Իրարից անտեղյակ
Գրեթե ամեն օր արձանագրում ենք, որ կառավարման համակարգում, պետական մարմիններում, անգամ իշխանության մեջ քաոսային վիճակ է` ոչ ոք չի տիրապետում ամբողջական տեղեկատվության, ոչ ոք չի համակարգում ոչ միայն հանրային կյանքը, այլեւ իշխանության եւ պետական համակարգի աշխատանքը: Աջ ձեռքը չգիտի` ինչ է անում ձախը, բազում հակասական հայտարարություններ ու քայլեր են արվում իշխող թիմի անդամների կողմից: Այդ պատճառով էլ շատ-շատերն ուղղակի խուսափում են որեւէ բան անելուց կամ ասելուց, որ չհայտնվեն անհեթեթ վիճակում եւ չհակասեն նախկինում արված քայլերին, հնչեցրած հայտարարություններին: Նախարարություններից մեկում աշխատող ծանոթս ուշագրավ միտք արտահայտեց. «Մոտ 30 տարի աշխատում եմ կառավարման համակարգում, երբեք այսքան օրենսդրական փոփոխություններ չենք ներկայացրել, որքան հիմա»: Ի՞նչ փոփոխություններ են: Ասում է. «Օրենքի նախագիծն ընդունում են, ու սկսվում է փոփոխությունների հեղեղը` ոչ թե 1 կամ 2 փոփոխություն, այլ՝ տասնյակներով, որովհետեւ պարզվում է` նախագիծը կազմելիս բազում խնդիրներ հաշվի չեն առել, կամ` ընդունված փոփոխությունները հակասության մեջ են մտնում այլ օրենքների հետ»:
Սա` ներքեւի օղակներում: Իսկ ի՞նչ է կատարվում «վերեւներում»: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանը շուտով պատերազմ է սկսելու, իր թիմակիցները բոլորովին այլ հայտարարություններ են անում: ԱԺ նախագահն ասում է` սահմանազատումը սկսում ենք Տավուշից, Մհեր Գրիգորյանը հայտարարում է, որ սահմանազատումը չենք էլ սկսել եւ չենք կարող սկսել, որովհետեւ բազում չկարգավորված հարցեր կան: ՔՊ-ական պատգամավորն ասում է` ԵՄ-ից առնվազն 1 միլիարդ փող են մեզ տալու, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանն ասում է` ֆեյք սպասումներ են առաջացնում:
Կարծիքներ