Ես կերազեի․․․

Ես կերազեի․․․

Ես կերազեի, որ իմ երկիրը չլիներ կիսատ-պռատ ժողովրդավարական՝ ինչպես նախկինների օրոք էր: Ես կերազեի, որ իմ երկիրը չլիներ կեղծ ժողովրդավարական՝ ինչպես երբեմնի «փրկիչ ու դուխով» Նիկոլի օրոք է: Ավելի քան երեք տասնամյակ լինելով արևմտամետ՝ այսօր նույնիսկ կերազեի, որ իմ երկիրը լիներ այնպիսին, ինչպիսին Ռուսաստանն է: Ու իմ երկրի ղեկավարն էլ միջազգային ասպարեզում հանդես գար ՌԴ նախագահ Վլ. Պուտինի կերպարով: Ով ավելի քան երկու ժամ պատասխանելով անկախ ամերիկյան լրագրող Թաքեր Կառլսոնի հարցերին՝ բարձր պահեց թե՛ իր և թե՛ իր երկրի հեղինակությունը: Չնայած, ինչպես ռուսական աղբյուրներն են վկայում, մի հարցում սխալվեց՝ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է Ուկրաինայի նախագահ, ազգությամբ հրեա Զելենսկու ոչ թե հայրը, այլ պապը: Ինչն, իհարկե, որևէ չափով չի նսեմացրել այդ հարցազրույցի ազդեցությունն Արևմուտքում:

X սոցիալական ցանցում տեղադրված հարցազրույցը մեկ օրում դիտվել է 155 միլիոն մարդու, կիսվել է 240 հազար անձի կողմից, հավաքել է 874 հազար հավանում (լայք), ունեցել է ավելի քան 33 հազար մեջբերում: 

Բնական է, որ լրիվ հակառակ պետք է լիներ արևմտյան երկրների գործող և նախկին (Մեծ Բրիտանիայում Բորիս Ջոնսոնն, օրինակ) ղեկավարների վերաբերմունքը: Որոնց կարծիքով Պուտինը փորձել է պահպանել իր դեմքը՝ ստեր հորինելով: Եթե հարցազրույցը տեղի ունենար նախքան 44-օրյա պատերազմը՝ ես էլ, ենթադրաբար, կարող էի նույնը մտածել: Բայց այդ պատերազմի ընթացքում ու դրանից հետո Արևմուտքի երկդիմի քաղաքականությունը տեսնելուց հետո միայն միամիտը կարող է հավատալ արևմտյան գործիչներին: Իսկ ռուս-ուկրաինական և հայ-ադրբեջանական հակամարտությունների և դրանց նկատմամբ վերաբերմունքների զարգացումներին տեղյակ մարդուն մնում է ընդամենը զարմանալը… Որովհետև կեղծն անց է կացվում ճշմարտության տեղ, իսկ ճշմարտություն բարձրաձայնողները վերածվում են վտարակների (իզգոյների): Ինչպիսին, օրինակ, նույն այդ լրագրողն է, որին քիչ է մնում համարեն ռուսական լրտես: Ով, ի դեպ, փորձում էր համոզել Պուտինին, որպեսզի վերջինս թույլատրեր որպես լրտես դատապարտված ամերիկյան լրագրողին տանել իր հետ հայրենիք: Ինչը բավական կոռեկտ մերժվեց՝ ասելով, որ դրանով զբաղվում են երկու երկրների հատուկ ծառայությունները:      

Որպեսզի անհիմն չհնչի ասվածը՝ բերեմ մեկ-երկու օրինակ: Արևմտյան խորհրդարանական կառավարմամբ երկրներից մեկի ղեկավարին հարցնում են, թե ինչպես է պատահել, որ  նացիստական Գերմանիայի հատուկ ծառայության նախկին ուկրաինացի աշխատակիցը հայտնվել է երկրի խորհրդարանում Ուկրաինայի նախագահի այցի կապակցությամբ: Եվ դա բավարար չէ, պատգամավորները հոտընկայս և ծափերով դիմավորել են նրան: Հարցին կոնկրետ պատասխանելու փոխարեն կառավարության ղեկավարը բացում է Ռուսաստանին ուղղված մեղադրանքների տոպրակը: Մեկ այլ երկրի նախկին ղեկավարը (Բորիս Ջոնսոնը) խոսում է Ուկրաինայի հաղթանակի մասին այն դեպքում, երբ արևմտյան բոլոր լուրջ վերլուծաբաններն արդեն վաղուց կորցրել են այդ հույսը: Աչքիս այդ անձն առաջնորդվում է «հույսը վերջինն է մեռնում» տեսլականով: Մեկ այլ երկրի ղեկավարի առողջության մասին հարցին պատախանելու փոխարեն աշխատակազմի խոսնակը լքում է լրագրողներին: 

Ի դեպ, երբ արևմտյան ղեկավարները հիմնավորում են հսկայական սպառազինության մատակարարումը Ուկրաինային վերջինիս տարածքային ամբողջականությունը (արցախցիների իրավունքների ու ՀՀ տարածքային ամբողջականության վրա թքած ունենալով) պահպանելու առումով, նրանք մոռանում են, որ այդ երկրի 1991 թվականի անկախության հռչակագրում ամրագրվել էր նրա չեզոք կարգավիճակի վերաբերյալ դրույթը: Ինչն այնուհետև սահմանադրական փոփոխությամբ հանվել է, և դրա տեղը մտցվել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու տեսլականը: Չնայած դա հակասել է վերը նշված դաշինքը չծավալելու վերաբերյալ՝ նախորդ դարի վերջում Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության միջև ձեռք բերված պայմանավորվածության ոգուն: