Սահմանադրությունը որպես սպառողական ապրա՞նք

Սահմանադրությունը որպես սպառողական ապրա՞նք

Սահմանադրության՝ նոր ժամանակներին համարժեք դառնալու «հանճարեղ» միտքը, աչքիս՝ գեներացվել է նորաձեւության աշխարհից: Ինչը ենթադրում է, որ ժամանակ առ ժամանակ այն պետք է հիմնովին փոխվի: Բայց, ի տարբերություն մոդայի, այն մեկ կամ երկու տասնամյակ անց չի կարող վերադառնալ նախկին ձեւաչափերին: Փաստորեն, դա է սահմանադրության եւ մոդայի էական տարբերությունը: Իսկ եթե վերացարկվենք այդ տարբերությունից, ապա, հետեւելով մոդայի տեսությանը, վստահորեն կարող ենք պնդել, որ սահմանադրությունը պետք է դիտարկվի որպես ճիշտ այնպիսի ապրանք, ինչպիսին, օրինակ, կանացի գլխարկն է: Եվ եթե որեւէ մեկը դժգոհի այս համեմատությունից, ապա թող հիշի, որ նոր ժամանակներին ամենից ավելի համապատասխանելը հենց մոդայի առանցքային առանձնահատկությունն է: 

Իսկ եթե վերն ասվածը չհամոզի այդ մեկին, ապա ես նրան կհասցեագրեմ երբեմնի օլիգարխ, իսկ այսօր ընդամենը, իր ասելով, ԱԺ պատգամավոր Սուքիասյան Խաչատուրին։ Ով, որպեսզի հիմնավորեր նոր ժամանակներին համարժեք լինելու միտքը, նոր սահմանադրություն ունենալու ցանկությունը համեմատել էր «Այֆոն»-ի նոր մոդել ունենալու թրենդին: Քանի որ խոսք գնաց հենց նրա առումով, ապա հիշեցնեմ, որ նախորդ օրը նա դրվատանքի խոսքեր էր ասել ինչ-որ մասնագետի մասին՝ առանց անունը տալու: Եվ ինքն իր մասին խոսելով՝ ասել էր, որ ինքն էլ տնտեսության մասնագետ է: Դրան համաձայն լինելով՝ ինձ թույլ տամ զարմանալու, որ ինքը, չլինելով իրավաբան կամ քաղաքագետ, փորձել է բնութագրել իրավաքաղաքական այնպիսի փաստաթուղթ, ինչպիսին երկրի հիմնական օրենքն է: Ու հռետորական հարց հնչեցնեմ՝ իսկ ո՞ւր մնաց կարծիք հայտնելու համար համապատասխան մասնագիտական կարողություններ ունենալու պահանջը: Հատկապես որ դրանց առկայության պայմաններում դժվար թե սահմանադրությունը համեմատվեր այնպիսի սպառողական ապրանքի հետ, ինչպիսին սմարթֆոնն է:   

Հետաքրքիր է, որ լրագրողների հետ զրույցում նա սկզբում փորձեց ամբողջովին նոր սահմանադրություն ունենալու՝ Նիկոլի ցանկությունը հիմնավորել այլ պետությունների օրինակներով, բայց չհասցրեց դա անել, քանի որ լրագրողներից մեկն անմիջապես դեմ տվեց Միացյալ Նահանգների օրինակը: Ճիշտն ասած, եթե ես լինեի լրագրողների շարքում, ապա կպահանջեի տալ երկու-երեք երկրի անուն: Կհիշեր երեւի Ֆրանսիայի օրինակն ու վերջ: Ինչ մնում է Միացյալ Նահանգներին, ապա այդ երկրին ինքն իրավունք վերապահեց ունենալու համարյա երկուսուկես դար առաջ գրված Սահմանադրություն: 

Փորձեմ լրագրողի հարցին պատասխանել ես: Եվ այսպես, նախորդ դարի երկրորդ կեսին ամբողջովին նոր սահմանադրություն են ընդունել, նախ, այն երկրները, որոնք ազատվել են տոտալիտար ռեժիմներից՝ Գերմանիա, Ճապոնիա, Իտալիա, Պոտուգալիա եւ այլն: Երկրորդ․ դրանք ասիական եւ աֆրիկյան նորանկախ պետություններն էին. Հնդկաստան, Սինգապուր, Մալայզիա, Անգոլա, Ալժիր եւ այլն: Երրորդ․ դրանք կայունություն ձեռք բերած եւ կամ մեծ չափով ժողովրդավարացված պետություններն էին՝ Ֆրանսիա, Իրան, Բրազիլիա, Արգենտինա եւ այլն: Չորրորդ․ 21-րդ դարի շեմին նոր սահմանադրություն են ընդունել նախկին սոցիալիստական ճամբարի երկրները, որոնք Արեւմուտքի օգնությամբ անցում են կատարել տնտեսական եւ քաղաքական ազատականացման: Հինգերորդ․ արդեն 21-րդ դարում նոր սահմանադրություն են ընդունել հիմնականում հետխորհրդային երկրները, ինչպես նաեւ արաբական աշխարհի երկրները, որոնք մահմեդական իրավահարաբերություններում ներառել են քաղաքական ազատականացման դրույթներ:

Ինչպես երեւում է վերը բերված ցուցակից, Հայաստանը նույնիսկ տեսականորեն չի տեղավորվում որեւէ խմբի կազմում (որպես 5-րդ խմբի անդամ՝ արդեն առկա է նոր սահմանադրություն): Ինչը վկայում է, որ, նախ, մեր երկիրն այսօր ամբողջովին նոր սահմանադրություն ունենալու կարիք բացարձակապես չունի: Եվ երկրորդ՝ այդ պահանջը գալիս է ոչ թե երկրի ներսից, այլ պարտադրված է թշնամու կողմից, որքան էլ որ նիկոլականների կողմից ասվի հակառակը: Եվ ստացվում է, որ այս հարցում եւս մերն ուրիշ է: Հատկապես որ մենք ձգտում ենք ոչ թե ուժեղանալ, ինչպես «նախկին» օլիգարխն էր լրագրողներին դաս տալիս, այլ ստանալ խեղճուկրակ գոյատեւելու իրավունք՝ կադաստրի թուղթ: Եվ, ընդհանրապես, թշնամու օրակարգով շարժվող եւ ըստ այդմ՝ պարտվողականությունը քաղաքականության օրակարգ դարձրած իշխանությունը չի կարող նպաստել իր ղեկավարած պետության ուժեղացմանը, որքան էլ այդ իշխանության առանձին ներկայացուցիչները խոսեն դրա անհրաժեշտության մասին: