Կներեք, բայց դուք նաեւ ապուշ եք

Կներեք, բայց դուք նաեւ ապուշ եք

Եթե մեկն ինձ 2018թ. ապրիլին ասեր, որ Փաշինյանի հեղափոխական թիմն իր ամենամեծ ձախողումները կրթության եւ առողջապահության ոլորտներում է անելու, չէի հավատա: Բանն այն է, որ Փաշինյանի գեղեցիկ խոստումների մեծագույն մասը հենց այդ ոլորտների բարելավման մասին էր, եւ մեծ էին սպասելիքները, որ շուտով կունենանք առաջադեմ կրթություն ու բարձրորակ առողջապահություն: Ավաղ, պարզվեց, որ Փաշինյանը Սինգապուրում էլ Փաշինյան է՝ միանգամայն անընդունակ հրաշքներ գործելու: Տնտեսությունից բան չի՞ հասկանում՝ ոչինչ, կսովորի, այդ բացը կկոմպենսացնի ՀԴՄ-ների մասին ունեցած իր պատկերացումներով, արտաքին քաղաքականությունից գլուխ չի՞ հանում՝ ոչինչ, նրա փոխարեն ուրիշները գլուխ կհանեն ու կսրբագրեն խայտառակ կիքսերը, սոցիալական ոլորտից բոբի՞կ է՝ էլի ոչինչ, թոշակառու մարդիկ են, քիչ է մնացել, շուտով կմեկնեն Վերին Երուսաղեմ եւ կհանձնվեն Տիրոջ ողորմածությանը… Իսկ ի՞նչ անել, երբ նա չի կարողանում ըմբռնել կրթության եւ առողջապահության դերը հանրության եւ պետության կյանքում: Իսկ որ դա հենց այդպես է, կարելի է համոզվել նշված ոլորտներում տիրող իրավիճակին մի թեթեւ հայացք նետելով:

Ո՞ւմ է վստահել Փաշինյանը կրթության եւ առողջապահության ոլորտները․ Արայիկ Հարությունյանին եւ Արսեն Թորոսյանին: Այս անուններն ամեն ինչ ասում են արդեն: Եվ ինչպիսի՛ նմանություններ ունեն… Լինելով աղքատիկ երեւակայության տեր՝ նրանք սկսել են ուսումնական հաստատությունների եւ ԲԿ-ների ղեկավարների պաշտոններում իրենց ապաշնորհ կադրերին նշանակելով եւ այսօր էլ առաջ են գնում հանրությանը պերմանենտ մարտահրավերներ նետելով: Իսկ նրանց ամենամեծ նմանությունն էլ այն է, որ ներկայացնում են ՀՀ իշխանությունների սորոսական թեւն իր ողջ պերճանքով ու թշվառությամբ: «Դդում» եւ «Գարդասիլ»՝ ահավասիկ նրանց պատվանունները հանրության շրջանում: Հանրությունը, իհարկե, կարող է եւ սխալվել, բայց այնպես է ստացվել, որ նշված ոլորտներին առնչակից որեւէ հայտնի դեմք դեռեւս մասնագիտորեն չի վիճարկել հանրության «թյուր» կարծիքն այդ 2 նախարարի մասին, որոնցից մեկը կրթության չափորոշիչներն է գցել ոտքին, մյուսը՝ կորոնավիրուսի:

Ժողովուրդն ասում է՝ դժբախ- տությունը միայնակ չի գալիս: Կառավարությունն ու պարետատունը մեկ քայլ անգամ հետ չեն մնում Արսեն Թորոսյանից՝ կորոնավիրուսը չհաղթահարելու գործում, իսկ օրերս էլ իմացանք, որ իր «ղեկավարած» ոլորտում միայնակ մնացած Արայիկ Հարությունյանին փորձում է օգնության ձեռք մեկնել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը՝ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ: Մենք դեռ չգիտենք, թե ինչով կավարտվի ՀՀ ԿԳՄՍՆ կրթական չափորոշիչների զավեշտալի պատմությունը, ու պաշտոնում որքան կձգի Արայիկ Հարությունյանը, իսկ Մխիթար Հայրապետյանն արդեն առաջարկներ է անում 2021թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բյուջետային ծրագրերի վերաբերյալ: Թվում էր՝ ժողովրդի ընտրյալներն առավել շրջահայաց կգտնվեին՝ գործող ԿԳՄՍ նախարարի ապագայի հետ կապված նուրբ հարցում, բայց արի ու տես, որ Մխիթար Հայրապետյանի առաջարկներն ավելի «հեղափոխական» են եւ ավելի վտանգավոր մեր ապագա սերնդի կրթության եւ դաստիարակության համար:

