Ամեն հարցով գրում են` դիտարկումներ արեք, առաջարկներ ունեք՝ գրեք, այս հարցով չեն գրել

Ամեն հարցով գրում են` դիտարկումներ արեք, առաջարկներ ունեք՝ գրեք, այս հարցով չեն գրել

Այս տարվանից հանրակրթական դպրոցների շրջանավարտներին ոսկե մեդալներ չեն շնորհվի: ԿԳՄՍ-ն, որը ամենամսյա մրցանակներ է սահմանել ուսուցիչների համար, որոնց բաշխման համակարգը խիստ կասկածելի է, որոշել է` աշակերտներին չխրախուսել այլեւս: 

Նշենք, որ սովորողը համարվում է գերազանց առաջադիմություն ունեցող, եթե տվյալ ուսումնական տարվա ուսպլանով նախատեսված բոլոր առարկաներից գնահատվում է տարեկան 9-10 միավոր և 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններից՝ 18-20 միավոր է ստանում: Կրթության 3-րդ աստիճանի ավարտին սովորողին տրամադրվում է «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ:

ԿԳՄՍՆ-ից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս որոշման հետ կապված եղել են քննարկումներ. «Օգոստոս ամսին եղել է քննարկում, կազմվել է նախագիծ, ըստ որի. «Կրթական քաղաքականությունը նաև մեդալ տրամադրելու պրակտիկայից հրաժարվելու սկզբունքային առաջարկ է ներկայացնում, որը տարիների փորձի ու վերլուծությունների արդյունքում կատարված եզրահանգում է, համաձայն որի՝ մեդալի հավակնող սովորողների (ավելի հաճախ նաև՝ սովորողների ծնողների) մոտ գիտելիքի ձեռքբերումը վերածվում է միավորային գնահատականի նկատմամբ ցավագին ընկալումների։ Այն ուսումնառության ավարտին գիտելիքի առումով մրցունակ ու կարողունակ շրջանավարտ ունենալու փոխարեն երբեմն հանգեցնում է լարված ու գնահատականի նկատմամբ գերզգայուն անհատի ձևավորմանը։ Բացի այդ, մեդալը՝ որպես գերազանց ուսումնառության մասին փաստող արդյունք, որևէ կշիռ ու դեր չունի անհատի հետագա ուսումնառության ընթացքում, ուստի դրա տրամադրումը նպատակահարմար չէ»:

Հիշեցնենք, որ հենց նույն օգոստոսի 31-ին տիկին նախարարը պարգևատրել է դպրոցը գերազանցության մեդալով ավարտած շուրջ 133 շրջանավարտի եւ շնորհավորելով նրանց այդ նշանակալի հաջողության համար՝ Ժաննա Անդրեասյանը մասնավորապես ասել է․ «Դպրոցում սովորելու տարիներին դուք ցույց եք տվել այն առաջադիմությունը, հմտություններն ու որակները, որոնց շնորհիվ այսօր արժանանում եք վաստակած մեդալներին: Թող սա լինի ձեր մեծ հաջողությունների սկիզբը: Սա ձեր կատարած մեծ աշխատանքի գնահատականն ու վաստակն է, և այսօր այն տեսանելի է: Լավ սովորելու արդյունքում դուք ստանում եք լրացուցիչ գնահատանք ու մոտիվացիա՝ առաջ գնալու, նոր հաջողություններ գրանցելու և ձեր նպատակներին հասնելու համար: Սա նշանակում է, որ ամեն ինչ հնարավոր է, եթե կա աշխատանք, ձգտում և կամք»: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև շրջանավարտների ուսուցիչներին և նրանց ծնողներին ասելով. «Ցանկացած աշակերտի հաջողությունը նաև ուսուցիչների մեծ աշխատանքի արդյունքն է: Վստահ եմ՝ յուրաքանչյուր ծնողի համար նման պահերը հենց այն երջանկությունն են, որի մասին երազել են»: 

Ամիսներ անց նախարարը մտքափոխվել է եւ հիմա հավանաբար Փաշինյանի ոճով կասեր. «Չկա հարկ վճարող, չկա մեդալ»: Դպրոցի տնօրենները նախարարի այս որոշման մասին երեկ անգամ տեղյակ չէին, ոմանք իմացել են որոշումը ընդունելուց հետո: Ինչպե՞ս արձագանքեցին դպրոցի տնօրեններն այս որոշմանը: 

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի N1 միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Կարինե Շահբազյանն ասաց. «Այո, կարդացել եմ որոշումը: Տալիս են գերազանցիկության վկայական, միայն մեդալն է պակասում, քանի որ դա առավելություն չուներ: Բուհեր ընդունվելիս, եթե մրցակցություն էր լինում, այդ դեպքում դա հաշվի առնում էին: Լավ կլիներ, որ տային, բայց իրականում առավելություն չի»: 

Հարցին՝ աշակերտի համար մեդա՞լը առավելություն ունի. «Ե՛վ դպրոցի համար ունի, ե՛ւ աշակերտի համար ունի: Իհարկե, աշակերտը դա վաստակում է, բոլորս էլ ուրախանում ենք, հպարտանում ենք»: Դպրոցում ունեցե՞լ եք մեդալակիր աշակերտներ. «Ունեցել ենք, իհարկե, դա պարծանք է: Իմ կարծիքն է սա, կարելի էր օրենք հանել կամ որոշում կայացնել նախապես, ասենք` նոր ուսումնական տարվա սկզբին, ոչ թե տարեվերջում: Երեխան տրամադրվել է, որ մեդալ ստանա, ու հանկարծակի փշրվում է իր երազանքը: Կարծում եմ, եթե այս որոշումը լիներ մյուս ուսումնական տարվա համար ավելի ճիշտ կլիներ»: Տիկին Շահբազյանին հարցրեցինք նաեւ «Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելու ծրագրից. «Ես էլ բոլորի կարծիքին եմ, որ հայոցը ավելի ընդունելի է, ավելի ընդհանրական է, քան՝ Հայաստանը, բայց մեր կարծիքը ո՞վ է հարցնում»:

Տավուշի մարզի Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկանուշ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Սկզբունքային ձեւով եթե վերցնենք` հիմա ատեստատները չեն տալիս, ատեստատները էլեկտրոնային են, մեդալներն էլ՝ որեւէ առավելություն չունեն: Աշակերտները դեռեւս չեն արձագանքել, հավանաբար դեռ տեղյակ էլ չեն, որ իրենց կարծիքն իմանամ»: Իսկ ի՞նչ կասեք «Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելու նախագծի մասին. «Ասում են, որ դպրոցները շրջաբերականներ են ստացել, բայց մենք չենք ստացել, հետեւաբար չեմ կարող պատասխանել, քանի որ մեզ որեւէ հրահանգ չի իջեցվել, եթե ըստ իրենց, բառերը նույնն են` տարբերություն չկա, ինչո՞ւ փոխեն: Երբ ստանանք այդ հարցով շրջաբերականը, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»: 

«Մեդալը ուներ առավելություն՝ մոտիվացնելու, խրախուսելու համար, կարծում եմ չէր խանգարի, որ լիներ: Մի բան հիմք ընդունած կլինեն, որ էլ մեդալ չեն տալիս: Ամեն հարցով գրում են` քննարկումներ ու դիտարկումներ արեք, եթե առաջարկներ ունեք՝ գրեք, բայց այս հարցով չեն գրել, միգուցե ե՞ս չեմ հանդիպել»,- ասաց Այգեհովիտի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Մելքումյանը: 

Դիլիջանի Վ. Անանյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոց տնօրեն Սոֆյա Հակոբյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ տեղյակ չի այդ որոշման մասին, եւ չի կարող մեզ հետ խոսել առանց որոշմանը ծանոթանալու: