Չեխովի անվան դպրոցում կրքերը չեն հանդարտվում

Չեխովի անվան դպրոցում կրքերը չեն հանդարտվում

Չեխովի անվան դպրոցի շուրջ կրքերը չեն հանդարտվում, ավելին՝ դասադուլները շարունակում են պարբերական բնույթ կրել։ Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի առավոտյան քաղաքապետարանից զանգահարել են դպրոց եւ տեղեկացրել, որ Տաթեւիկ Մելքոնյանն այլեւս տնօրենի ԺՊ չէ, եւ դպրոցն ունի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար՝ Դիանա Մինասյանը՝ քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի դասընկերոջ կինը։ Այս լուրը հավասարապես փոթորկեց թե՛ մանկավարժներին, թե՛ աշակերտներին ու թե՛ նրանց ծնողներին, ովքեր, ի նշան բողոքի, շարժվեցին քաղաքապետարան՝ արտահայտելու այս նշանակման հետ իրենց անհամաձայնությունը։
Ինչպես տեղեկացանք, ապրիլի 4-ին եւ 5-ին դպրոցում արդեն կայացել են մանկավարժական եւ ծնողական խորհրդի նիստեր։

Երկու նիստի ժամանակ էլ քննարկվել են դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերը, որից հետո տեղի է ունեցել տնօրենի ընտրության քվեարկություն։ Այս անգամ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտ էին ներկայացրել Նոնա Հովսեփյանը (Պուշկինի անվան դպրոցից), Դիանա Մինասյանը (ՀՊՏՀ դասախոս, Չեխովի անվան դպրոցի տնօրենի ներկայիս ԺՊ), Տաթեւիկ Մելքոնյանը (Չեխովի անվան դպրոցի տնօրենի նախկին ԺՊ), եւս մեկ հոգի՝ Անժելա Կարապետյանը (Հերացի դպրոցից)։
Մանկավարժների քվեարկության արդյունքում Նոնա Հովսեփյանը ստացել է 16, Տաթեւիկ Մելքոնյանը՝ 73, Դիանա Մինասյանը՝ 2, Անժելա Կարապետյանը՝ 0 ձայն։ Ծնողների քվեարկության արդյունքում էլ Նոնա Հովսեփյանը ստացել էր 12, Տաթեւիկ Մելքոնյանը՝ 34, Դիանա Մինասյանն ու Անժելա Կարապետյանը՝ 0 ձայն։

Բայց այս 2 քվեարկությունն էլ առոչինչ են, եթե նախարարության 1, իսկ լիազոր մարմնի 4 ներկայացուցիչն իրենց ձայները պետք է տան իշխանությունների նախընտրելի թեկնածուին։ Այլ կերպ ասած՝ դպրոցի ձայնը, կառավարման խորհուրդների ներկայիս կառուցվածքի դեպքում, ո՛չ լսելի է, ո՛չ էլ որոշիչ, իսկ մանկավարժական եւ ծնողական խորհուրդներն էլ այս պարագայում զուտ ֆորմալ բնույթ են կրում, ոչ ավելին։

Քվեարկությունը հատկապես ծնողական խորհրդում շատ թեժ է անցել, ծնողներն աղմկել են, բոյկոտել, արտահայտել իրենց դժգոհությունը՝ տնօրենի ներկայիս ԺՊ-ի ելույթի ժամանակ։ Ինչ վերաբերում է աշակերտներին, ապա նրանց բոյկոտն ու դասադուլների փորձը շարունակվել են նաեւ այս շաբաթ, ինչը տնօրենի նոր ԺՊ-ն ի վիճակի չի եղել սանձահարել, ավելին՝ երեխաներն անգամ տնօրենի սենյակում են աղմկել։

Չեխովի անվան դպրոցի տնօրենի նախկին ԺՊ Տաթեւիկ Մելքոնյանից հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակ է դպրոցում։ «Առավոտյան երեխաները դպրոց չէին մտնում, դժվարությամբ ենք ներս մտցրել, շատ ծանր վիճակ է դպրոցում․․․,- ասաց նա ու հավելեց, որ այս վիճակում անհնար է աշխատել դպրոցում։- Գիտեք, այս սերնդին անհնար է ո՛չ սաստելով, ո՛չ սպառնալով դասարան մտցնել»։  

Տնօրենի նոր ԺՊ Դիանա Մինասյանը երկուշաբթի օրվանից հաճախում է աշխատանքի, թե ինչպես են իրենց հարաբերությունները, Տաթեւիկ Մելքոնյանն ասում է՝ աշխատանքային, ապա հավելում․ «Ես շարունակում եմ փոխտնօրեն մնալ, իհարկե՝ չգիտեմ ինչքան, բայց դեռ մնում եմ»։
Մելքոնյանն ասում է՝ թե՛ ծնողների, թե՛ մանկավարժների համար անհասկանալի է՝ ինչպես կարող են այս մթնոլորտում շարունակել աշխատանքը եւ կազմակերպել կրթական պրոցեսը․ «Բոլորն իրեն այդ հարցն են ուղղում, բայց չկա պատասխան․․․ իրականում այս պահին իր վիճակն ավելի դժվար է, եւ չգիտեմ ոնց է պատկերացնում իր հետագա աշխատանքը։ Մենք երբեւէ նման իրավիճակում չենք եղել, չէի սպասում, որ կհայտնվեինք այսպիսի իրավիճակում»։

Տնօրենի նոր մրցույթը նշանակված է ապրիլի 14-ին, դրանից հետո ինչպե՞ս է պատկերացնում հետագա ընթացքը, եթե քաղաքապետարանը չփոխի իր որոշումը։ «Ընդհանրապես, չեմ կարող պատկերացնել։ Ես, իրականում, պատրաստ էի գնալ դպրոցից, բայց երեխաներն ավելի կբոյկոտեն, իսկ դա կլինի շատ դաժան․․․։ Թեպետ այդպես որոշել էի, բայց հասկացա, որ դա էլ չի կառավարի իրավիճակը»,-ասում է Մելքոնյանն ու ի պատասխան մեր հարցին՝ նշում, որ քաղաքապետի ներկայացուցչի հետ բանակցությունները, ըստ էության, արդյունք չեն տվել։ Քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանն ասել է, թե սկզբում քաղաքապետը որոշել է իրեն նշանակել, հիմա էլ որոշել է նշանակել Դիանա Մինասյանին․ «Ասացին՝ այդպես են նպատակահարմար գտել, եւ այդպես ճիշտ է։ Ես հիմնավորում ուզեցի, բայց նորից ասացին, որ այդպես են հարմար գտել»։ Ինչ վերաբերում է այս հարցում Տիգրան Ավինյանի դերակատարմանը, ապա քաղաքապետարանում ասել են, որ նման բան չկա։

Հետաքրքրական է, որ 9 հոգուց բաղկացած խորհրդում՝ լիազորի կողմից առաջադրված, քաղաքապետարանի 4 ներկայացուցչից եւ ոչ մեկը, ըստ էության, կրթության ոլորտի հետ առնչվող մարդիկ չեն։ Ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ դպրոցների կառավարման խորհուրդների ներկայիս կառուցվածքը չի կարող աշխատել, քանի որ իշխանություններն օրենքի միջոցով ամեն ինչ արել եւ անում են դպրոցներն իրենց վերահսկելի եւ կառավարելի դարձնելու համար։ Ակնհայտ է նաեւ, որ Տիգրան Ավինյանը, ով հավակնում է դառնալ Երեւանի քաղաքապետ, ընտրություններից առաջ փորձում է ամրացնել իր դիրքերը՝ բոլոր վարչական օղակներում նշանակելով իրեն հավատարիմ եւ յուրային մարդկանց։