Եվ մի տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա զմեզ ի չարեն
Նիկոլ Փաշինյանի նշանակած պաշտոնյաները նրա կրկնօրինակն են. նյութապաշտ եւ անսկզբունք, նրանց մտածմունքը միայն փողն է, նրանք անընդհատ մտածում եւ խոսում են փողի մասին, այնտեղ են, որտեղ փող կա, եւ երբեք իրենց չեն ծանրաբեռնի հանրային օգտակար որեւէ գործով, որովհետեւ դրանից իրենց անձնապես որեւէ օգուտ չկա: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Մանասյանը բացառություն չէ: Նրան երբեք չի կարելի անվանել մարդու իրավունքների պաշտպան, նա ընդամենը այդ պաշտոնը զբաղեցնողն է:
ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Մանասյանը փետրվարի 7-ին մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը՝ կենսաբժշկության մեջ II» ծրագրի համակարգման խորհրդի երկրորդ նիստին եւ հանդես եկել բացման խոսքով։ Այդ միջոցառումը նվիրված է եղել Օվիեդոյի կոնվենցիայի հնարավոր վավերացմանը, եւ Անահիտ Մանասյանն իր խոսքում ասել է. «Օվիեդոյի կոնվենցիան այն փաստաթուղթն է, որը մարդու իրավունքներին վերաբերելի շատ կարեւոր հարցեր է կարգավորում։ Միեւնույն ժամանակ, այն վավերացնելուց առաջ անհրաժեշտ եմ համարում իրազեկման արշավների իրականացումը՝ հանրության շրջանում կոնվենցիայով երաշխավորված իրավունքների մասին իրական պատկերացում ձեւավորելու համար»։ Քանի որ այս կոնվենցիայի վավերացումն առաջ են մղում եվրոպական կառույցները, Անահիտ Մանասյանի խոսքը պետք է հասկանալ այսպես. մինչեւ կոնվենցիայի վավերացումը պետք է մեզ փող տաք, որ մենք իրազեկման արշավներ իրականացնենք: Արշավել չէ, արշավներ, այսինքն՝ ոչ թե փող, այլ շատ փող: Այնուհետեւ Մանասյանը փող է ուզել ինչ-որ ծրագրերի եւ դասընթացների համար՝ ասելով. «Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել «HELP-ը կենսաէթիկայում լրագրողների համար» վերապատրաստման դասընթացի շարունակականության անհրաժեշտությունը։ Առանցքային է նաեւ այլ թիրախային խմբերի համար համապատասխան վերապատրաստման դասընթացների իրականացումը»:
Անահիտ Մանասյանի ուշքն ու միտքն արշավներն են, ծրագրերը, դասընթացները եւ նման այլ կարեւոր միջոցառումները, քանի որ դրանց համար եվրոպացիներից կարելի է փող պոկել, որովհետեւ ՄԻՊ աշխատելը ոչ թե մարդկանց խախտված իրավունքները պաշտպանելու, այլ այդ անվան տակ եվրոպական կառույցներից փող պոկելու մասին է: Նրան երբեք չի հետաքրքրում, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, նա երբեք չի այցելի քաղբանտարկյալներին, չի խոսի այն մասին, որ արդեն երկու տարուց ավելի անիմաստ եւ բացառապես Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով ազատությունից զրկված է Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, քաղաքական հետապնդման են ենթարկվում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ քաղհասարակության ներկայացուցիչ Նարեկ Մալյանը, Արցախի բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: Հայաստանում են գտնվում 100 հազարից ավելի արցախցի փախստականներ, որոնց մի մասը եւս ենթարկվում է քաղաքական հետապնդման, մի