Մտածումներ Ֆրանսիայի հրապարակի շուրջ և ոչ միայն

Մտածումներ Ֆրանսիայի հրապարակի շուրջ և ոչ միայն

Նախ՝ մի հանրահայտ ճշմարտության մասին՝ դուզ խոսքն իշին կասեն: Լրագրող գործընկերներս, ավելի քան վստահ եմ, շատ լավ գիտեն այս խոսքն ու երբ որևէ ակնառու քաղաքական կամ պետական գործիչ իրենց որևէ բան է ասում, ասվածն ընկալում են վերոնշյալ աքսիոմատիկ ճշմարտության համատեքստում: Գործընկերներս հաճախ, հեռու փորձանքից, գործչի խոսքը ներկայացնում են ճիշտ այնպես, ինչպես ասվել է և չեն փորձում ավելորդ մեկնաբանություններ տալ: Դա բավականին ճիշտ մոտեցում է, եթե համեմատենք, օրինակ, լրագրողի մատուցմամբ այդ մասին լսած և դիվանից վեր թռած մեկնաբանի մոտեցման հետ:

Կռահեցիք հավանաբար, որ խոսքը Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության մասին է, որ նա արեց պանթեոնում՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք համաժողովրդական շարժումը կունենա՞ ցանկալի արդյունքներ՝ Սերժ Սարգսյանն ասել էր. «Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ: Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ է ասելու այդ մասին»: Եվ ահա, իմանալով հանդերձ, որ դուզ խոսքն իշին են ասում, մեր շատ մեկնաբաններ, տասնյակներով, լցվեցին իրենց ֆեյսբուքյան տնամերձերն ու սկսեցին արագ-արագ մեկնաբանել Սերժ Սարգսյանի ասածը: Ինքս էլ մեծ ցանկություն ունեի մեկնաբանելու, բայց տարիքս ու փորձառությունս ինձ ասացին՝ սպասիր մի քիչ, վաղը չէ մյուս օրը, այսինքն վաղը երեկոյան տեղի ունենալիք հանրահավաքին ամեն ինչ կիմանաս: Այս իմաստով բախտս բերեց, բայց նույնը չեմ կարող ասել մեկնաբանությունների հեղեղի մասով, որ թափվեցին վրաս ու շարունակում են ստացվել ընդհուպ մինչև այս պահը: Էլ՝ Սերժը փուռը տվեց Իշխանին, էլ՝ ՀՀ երրորդ նախագահը շարժման պարտության մեղավոր է համարում Իշխան Սաղաթելյանին, էլ՝ ՀՀԿ-ն դուրս է գալիս պայքարից… Մեկն էլ գրել էր, թե Սերժ Սարգսյանը շախմատային հզոր քայլ է արել և միայն ինքն է գուշակել Սերժ Սարգսյանի այդ քայլի խորիմաստությունը՝ նախագահը փոխում է պայքարի ողջ տրամաբանությունը…

Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա: Բայց ես, ինչպես արդեն ասացի, տիրապետեցի ինձ ու «մեկնաբաններից» շատերին պատասխանեցի՝ դուք, հարգելի գործընկերներ, ավելի շուտ ձեր ցանկությունների մասին եք գրում, քան Սերժ Սարգսյանի հայտարարության: Տեղ հասա՞վ, թե՞ չէ, չգիտեմ, չեմ հետաքրքրվել և ահա ձեզ հետ միասին, սիրելի ընթերցողներ, սպասում եմ վաղը երեկոյան տեղի ունենալիք շատ հետաքրքիր հանրահավաքին: Մեկնաբաններին էլ սիրով հրավիրում եմ, եթե, իհարկե, Նիկոլի հետ քաղպայմանագիր չեն կնքել ընդդիմության հանրահավաքներին չմասնակցելու մասին:

Իսկ հիմա այն մասին, թե ինչ եմ զգացել ես՝ շարքային դաշնակցականս, Սերժ Սարգսյանի հայտարարությունը լսելուց հետո: Սկզբում մի քիչ վատ զգացի, որովհետև առաջին տպավորությունս այն էր, որ Սերժ Սարգսյանն այդ պահին չհետևեց խաղի կանոններին և Իշխան Սաղաթելյանին «պայքարի համակարգող» ասելու փոխարեն «ընդդիմության առաջնորդ» անվանեց: Շփոթմունքս, սակայն, շատ կարճ տևեց: Մտածեցի՝ վերջապես ի՞նչ է պատահել, նախագահ մարդ է, իրավունք չունի՞ մի փոքր շուտ կամ ուշ սեփական ձևակերպումը տալու իրողություններին: Կամ էլ՝ այդ ի՞նչ փոխվեց դրանից Իշխան Սաղաթելյանի կյանքում, մի՞թե այդքան մեծ է համակարգողի և առաջնորդի տարբերությունը: Իսկ երբ տափակ մեկնաբանությունների հեղեղը սկսեց դուրս թափվել համակարգչից, և ակամա կռահեցի նաև Սերժ Սարգսյանի շախմատային քայլի ողջ նրբությունը: Ավելի լավ դեռ ոչ ոք լյուստացիա չէր արել ընդդիմության քննադատներին, դեռ այդպես չէր մաքրագործել այն ճղճիմ էակներին, որոնք որդի պես քայքայում են շարժումը՝ երեսանց քլնգելով Նիկոլին:

Եվ վերջում մի խոստովանություն: Բոլորը, այդ թվում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, գիտեն, որ ես դաշնակցական եմ, ու ինձ համար ամենալավ համակարգողը, ամենալավ առաջնորդը և ամենալավ վարչապետը դաշնակցական համակարգողն է, դաշնակցական առաջնորդը և դաշնակցական վարչապետը: Այսօր այնպես է ստացվել, որ Դիմադրության շարժման համակարգողը Իշխան Սաղաթելյանն է, որին թե Ֆրանսիայի հրապարակը, թե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորներն ու ազդեցիկ դեմքերը դիմում են․ ընկեր Իշխան, ընկեր բառն ինձնից ոչ պակաս սրտառուչ արտաբերելով: Կրկնում եմ՝ այսօր այդպես է ստացվել, և պատճառը, կարծում եմ, հենց Իշխան Սաղաթելյանն է, որ ոչ միայն Դիմադրության շարժման շունչն ու ոգին է, այլև հաղթական համառությունն ու կամքը:

Ի՞նչ կլինի վաղը՝ չեմ կարող ասել: Հնարավոր է փոփոխություններ լինեն պայքարի մարտավարության մեջ, նոր դեմքեր գան առաջին պլան, ավելի համոզիչ դարձնեն այս պայքարն ու տանեն առաջ՝ մինչև հաղթական ավարտ: Բայց ինչ էլ լինի՝ Իշխան Սաղաթելյանն արել է ամենագլխավորը՝ լաոյին է արթնացրել: Պարզապես նա համեստ է, ու չի ասում՝ կամ ես կլինեմ լաոյի առաջնորդը, կամ լաոն առաջնորդ չի ունենա…