապարակման հեղինակն այսպիսի ամփոփում է անում. «Բայց եկեք իրադարձություններից առաջ չանցնենք եւ բավարարվենք միայն արձանագրելով, որ Արցախում կայանալիք առաջիկա ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կունենանք միասնական (հասկանալ՝ ՀՅԴ աջակցությունը վայելող՝ Վ. Ա.) թեկնածու, որի հաղթանակով էլ կարող է սկիզբ դրվել (երեւի ցանկացել է ասել՝ վերջ դրվել՝ Վ. Ա.) պառակտումին, որ արդյունք է ՀՀ հեղափոխական իշխանությունների երկամյա, մեղմ ասած, գործունեության»: Հ

րապարակման հեղինակն, ինչպես ասում են, մեծամասամբ արտահայտում է ՀՅԴ մոտեցումները: Խնդրո առարկա հրապարակումը հետաքրքրական է հենց այդ առումով: Արդյոք Դաշնակցությունը Նիկոլ Փաշինյանին գործարք չի՞ առաջարկում՝ Արցախի նախագահական ընտրություններում իր նախընտրելի թեկնածու Մասիս Մայիլյանին սատարումով «վերջ դնել պառակտումին»: Տրամաբանության մեջ հիմնավորապես տեղավորվող մոտեցում է: Բաց է մնում մի հարց՝ ինչպե՞ս գեներացնել նախընտրելի թեկնածուին, երբ ներարցախյան քաղաքական իրողությունները բոլորովին այլ են: Դաշնակցությունը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է հետքայլ անել հռչակած սկզբունքներից եւ կոշտ միջամտությամբ լուծե՞լ Արցախի նախագահի ընտրության հարցը: Հանուն «պառակտումին վերջ դնելու՞»:

Այդքան վեհ մի բա՞ն, թե՞ Դաշնակցությունը կոնկրետ լուծելի խնդիր ունի՝ տեղ երաշխավորել Արցախի 2020թ. ձեւավորվելիք իշխանությունում: Որպես մեկնարկային հարթա՞կ: Բայց հետագա ի՞նչ թռիչքի համար: Փաշինյանին «տուն ուղարկելու՞»՝ ինչպես ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էր խոստանում: Ընդ որում՝ Ստեփանակերտից: Այսօր, դատելով հրապարակման վերնագրից, Դաշնակցությունը Փաշինյանին առաջարկում է «միասնականությունը վերագտնել Արցախում»: Հե-տա-քըր- քիր խաղ է: