Աննան «ցրել» է, իսկ Նիկոլը չի պատասխանել թուրքահայ աղջկան 

Աննան «ցրել» է, իսկ Նիկոլը չի պատասխանել թուրքահայ աղջկան 

Եթե ինչ-որ մեկը սիրում է խոսել կորցրած հողերի մասին, հայ-թուրքական թեմաներով բանավիճելու սիրահար է ու բարձրաձայն զմայլվում է Արարատի պատկերներով, թող օգնի փոքրիկ Թալին Սումեին: Նա երեք տարի առաջ հոր եւ տատիկի հետ թողել է Ստամբուլը, Շիշլի թաղամասը, որտեղ ծնվել է, եւ եկել Հայաստան, հայրենիք: Իր հայրենի երկրի մասին փոքրուց է լսել, վստահ է եղել, որ բոլոր հայերն այստեղ երջանիկ են: 

«Մայրս հորիցս հեռացել էր, ինձանով չէր հետաքրքրվում: Հայրիկս օպերատոր էր, Քամեր Սումեն, կինո էր նկարում, համերգներ: Թուրքիայում մեզ վատ էին վերաբերվում: Հայրս գործ չուներ, հայերի համար գործ գտնելը դժվար է: Ուրիշ հայեր կային, իրենք էլ փախան այլ երկրներ»,- պատմում է 17-ը չբոլորած Թալին Սումեն: Լավ հայերեն է խոսում, հորից էլ լավ: Երեք տարում երեւանյան դպրոցում լեզուն սովորել է ու ապահովում է հոր ու տատիկի կապն արտաքին աշխարհի հետ:  
«Ես որ գնում էի դպրոց, ինձ հետ չէին շփվում: Մի հատ հարեւան կար, թուրք էր, ասում էր` գնացեք մեր երկրից: Տուն ունեինք, ավտոմեքենա ունեինք, սաղ ծախել է պապաս: Մի վրացահայ կին կար, հորս ասեց` 30 հազար տուր, գնանք Վրաստան, գործ անենք միասին: Տվեց պապաս, գնացինք Վրաստան, մեզ խաբեց: Դուրս արեց: Մնացինք դրսում»: 

Վրաստանում Քամերին, Թալինին ու տատիկին ապաստանել է հայ հոգեւորական: Երեք օր են մնացել նրա տանը: Հենց նա էլ ընտանիքին կապել է Հայաստանի դեսպանատան հետ: «Դիմեցինք Հայաստանի դեսպանատուն,- իր պատմությունը շարունակում է Թալինը,- մեզի ասեցին, որ գնանք Հայաստան, որ մեզ օգնելու են, տուն են տալու, դու դպրոց ես գնալու` ինձի ասեցին»: 
Արդեն երեք տարի է, ընտանիքն ապրում է փախստականների հանրակացարանի 18 քառակուսու մեջ: Պայմանները «ճոխ» են` ամսական 20 հազար դրամ երեք հոգու համար, սննդի բարեգործական փաթեթ՝ սովից չմեռնելու համար, գործազրկություն՝ Կարմիր խաչի հովանավորության ներքո: 
Թալինն անձամբ դիմել է հայկական հեղափոխության հեղինակավորներին` զրո արդյունք: Հեղափոխության հեղինակավորների համար Թալինի, նրա հայրիկի ու տատիկի նման մարդիկ ուղղակի գոյություն չունեն: «Աննա Հակոբյանի գրասենյակից զանգել են ու ասել են, որ բնակարանով չեն կարող օգնել, սփյուռքի հանձնակատարին, Նիկոլին դիմեցինք` ոչ ոք չպատասխանեց մեզ, վերջերս ես գրել եմ Էջմիածին, իրենք էլ չպատասխանեցին մեզ»: 

Հետաքրքիր է, որ ազգային խտրականության հողի վրա բախումներից ընտանիքը Երեւանում էլ չազատվեց: Հիմա էլ իրանցիների հետ են կոնֆլիկտները՝ հանրակացարանում բնակվողների: «Մերն ընդհանուր խոհանոց է: Ստեղի պարսիկների հետ ամեն գիշեր կռիվ է»: Բայց ամենաշատը Թալինը լույսի բացակայությունից է նեղվում:  Օրական 5 ժամով լույսերն անջատում են: Ո՛չ դաս սովորել, ո՛չ նկարել Թալինը չի կարողանում: 

Նկարչությունն է նրա օդը, որն օգնում է հաղթահարել գաղթական կյանքի բարդույթները: Նկարներն ուղարկել է «Հրապարակին», ֆեյսբուքցիների համար էլ մի տեսաուղերձ է նկարել, կոչ անելով օգնել իրեն: «Հիմա համաճարակի պատճառով պապաս աշխատանք չունի, անձնագիր չունի, եթե մեզ հայկական անձնագիր տան, էլ ոչ մի բանով չեն օգնելու: Մենք գնալու տեղ չունենք, տատիկս վիրահատված է: Սիրելի հայ ժողովուրդ, եթե կարող եք, օգնեք մեզ՝ այս վիճակից դուրս գանք: Անտարբեր մի եղեք, սիրելի ժողովուրդ»,- ասում է Թալին Սումեն: Ու նրա տեսաուղերձի վերջին բառերը` «սիրում եմ ձեզ ու մեր հայրենիքը», մի տեսակ ոչ համոզիչ են հնչում: