Նրանք ոչինչ չեն անում` սպասում են փրկիչներին, օգնության են կանչում լաոներին
Հաստատ բոլորդ հիշում եք մեր, այսպես ասած, կարկառուն ընդդիմադիրների վերջին հանրահավաքները, որով վերջնականապես հիասթափեցրին, ջախջախեցին հավաքական հայ քաղաքացուն՝ նրան ստիպելով համալրել ամեն ինչից ու բոլորից հիասթափված, սեփական երկրի եւ անգամ սեփական ճակատագրի հանդեպ անտարբեր հայ բնակչության շարքերը։
Եվ խնդիրն այն չէ, որ լաոն այդպես էլ չզարթնեց կամ մասամբ զարթնեց եւ պայքարի չելավ ներքին տականքի դեմ, այլ այն, որ դարեր ի վեր հայը ոչ թե ինքն էր փորձում ելք գտնել, մի բան անել, պայքարի ելնել իր թշնամու դեմ, այլ հույսը դնում էր ուրիշների վրա, սպասում էր փրկիչների։ Ձեռքերը ծալած, նստած, խնդրում, աղաչում էր, որ գան իրեն փրկեն, իր փոխարեն զենք վերցնեն, իր փոխարեն ուրիշներն իրենց կյանքը վտանգեն, վիրավորվեն, զոհվեն, որպեսզի փրկեն իրենց` այդ «անկյալ» խեղճ ու ողորմելիներին։
Զավեշտաողբերգականն այն է, որ անգամ քնած փոքրիկին, մանկանը, լաոյին էին խնդրում, որ զարթնի, վեր կենա ու մեզ ջնջել ցանկացող սուլթանի, թուրքի հարցերը լուծի, թշնամու հերն անիծի։
Մյուս երգերն էլ, որ հայի ազգային մտածողության, աշխարհընկալման արդյունք են, դարձյալ նույն ոգով են արարվել։ Զոհված, նահատակված հայոց քաջերին էին դիմում, որ գերեզմանից ելնեն ու իրենց փոխարեն կռվի նետվեն, պայքարեն։ Ահավասիկ. «Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա», «Ելիր, Գեւորգ, ելիր, դուշմանը շատ է, հայոց ազգի համար մեռնելը փառք է», «Ելիր, դաշնակ Դրո, բազկիդ ուժը բեր, հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր...», ու այսպես շարունակ։
Այս երգերը, մեր ազգային երգարվեստի այս գոհարները, մեկ դար առաջ են ստեղծվել։ Իրոք հրաշալի երգեր են, անկրկնելի երաժշտությամբ։ Բայց խնդիրն այդ երգերի տեքստերն են, երգերի բովանդակությունը, որոնք բնութագրում են կյանքի, ապրելու իրավունքի, գոյապայքարի մասին հայի պատկերացումները։
Ցավն այն է, որ մեկ դար առաջ ապրած հայի կենսափիլիսոփայությունը կյանքի, գոյության պայքարի նկատմամբ բացարձակապես չի փոխվել։ Այսօր էլ հայը պարապ նստած, իր դժբախտությունների համար մեղադրում է բոլորին` թուրքին, ռուսին, ֆրանսիացուն, անգլիացուն, ջհուդին, բայց ոչ երբեք իրեն, որ մատը մատին չի խփում իր ապրելու իրավունքի հսմար։ Որ իր գլխավոր թշնամուն, ներքին տականքին, ներքին հրեշին թողած, ուրիշներին է մեղադրում։ Իրեն անմիջապես հոշոտողի դեմ բացարձակապես ոչինչ չանելով, լաոներին է խնդրում զարթնել, անցած-գնացած հերոսների հոգիներին է օգնության կանչում, դեռեւս սպասում է փրկիչների, մեղադրում Պուտինին, ալիեւ-էրդողաններին, ողջ աշխարհի ողջերին ու մեռելներին։
Պայքարի միակ ձեւն էլ եթերները, տպագիր ու էլեկտրոնային մամուլը հեղեղած ճառերն ու վերլուծություններն են, որոնք գերազանցապես լրագրողական, տեղեկատվական ժանրից են` Նիկոլն ասաց, Նիկոլն այսպես արեց, Նիկոլն այսպես է անելու։ Ու ոչ մի խոսք, թե ինքը կամ իրենք ինչ պիտի անեն, որպեսզի ազգասպանը չկարողանա իրագործել իր հերթական ստոր արարքը։
Չկա իր համար, իր ընտանիքի, իր զավակի կյանքի, ներկայի ու ապագայի համար պայքարող անհատը, քաղաքացին։ Ոչ մեկն անձամբ ոչինչ չի անում, անգամ ամենափոքր տրամաչափի սրիկայի ու ստահակի դեմ չի պայքարում, այլ սպասում է, որ դա ուրիշներն անեն, օտարները։ Իր կնոջը կամ աղջկան հրապարակավ քաշքշած ու ծեծած պագոնավորից անգամ, որպես տղամարդ, վրեժ չի լուծում։ Չի ասում` շան որդի, դու ո՞վ ես, ի՞նչ իրավունքով ես անպատվում, վիրավորում իմ կնոջը կամ աղջկան։
20-րդ դարի սկզբին ցեղասպանության օրերին հայն ապրում էր կյանքի, իր իրավունքների մասին նույն մտածողությամբ ու հոգեբանությամբ, ինչպես ապրել էին իր նախորդները, իր նախնիները։ 21-րդ դարի, մերօրյա հայն ապրում է նույն մտածողությամբ ու գաղափարներով, ինչ մեկ դար առաջ ցեղասպանվող հայը... Զարթիր, լաո...
Ոչ թե լաոն, այլ դու զարթնիր, ոչ թե դաշնակ Դրոն ու Անդրանիկը պիտի ելնեն գերեզմաններից, գրողը տանի, այլ դու՝ ինքդ, դուրս եկ քո պահածոյացված մտածողությունից, քո պատյանից, համազգային դարձած քո տգիտության սարդոստայնից։
ՀԳ. Չնայած ինքս ինձ հաճախ էի մտորում ներազգային մեր խնդիրների ու ցավերի մասին, որոշ հարցերի մասին գրում։ Երբեմն էլ թողնում վաղվան կամ պարզապես մոռանում։ Բայց այս հոդվածը գրելու առիթն իմ ընկերներն են։ Նրանց` մեր ժամանակների մեծ գիտնական, քաղաքագետ Արա Հարությունյանի ու իմ հայրենակից Արամ Խաչատրյանի՝ վերջերս արած գրառումներն առիթ դարձան սույն հոդվածը գրելու համար։
Վարդգես Օվյան
Կարծիքներ