Հայրապետյանի առաջին գյուտը վերաբերում է դպրոցի դռները պատահական անցորդների առաջ, իսկ նրանց մեջ քիչ չեն կասկածելի վարքի տեր մարդիկ, բացելուն: Երիտասարդ հեղափոխականն առաջարկում է վերանայել եւ պարզեցնել ուսուցչին ներկայացվող պահանջները: Ի մասնավորի՝ մի թեթեւ մանկավարժություն պարապել բուհ ավարտածների հետ ու բոլորին շնորհել մանկավարժի որակավորում: Քիչ է ասել, որ սա խիստ վտանգավոր նախաձեռնություն է այն առումով, որ մենք կարող ենք բյուջե փոխանցած մեր հարկերով քանդել մեր տունն ու դպրոցները լցնել երեխաների միտքն ու մարմինը պղծելու ընդունակ օտարոտի երեւույթներով: Այս առաջարկն անընդունելի է նաեւ այն տեսանկյունից, որ սպառնում է միասնական կրթական համակարգի, այդ համակարգում պետության դերի ու նշանակության հիմնաքարերին:

Պատկերացրեք՝ բուհ ավարտած մի մանկապիղծ, իսկ մենք տարատեսակ հատուկ դպրոցներում այդպիսիք ունեցել ենք, մի քիչ մանկավարժություն պարապի եւ մտնի դպրոց՝ խելքին փչածը դասավանդելու: Իսկ մի՞թե մարմնավոր մանկապղծությունից պակաս վտանգավոր է հոգեւոր եւ մտավոր մանկապղծությունը… Եվ սա կարող է համատարած բնույթ ստանալ, եթե Հայրապետյանի նոու-հաուն 88 կողմ ձայներով ներառվի բյուջեի նախագծում եւ ապա՝ ձայների նույն քանակով դառնա օրենք: Մխիթար Հայրապետյանը ստում է՝ ասելով, թե առաջարկը միտված է հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցանելու մոտիվացիայի խթանմանը եւ մանկավարժության ոլորտում մարդկային ռեսուրսների երիտասարդացմանը: Նրա առաջարկը, կրկնում եմ, բացառապես վերաբերում է դպրոցի դռները «նոր Հայաստանի» կյանքին բնորոշ խայտառակությունների առաջ բացելուն:

Հայրապետյանի մեկ այլ առաջարկով՝ աշակերտները ստանալու են հնարավորություն՝ հեռավար կամ առկա եղանակով ընտրելու իրենց ուսումնական հաստատության հետ համագործակցող այլ ուսումնական հաստատություններից առարկաներ եւ կուտակել այդ առարկաների համար համապատասխան կրեդիտներ, որոնք ճանաչվելու են իրենց հիմնական կրթական հաստատության կողմից: «Առաջարկել եմ նաեւ կիրառել կրկնակի կամ համատեղ կրթական ծրագրերի գաղափարը, երբ սովորողները հանդիսանում են երկու կամ ավելի ուսումնական հաստատությունների աշակերտ: Սույն առաջարկն էլ նպատակաուղղված է աշակերտներին, անկախ բնակության վայրից, որակյալ կրթություն ստանալու հնարավորություն տրամադրելուն»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:

Չգիտեմ ինչ ասեմ, բայց ներքին զգացողություն ունեմ, որ այս տեմպերով Մխիթար Հայրապետյանը կարող է առաջ անցնել Մեսրոպ Մաշտոցից, Խաչատուր Աբովյանից, ընդհուպ նաեւ՝ Մակարենկոյից եւ Ուշինսկուց: Եթե վերջիններիս անունները ոչինչ չեն ասում Մխիթարին, ապա կարող եմ նշել, որ Մակարենկոն, օրինակ, բավականին հետաքրքրված էր անտուն, խնամազուրկ երեխաների դաստիարակությամբ, իսկ ահա Ուշինսկին դեմոկրատ մանկավարժ էր՝ իր հայացքներով շատ մոտ ուսուցչապետության բնագավառում հսկայի քայլերով առաջ շարժվող Հայրապետյանին: Ես դժվարանում եմ պատկերացնել, թե ինչպես կարող է իր դպրոցի ծրագրերի տակ կքած աշակերտը սովորել միանգամից երկու դպրոցում:

