Սյունիքյան միջանցքի «Օվերթոնի պատուհանը»

Սյունիքյան միջանցքի  «Օվերթոնի պատուհանը»

Հասարակագիտության ոլորտում գոյություն ունի «Օվերթոնի պատուհան» հասկացությունը: Դա հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկելու հրաշալի մեխանիզմ է՝ բացահայտված ամերիկացի էլեկտրաինժեներ, իսկ հետո նաև իրավաբան և հասարակական գործիչ Ջոզեֆ Օվերտոնի (1960-2003) կողմից: Իմաստը կայանում է նրանում, որ սկզբնապես որպես ոչ ընդունելի համարվող հասարակական որևէ երևույթի կամ գաղափարի (և այդ թվում՝ քաղաքական) նկատմամբ ինչ-որ շրջանակների կողմից քայլ առ քայլ ձևավորվում է դրական վերաբերմունք՝ այն խախուկ տարբերակով պարտադրվելով հասարակությանը: Ու այդ երևույթը կամ գաղափարը ժամանակի ընթացքում մեծամասնության համար վերափոխվում է ընդունելիի:  

Այս կարճ նախաբանից հետո անցնենք բուն նյութին: Նախորդ օրը ԱԽՔ (հիշում եք, չէ՞, թե ինչպիսի «բնորոշում» էր տվել ՀՀ առաջին նախագահն այդ պաշտոնին՝ «յԱԽՔ») Գրիգորյան Արմենը խոսել է սյունիքյան միջանցքի գաղափարի մասին՝ ընդունելի համարելով այն: Իսկ այդ գաղափարն այն կարմիր գիծն էր, որը հատել չի կարելի. Ուղղակի չի կարելի: Իսկ ի՞նչ է հետևում «յԱԽՔ»-ի խոսքից: Նախ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չունի այնքան ժամանակ, որպեսզի հասարակությանը նախապատրաստի սյունիքյան միջանցքի դրական ընկալմանը: Բայց քանի որ վերջերս ինքը խոսում էր դրա անթույլատրելիության մասին՝ արագընթաց տեմպերով պատուհան բացելը հանձնարարեց մեկին, որ չունի հայրենիքի զգացողություն: Չնայած ում էլ հանձնարարեր իր շրջապատից՝ անխոս կկատարեր առաջադրանքը: Իսկ ինչո՞ւ հենց արագընթաց տեմպերով՝ հարցը, ենթադրաբար, Իլհամի համաձայնությունն էր հանդիպելու Նիկոլի հետ: Սակայն, որքան հիշում եմ, Նիկոլը հանդիպելու ցանկություն էր հայտնել ոչ թե Իլհամի, այլ նրա «պապայի»՝ Էրդողանի հետ: Հաշվի առնելով Նիկոլի և Էրդողանի քաշային կատեգորիաների տարբերությունը՝ վերջինս հանդիպման է ուղարկել Իլհամին:

Երկրորդ, միջանցքի գաղափարը ներառվեց Անկարայից Նիկոլին հղված «դրական» ազդակներում: Դա նշանակում է քաղաքական պայման նիկոլական խաղաղության դարաշրջանի բացման առաջարկին: Եթե պայմանը չկատարվի՝ այդ  դարաշրջանը՝ դեռևս չբացված, կփակվի: Իսկ նույնիսկ Նիկոլի նման մանիպուլյատորը չէր կարող դիմանալ նման հարվածին: Հատկապես որ դարաշրջանի գաղափարը նրա քաղաքական գոյության հիմքն է: Իսկ դա նշանակում է համաձայնվել Էրդողանի հակաառաջարկին: Եվ Նիկոլը՝ ուզի թե չուզի դա, պետք է ընդառաջ գնա դրան: Հոգու խորքում (եթե ունի նման բան) ինքը հույս կփայփայի, որ դրան դեմ կգնան Իրանն ու Ռուսաստանը: Հատկապես, որ առաջինն արդեն լուրջ հակաքայլեր է ձեռնարկում, իսկ երկրորդն ունի 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի «դավթարը», որում բացակայում է «միջանցք» բառը, իսկ կոմունիկացաների հսկողությունը դրված է իր վրա:

Վերադառնանք Անկարայից Նիկոլին առաքված «դրական» ազդակներին: Դրանցում առկա էր նաև 2015 թվականի Ցեղասպանության խնդրի մոռացության հարցը: Բայց այդ պայմանը Նիկոլը կարող է կատարել միայն բանավոր՝ Անկախության հռչակագրում ամրագրված տեքստը փոփոխության ենթակա չէ: Ինչը, բնականաբար, չի բավարարելու Թուրքիայի նախագահին: Իսկ որպեսզի դրանից առաջացած սառնությունը չպարուրի խաղաղության դարաշրջանի գաղափարը, Նիկոլը գնալու է պահանջներից մյուսի՝ սյունիքյան միջանցք բացելուն:

Իսկ այժմ ավարտեմ «Օվերթոնի պատուհանի» թեման. 2010-ին ԱՄՆ-ում հրատարակվում է Գլեն Լի Բեքի «Օվերթոնի պատուհանը» թրիլերը, որում ներկայացված է ԱՄՆ տարածքի օկուպացիայի արդարացման նպատակով ամերիկյան հասարակական կարծիքի լայնածավալ մանիպուլյացիայի գործընթացը: Եթե ամերիկյան լրագրող ու քաղաքական մեկնաբան Բեքի կարծիքով տեսականորեն հնարավոր էր նման բան, ապա ինչո՞ւ չի կարող կյանքի չկոչվել «ինչ-որ» միջանցքի խնդիրը: Դրանից խուսափելու համար մեզ մնում է որքան հնարավոր է արագընթաց տեմպերով պատմության աղբարկղը նետել նիկոլիզմը՝ իր բոլոր նախաձեռնություններով հանդերձ: Հակառակ դեպքում նիկոլիզմը պատմության աղբարկղ կնետի հայոց պետականությունը: