Ադրբեջանցիների նման Արցախի դրոշի դեմ կռիվ անողները

Ադրբեջանցիների նման Արցախի դրոշի դեմ կռիվ անողները

Միրզոյան Արարատի մասին առաջին անգամ իմացա 2013-ին, երբ Երեւանի պետական համալսարանից հեռացվեց ինչ-որ համարձակ քայլի պատճառով: Որպես ոչ հիմնական դասախոս՝ ուսանողներին պաշտոնականից դուրս տեսակետ էր ներկայացրել ինչ-որ հարցի վերաբերյալ: Թե կոնկրետ ինչ հարցի՝ ասել չեմ կարող, վաղուց արդեն մոռացել եմ: Ինչեւէ, որպես ընդդիմադիր ֆեյսբուքյան ակտիվիստ՝ նախաձեռնեցի նրա պաշտպանությունն այդ հարթակում: Ասեմ, որ վերջինիս կինը, նկատելով տվյալ հարցում իմ ակտիվությունը, ընկերության առաջարկ տվեց ինձ եւ միացավ ամուսնու խախտված իրավունքների պաշտպանությանը: Իհարկե, այդ ամենը որեւէ արդյունք չտվեց՝ նախկինները թքած ունեին նման թիթիզ բաների վրա: Եվ Արոն չվերականգնվեց բուհում: 

Բայց ենթադրում եմ, որ քարոզարշավը նպաստեց նրա հեղինակության աճին, ինչի արդյունքում, ի վերջո, աշխատանքի ընդունվեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամում: Ասեմ նաեւ, որ ֆեյսբուքյան քարոզարշավի ընթացքում խիստ բացասական տպավորություն ստացա Արոյի քաղաքացիական ակտիվության առումով: Ու զարմացել էի, թե ինչպես էր նման անձը համարձակվել սեփական տեսակետ հայտնել ուսանողներին: Բայց քանի որ երկուսս էլ նույն ընդդիմադիր շրջանակն էինք ներկայացնում, նշված հանգամանքին ուշադրություն չդարձրի. այն տվյալ պահին էական չէր: 

Ինչո՞ւ ներկայացրի վաղուց անցած-գնացած պատմությունը՝ կհարցնեք դուք: Ասեմ՝ որեւէ գործողությամբ եւ խելացի գաղափարով չփայլած եւ բախտի բերմամբ սկզբում Ազգային ժողովի նախագահի, իսկ հետո արտաքին գործերի նախարարի պաշտոնին հայտնված այդ անձն Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում որոշեց բարոյախրատական դաս տալ ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր նախորդ օրը «ներխուժել» էին իր ղեկավարած գերատեսչության շենքը: Ինքը երեւի մոռացել էր, որ, որպես «Ելք» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի դահլիճում Լենայի հետ միասին այնպիսի արարք էր իրեն թույլ տվել, որ նույնիսկ սեփական խմբակցությունում այն ընդունելի չէր համարվել: Խոսքը գնում է ԱԺ դահլիճում խիստ «բուրավետ» գունավոր ծուխ արձակելու երեւույթի մասին: Ինչը, բնականաբար, այսօրվա նախարարի տեսակետից պիտի համարվեր պատիվ չբերող արարք: 

Չբավարարվելով խրատաբանությամբ՝ «հարգարժան» նախարարն այս անգամ փորձեց փայլել մտավոր կարողություններով՝ մեղադրելով ընդդիմադիրներին, թե ինչու չեն Արցախի դրոշը կախել ԱԳՆ-ի կամ որեւէ այլ հիմնարկում այն ժամանակ, երբ իրենք իշխանություն էին: Քանի որ դա բավական բարդ է նրա տեսակի համար հասկանալը, ասեմ, որ նախկինների օրոք, որոնց դեմ, ի դեպ, երկու տասնամյակ կռիվ եմ տվել անձամբ, Արցախի դրոշ կախելու կարիք բացարձակ չկար:

Կարիք չկար, քանի որ պետության ղեկավարի պաշտոնը չէր զբաղեցնում այն ազգակործան պատուհասը (իր հոգեւոր հոր վկայությամբ), որի պատճառով թե՛ Արցախին եւ թե՛ Հայոց աշխարհին ընդհանրապես բաժին հասավ խայտառակ պարտությունը: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ Արցախի պահպանումը, այո, պետք է իրականացվի ոչ թե դրոշով, այլ այն հզոր բանակով, որն առկա էր նախքան իր հայտնվելը վարչապետի պաշտոնին: Բայց այդ բանակը ժամանակավորապես թուլացած է հենց Արարատ ղեկավարի պատճառով: Եվ դրոշն ընդամենը այն երեւույթի խորհրդանիշն է, որ պաշտոնական Երեւանն ամբողջովին չի դավաճանել Հայոց հայրենիքի մի մասին՝ Արցախին: Բայց, կրկնվեմ, թե՛ Արարատի եւ թե՛ մնացած «ուսապարկերի» համար ասվածը բարդագույն մաթեմատիկայի ոլորտից է՝ ընկալելու համար խիստ անհասանելի: Այլապես ադրբեջանցիների նման նրանք կռիվ չէին անի Արցախի դրոշի դեմ՝ փորձելով մաքրել այն պատերից: 

ՀԳ. Ինչ վերաբերում է տարածաշրջանում երբեմնի հզոր բանակին, ապա Նիկոլին ու իր կամակատարներին իշխանությունից հեռացնելուց հետո հայկական հավաքականության ջանքերի գնով մեր բանակը կրկին կվերականգնի իր հզորությունը: