«Հրապարակ». Կհաղթահարի՞ Եվրոպան սպասվելիք էներգետիկ ճգնաժամը

«Հրապարակ». Կհաղթահարի՞ Եվրոպան սպասվելիք էներգետիկ ճգնաժամը

2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը դեռ չի երեւում։ 6 ամսից ավելի տեւող եղբայրասպան պատերազմը, ըստ որոշ տեղեկությունների, արդեն մոտ 80 հազար ուկրաինացու եւ մոտ 20 հազար ռուս զինծառայողի կյանք է խլել։ Տասնյակ հազարավոր զոհերից ու վիրավորներից բացի՝ նաեւ ավերված  քաղաքներ ու գյուղեր, ոչնչացված տնտեսություն, միլիարդների հասնող նյութական վնասներ՝ երկու կողմից։ Բայց հաշտության մասին ոչ մի կողմը դեռեւս չի խոսում․ Ուկրաինան հաստատակամ է իր տարածքների պահպանման հարցում եւ շարունակում է Արեւմուտքի օգնությամբ այս ծանր պատերազմը։ Ռուսաստանը վճռական է, որ վաղ թե ուշ հաղթելու է, եւ չի պատրաստվում զիջել։

Ռուս-ուկրաինական հակամարտության կողմերից մեկն էլ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրներն են, որոնք, թիկունք կանգնելով Ուկրաինային, այսօր կանգնած են լուրջ  խնդիրների  առաջ։ Արեւմուտքը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանը՝ Արեւմուտքի, որոնցից ամենակարեւորն էներգակիրների վաճառքի արգելքն է։ Թեմայի շուրջ զրուցել ենք կիեւաբնակ քաղաքական վերլուծաբան, լրագրող Մարատ Հակոբյանի հետ։

- Առջեւում ձմեռ է, ի՞նչ պետք է անի Եվրոպան, ինչպե՞ս է դուրս գալու  էներգետիկ ճգնաժամից։ Կկարողանա՞ Եվրոպան դիմակայել ձմռանը։

- Եվրոպան արդեն դիվերսիֆիկացրել է էներգակիրների մատակարարումները եւ սկսել է վառելիք ստանալ Հյուսիսային Եվրոպայից, Հյուսիսային Աֆրիկայից, ԱՄՆ-ից, Պարսից ծոցից եւ անգամ՝ Ադրբեջանից։ Եվրոպան արդեն իսկ սկսել է նաեւ պաշարել  վառելիք։
Եվրոպան ու Ուկրաինան ակտիվորեն պատրաստվում են ձմռանը եւ հաշվի առնելով մոսկովյան ռեժիմի նենգությունը, դիվերսիֆիկացնում են ոչ միայն մատակարարումների աղբյուրները, այլեւ վառելիքի տեսակները։ Այսպիսով, Մոսկվայի հերթական շանտաժը չստացվեց։

-  Ռուսաստանը երկար տարիներ նավթ է մատակարարել Եվրոպային եւ ինքն էլ է ստացել բարձր եկամուտներ։ Այս հակամարտությունն ավելի շատ Եվրոպայի՞ն կհարվածի, թե՞ Ռուսաստանին։

- Այո, այս ամենը, իհարկե, կազդի Ռուսաստանի Դաշնության եկամուտների վրա, նրանք արդեն հիմա ստիպված են այրել ավելորդ գազը, որը նախկինում մատակարարվում էր Եվրոպա։
Մենք հիշում ենք Կրեմլի պարենային շանտաժը, որը նույնպես ձախողվեց, հիմա մեր աչքի առաջ Ռուսաստանը փորձում է միջուկային շանտաժ կիրառել, բայց ամեն ինչ իզուր է, կրկին Մոսկվան ձախողվելու է։ Կրեմլը վերջապես պետք է հասկանա, որ իրենց վարչակարգի վերջի մեկնարկն արդեն տրված է, հետհաշվարկը սկսվել է ագրեսիվ բռնապետ Պուտինի պաշտոնավարման համար, ով ցեղասպան պատերազմ է սկսել խաղաղ եվրոպական երկրի դեմ։