Իմքայլականներին

Իմքայլականներին

Ի՞նչ եք մտածում…

Գուցե ոչ մի բան էլ չեք մտածում: 

Միայն երախտապարտ եք զգում ձեզ այն մարդու նկատմամբ, որից ստացել եք ԱԺ մանդատ: Հետեւաբար, պարտական եք նրան ու շարժվում եք միայն նրա հրամանով ու վերջ: Անկասկած, հիշում եք, որ ձեր ընտրությունից անմիջապես հետո բոլորն էլ հաստատեցին, որ ժողովուրդը ձեզ չի ընտրել, այլ ընտրվել եք, որովհետեւ քայլում էիք նրա ետեւից: Հիմա էլ չեք ուզում դուրս գալ այդ տաքուկ տեղից… Անկախ ձեր ընտրվելու հանգամանքներից, դուք այլեւս պետք է յուրացրած լինեիք ձեր, որպես հայոց խորհրդարանի պատգամավորի արժանավոր կոչումն ու պարտավորությունները: Բայց, ցավոք սրտի, շարունակում եք մնալ նույն կրավորական վիճակում: Եվ երբ այսօր ձեր գործընկերները ձեզ Ազգային ժողով են կանչում՝ ընդամենը քվորում ապահովելու համար, երկմտորեն նայում եք ձեր շեֆին ու նրա մատի թափահարումից սարսափած՝ տեղներիցդ չեք շարժվում: Վախենո՞ւմ եք հարցի քննարկումից: Գուցե վախենում եք, որ ազգային ճակատագրական հարցի նկատմամբ, ձեր իսկ ներսում եռացող թասիբը կխոսի, ու հանկարծ վրիպում թույլ կտաք: Սպասում եք, որ հողերի հանձնումն ավարտվի, ու նոր երեւաք: Ի՛նչ երեսով պիտի նայեք ձեր ժողովրդի, զավակներ կորցրած մայրերի եւ ձեր ընկերների աչքերին: 

Սա կլինի ձեր առաջին եւ վերջին մանդատը… եւ ամոթալի մանդատ: 

Ընտրվեցիք շեֆի պատվերով, շարժվեցիք նրա մահակով, իսկ վեջում հեռացաք ժողովրդի արհամարհանքով: Մեր ժողովուրդը ձեզ չի ներելու: 

Մենք չենք մարսելու այս ամոթալի եւ նվաստացուցիչ պայմանագիրը:

Իզուր է ձեր շեֆը հազար ու մի հնարքներով փորձում ապացուցել, որ պարտավոր է եղել ստորագրել այն: Դա այն պարտադրանքը չէ, որ ճգնում է հրամցնել մեզ: Պատերազմի եւ ոչ մի պատասխանատու կամ Արցախի նախագահը չեն ասել, որ այդ պայմանագրի մեջ ներառվի նաեւ Ադրբեջանին Մեղրիից միջանցք տրամադրելու կետը եւ ոչ միայն Ադրբեջանին,  նաեւ՝ Թուրքիային: Հենց միայն Մեղրիի միջանցքի մասին ձեր շեֆի այդ հպանցիկ ու դրական ակնարկից կարելի է հասկանալ, որ նա պատվեր է կատարել: Դատելով նրա քաղաքական, մեղմ ասած, միջակությունից, կարելի է ենթադրել, որ ամենեւին էլ չի հասկացել այդ պատվերի հետագա վտանգները: Այդ պատվերի աղբյուրն ու դրա հեղինակների էությունը հայտնի են մեզ՝ դեռեւս 90-ական թվականներից: Շատ մոտ ապագայում բոլորիս համար էլ կպարզվի, թե այդ պարտավորությունը որտեղից է եկել: Դուք՝ բոլորդ, երիտասարդ եք. ականատեսը կլինեք այդ բացահայտմանը: 
Հայ ժողովուրդն ուշ կամ շուտ վերականգնելու է իր կորցրած իրավունքները: Մենք կրկին վերադարձնելու ենք Արցախ աշխարհի ողջ տարածքները: Բայց դուք մտածեք այն մասին, թե ինչ եք ասելու ձեր զավակներին ու թոռներին: Ձեր ճակատներից չի մաքրվելու այսօրվա ստորացուցիչ պայմանագիրը ստորագրողի կողքին լինելու սեւ խարանը… 

Ավարայրի ճակատամարտում էլ ռազմական պարտություն կրեցինք: Մարտի դաշտում զոհվեցին հայոց զորավարն ու գլխավոր հրամանատարը: Թշնամին ներխուժեց եւ ասպատակեց մեր երկիրը: Քարուքանդ եղան մեր բոլոր կրոնական ու մշակութային կոթողները:  Սակայն 30 տարի անց մենք հաղթանակեցինք, եւ թշնամին ստիպված եղավ մեզ հետ կնքել Նվարսակի պայմանագիրը, որով վերականգնվեցին թշնամու տիրապետության տակ գտնվող Հայաստանի այն բոլոր տարածքները, որոնք կորցրել էինք ռազմի դաշտում: 
Մենք հին ազգ ենք: Կընկնենք, կկանգնենք…

Վահան ԴԱՐԲԻՆՅԱՆ