մասը գտնվում է սոցիալական ծանր պայմաններում, շատերն այդ պայմանների ճնշման տակ լքում են Հայաստանը: Անահիտ Մանասյանին այդ հարցերն ընդհանրապես չեն հետաքրքրում, որովհետեւ դրա մեջ փող չկա, եւ, բացի այդ, նման հարցերի վերաբերյալ մտածելը կամ առավել եւս արտահայտվելը կարող է առաջացնել իր անմիջական վերադասի` Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, Փաշինյանը նրան կարող է ազատել աշխատանքից: Եթե Մանասյանն իմանար, որ ինքը ՄԻՊ պաշտոնը լքելուց հետո կնշանակվեր ԱԱԾ հակահետախուզության պետ, հնարավոր է, որ ինչ-որ ակտիվություն դրսեւորեր, բայց, ըստ ամենայնի, նման վստահություն դեռ չկա:
Նախորդ օրը տեղի ունեցավ մարդու իրավունքների ոտնահարման մեկ այլ հրապարակային եւ ցուցադրական ակտ: Իշխանությունների ճնշման տակ Երեւանի ավագանու երկու անդամ ստիպված եղան փոխել իրենց քաղաքական դիրքորոշումը եւ կատարել իշխանության կամքը: Արդյոք Անահիտ Մանասյանը հանդիպե՞ց «Հանրային ձայն» կուսակցության ավագանու անդամների հետ եւ փորձե՞ց հասկանալ, թե ինչպիսի ճնշում է եղել նրանց վրա` ֆիզիկակա՞ն, թե՞ հոգեբանական, նրանց սպառնացել են ոչնչացնե՞լ, թե՞ ուղղակի գնել են, գուցե երկուսը միասին: ՄԻՊ-ը չանդրադարձավ ավագանու երեք ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելուն, մինչդեռ դա մարդու իրավունքի` ընտրական իրավունքի կոպիտ ոտնահարում է: Հազարավոր երեւանցիներ նրանց էին ընտրել ավագանու անդամ, եւ նրանց զրկելով ավագանու մանդատից՝ փաշինյանա-ավինյանական վարչախումբը ոտնահարեց այդ մարդկանց ընտրական իրավունքը, որոշեց, որ նրանք չպետք է լինեն ավագանու կազմում:
Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանից մինչեւ մեր օրերը Հայաստանի ՄԻՊ պաշտոնը զբաղեցրել են շատ տարբեր մարդիկ, ամենատարբեր կենսագրությամբ: Բնական է, որ իշխանությունները միշտ ցանկացել են, որ այդ պաշտոնում նշանակեն մարդկանց, ովքեր լոյալ կլինեն իրենց գործունեության նկատմամբ, գուցե քննադատեն, բայց՝ չափի մեջ: Սակայն մարդիկ, ովքեր զբաղեցրել են այդ պաշտոնը, հասկացել են, որ իշխանության ցանկությունը մի բան է, բայց, ի վերջո, իրենք էլ են մարդ, իրենց էլ է մայր լույս աշխարհ բերել եւ լույս աշխարհ է բերել ոչ ամենեւին նրա համար, որ դառնան ինչ-որ մեկի կամակատարը, որ իրենք էլ պետք է ինքնուրույնություն դրսեւորեն, բնավորություն ցույց տան, որովհետեւ ՄԻՊ-ի պաշտոնից հետո էլի կյանք կա, այդ պաշտոնում իրենց նշանակողն էլ մի օր իր կարիերան կավարտի: Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Արման Թաթոյանը Հայաստանի մարդու իրավունքների այն պաշտպաններն են, ովքեր ոչ միայն չդարձան օրվա իշխանության ձեռքի գործիքը, այլեւ իրենց քաղաքացիական դիրքորոշման շնորհիվ նույնիսկ պաշտոնազրկումից հետո կարողացան շարունակել իրենց հանրային գործունեությունը:
Նիկոլ Փաշինյանն իր նշանակած բոլոր կադրերին ուզում է դարձնել իր նման նիկոլ, ու այդ հարցում նա զգալի հաջողություններ ունի: ՄԻՊ պաշտոնը զբաղեցնող Անահիտ Մանասյանը դրա լավագույն վկայությունն է:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