Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի Բրյուսելյան հանդիպումը

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի Բրյուսելյան հանդիպումը

Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցությունների թատերաբեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին՝ խոսելով Բրյուսելի եռակողմ հանդիպման մասին։ Նա ընդգծել է Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն հաստատելու համար տարածաշրջանային համագործակցության կարևորությունը։

«Փոխադարձ շահերի հիման վրա համագործակցության զարգացման, կայունության ու խաղաղության ամրապնդման, հակասությունների խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է օգտվել տարածաշրջանային մեխանիզմների,այդ թվում՝ 3+3 խորհրդատվական մեխանիզմի հնարավորություններից»,- ասել է Քանանին։

Նա շեշտել է նաև տնտեսական համագործակցության ամրապնդման, կապերի ընդլայնման կարևորությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար։

Հիշեցնենք` ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջև։ Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Եվրամիությունն առաջիկա 4 տարիների համար Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ, ԱՄՆ-ն Հայաստանի տնտեսությունում 65 միլիոն դոլարի ներդրում կանի։