Բոլորը համաձայն են, որ չլինի կայուն մեծամասնություն

Բոլորը համաձայն են, որ չլինի կայուն մեծամասնություն

Վարչապետի որոշմամբ սկսված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում այս պահին երեք հարցի հետ կապված՝ մշակված դիրքորոշում կա։ Դրանք են՝ Հայաստանը մնում է խորհրդարանական հանրապետություն, այսինքն՝ չենք վերադառնում նախագահական կամ կիսանախագահական կառավարման։ Հրաժարվում ենք կայուն մեծամասնության ինստիտուտից, որով մեկ քաղաքական ուժը կարող էր կառավարություն ձեւավորել։ Եվ Գերագույն դատարան ստեղծելու նախագիծը, որն ամերիկյան մոդել է եւ իր մեջ ներառում է սահմանադրական եւ վճռաբեկ դատարանները։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանին հարցրինք, թե իշխող մեծամասնությունը՝ հանձնաժողովի կառավարության ներկայացուցիչ անդամները ե՞ւս համաձայն են այս երեք լուծումներին։ «Չեմ հիշում, որ հանձնաժողովում որեւէ մեկը դեմ քվեարկած լինի։ Իսկ հանձնաժողովի կազմում են նաեւ նախարար, իշխանության ներկայացուցիչ»։

Ի՞նչ է նշանակում՝ հրաժարվել կայուն քաղաքական մեծամասնությունից։ Գործող Սահմանադրության 89-րդ հոդվածը, հիշեցնենք, նախատեսում է կայուն մեծամասնության ինստիտուտ։ «Ինչը նշանակում է, որ այլեւս Ընտրական օրենսգրքով չի երաշխավորվելու կայուն մեծամասնություն»,- մեկնաբանեց Իոաննիսյանը։ Սա վերաբերելու է հետեւյալին։ Ներկա կարգավորումներով նախատեսված է․ եթե մի  քաղաքական ուժ չի հավաքում մեծամասնություն, եւ կոալիցիա չի ձեւավորվում, երկրորդ փուլով հաղթած քաղաքական ուժը ստանում է բոնուսներ՝ մեծամասնություն ունենալու համար։ «Ստացվում է, որ իշխանություն է տրվում մեկին, որն ի սկզբանե ժողովրդի մեծամասնությունը չի ունեցել, էս մեխանիզմը հանում ենք»։ Իոաննիսյանն ընդգծեց, որ սա վերաբերելու է միայն իշխանությանը, ոչ ընդդիմությանը։

Հիշեցնենք․ Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ հայտարարել էր, որ քաղաքական մեծամասնության համար քաղաքական փոքրամասնության կարծիքը պետք է որոշիչ լինի։ Նախատեսվո՞ւմ է նման բան։ Ի պատասխան՝ Դանիել Իոաննիսյանն ասաց․ «Դա Սաքունցին հարցրեք»։