Բայց Մխիթար Հայրապետյանը, հավանաբար, գիտի, թե ինչպես կարող է Կուրթանի դպրոցի աշակերտը նախ «ջոկել», թե ինչ ուսումնական հաստատություններ են համագործակցում իր հարազատ գյուղի դպրոցի հետ, ապա՝ հեռավար կապվել այդ հաստատության հետ կամ գործուղման մեկնել տվյալ հաստատություն եւ սովորել այդ հաստատությունում դասավանդվող առարկան՝ Հայոց լեզու կլինի, մաթեմատիկա, թե մի ուրիշ բան: Եթե խոսքը վերաբերեր ինչ-որ հատուկ առարկաների կամ այլ օտար լեզու սովորելուն, դեռ կարելի էր հասկանալ, բայց Մխիթարի առաջարկն այդ մասին չէ: Պարզապես պատկերացրեք ընկեր Մարգոյի վիճակը, երբ պարզվի, որ Վարդանիկն իր սեփական ցանկությամբ գործուղման է մեկնել Երեւան՝ դասեր առնելու: Կոնֆլիկտից, կարծում եմ, խուսափել չի լինի: Ընկեր Մարգոն դպրոց կհրավիրի Վարդանիկի հորը, ու կսկսվի… Կրթության պատասխանատուներին դարձյալ «դդում» կանվանեն, կպահանջեն լուծել հարցը, որ ոչ թե աշակերտն ընկնի դեսուդեն՝ որակյալ կրթություն ստանալու համար, այլ որակյալ կրթությունը տանել դպրոցներ, որտեղ կրթվում են մեր երեխաները:
Եվս մեկ դիտարկում, եւ ավարտեմ:

Ինձ հետաքրքրում է նաեւ այն հարցը, թե ինչպես է Մխիթար Հայրապետյանը պատրաստվում պահել մեր՝ հատկապես սահմանամերձ գյուղերի դպրոցները, երբ այսպիսի թեթեւությամբ առաջարկում է զանազան առարկաների այլընտրանքային ուսուցման իր մեթոդը: Ես հասկանում եմ, որ դժվար է, որ շատ գյուղերում մեկ ուսուցիչը մի քանի առարկա է դասավանդում, որ պաշտոնյաների պարգեւատրումներից զատ այլ միջոցներ մեր երկրում չկան, բայց մի՞թե սահմանամերձ գյուղի աշակերտին քաղաքի գույներով հրապուրելն է ելքը: Չեմ կարծում, թե դա խելամիտ քայլ կարող է լինել: Մինչդեռ ժամանակին ամեն ինչ արվում էր, որ ուսուցչական կադրերը շահագրգռված լինեին գյուղական դպրոցներում դասավանդելու եւ գյուղում հաստատվելու հարցում: Այսօր էլ մեր շատ գյուղեր կանգուն են բացառապես դպրոցի եւ ուսուցչի, նաեւ՝ առողջապահության ոլորտի ծառայություններ մատուցող թեկուզ եւ ոչ ժամանակակից բուժհաստատությունների շնորհիվ: Դուք եկել, քանդում եք, որ ի՞նչ անեք: Խնդրեմ, փողոցում ցույց է Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու պահանջով: Ինչո՞ւ եք պահում ու աջակցում մի մարդու, որ իր բացառիկ տգիտությամբ պայքար է սկսել ԿԳՄՍ ոլորտի մասնագետների, գիտնական-դասախոսների, ակադեմիական ինստիտուտների, մանկավարժների, աշակերտների, ուսանողների եւ նրանց ծնողների դեմ: Ձեր գլխին կպնեն ձեր չափորոշիչները, դրանք կրթության եւ առողջապահության հետ կապ չունեն: Կներեք, իհարկե, պարոնայք, բայց տգետ լինելուց զատ, դուք նաեւ ապուշ եք: