Մեզ պետք չէ հերոսացնել, մեզ հարգել է պետք․ հարկ վճարող քաղաքացին՝ Փաշինյանին

Մեզ պետք չէ հերոսացնել, մեզ հարգել է պետք․ հարկ վճարող քաղաքացին՝ Փաշինյանին

Հայաստանի հարկ վճարողը ՀՀ իշխանությունների կողմից տարիներ շարունակ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ընկալվել է որպես պետությանը խաբելու պատրաստ խարդախ կամ, լավագույն դեպքում` կթու կով, որից ինչքան հնարավոր է, պետք է քերել։ Խոսքը, իհարկե, տնտեսվարողների մասին է։ Իսկ սովորական, հարկ վճարող քաղաքացին միշտ եղել է ապուշի դերում, որի ձեռքում ոչինչ չկա կամ, ինչպես Փաշինյանն է դիպուկ բնորոշել՝ տուգանքի մատերիալ է։ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանից պարզվեց, որ ապուշն ու պոտենցիալ իրավախախտն իրականում հերոսներ են, որովհետեւ առանց նրանց չկա ոչինչ։

«Չկա հարկ վճարող քաղաքացի՝ չկա բանակ, չկա հարկ վճարող քաղաքացի՝ չկա բանակ, կոշիկ, շոր, ավտոմատ, փամփուշտ, տանկ, հրացան, ոչ մի բան, պագոն, աշխատավարձ, պարգեւավճար, մեդալ․․․ ՀՀ թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է, որովհետեւ առանց նրա․․․ չկա պետություն, չկա բանակ, չկա զինվոր, չկա լեյտենանտ, չկա կապիտան, չկա գեներալ, ոչ մի բան չկա․․․ Եռաբլուրը հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն ա»,- ՔՊ-ական պատգամավորի հարցին պատասխանելիս ասում էր Փաշինյանը՝ կամաց էքստազի մեջ ընկնելով։

Տեղ-տեղ այդ ճառը հիշեցնում էր հայտնի մանկական ոտանավորը՝ «Տունը, որը կառուցել է Ջեքը», կամ ոջիլի մասին անեկդոտը։ Եվ իր բոցաշունչ ելույթն այնքան էր նրան դուր եկել, որ առավոտյան՝ արդեն սթափ գլխով, վերախմբագրել էր այն ու տեղադրել իր ֆեյսբուքյան էջում՝ որպես կարեւոր, ինչպես Սովետում կասեին՝ «ծրագրային» ելույթ։

«Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին է: Նրա վճարած հարկերի շնորհիվ են կառուցվում եւ գործում դպրոցները, կառուցվում մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը: Նրա վճարած հարկերի շնորհիվ են աշխատավարձ ստանում բոլոր ուսուցիչները, բոլոր զինվորները, սպաները, գեներալները, բոլոր դիվանագետները»,- գրում է Փաշինյանը:

Իհարկե, այստեղ նախօրեի բոցերն էլ չկան ու, ամենակարեւորը՝ միմիկան, ծիծաղն ու ժեստիկուլյացիան, կրկնությունները, որոնք Փաշինյանի դեպքում շատ արտահայտիչ են՝ ինչպես Ֆիդել Կաստրոյի մոտ էր։ Օրինակ, «ոտանավորի»՝ բանակին վերաբերող հատվածում նա երեք անգամ կրկնեց՝ «չկա բանակ, չկա բանակ, չկա բանակ»․ երեւի ենթագիտակցության մեջ բանակ չլինելու միտքը նրան շատ է դուր գալիս։
Փաշինյանի չուզողներն այս ելույթն անմիջապես սեւացրին։ «Էս գժանոցից ազատվել է պետք, որովհետեւ մի ամբողջ ազգ խելագարության շեմին է»,- գրել է «Հայոց վահան» ջոկատի հրամանատար Արթուր Վարդանյանը, ով դատվել է Սերժ Սարգսյանի նկատմամբ մահափորձ նախաձեռնելու գործով։ Ոմանք էլ, ինչպես «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, միանգամից հաշվել էին, որ հարկ վճարող քաղաքացու լուման չնչին է։ «Հայաստանի բյուջեի մոտ 75%-ը վճարվում է բիզնեսի կողմից, իսկ քաղաքացիների կողմից վճարվող եկամտային հարկն էլ փաստացի վճարում է բիզնեսը։ Հայաստանում անձամբ հարկ վճարող քաղաքացի գրեթե չկա»,- տարրական տնտեսագիտական փաստ էր նա արձանագրել իր ՖԲ էջում։

Ինչպե՞ս են վերաբերվում Փաշինյանի արտահայտած մտքերին տնտեսվարողները։ Մեր զրուցակիցը, որը տարիներ շարունակ բիզնես է վարում այս երկրում, կարծում է, որ հարկ վճարողին առհասարակ չարժե հերոսացնել, որովհետեւ հարկ վճարողը հենց այնպես չի տալիս այդ հարկը, այլ փող է աշխատում, եկամուտ է ստանում։ Բայց կարելի է նրա հանդեպ էլեմենտար հարգանք ունենալ, ինչը մեր երկրում չկա։ «Հարկ վճարողի համար նախ կարեւոր է, որ երկիրը հարկերի տեսանկյունից լինի կանխատեսելի։ Իր վաղվա եկամուտը հաշվարկելիս, բիզնես պլան կազմելիս հարկ վճարողը, անհատ ձեռներեցը կամ կազմակերպությունը պետք է կարողանա կանխատեսել, թե մոտակա 5 տարում իրեն ինչ է սպասվում, որ վաղը մի նոր օրենք չեն ընդունի, որն իր բիզնեսի վրա ազդի։ Մենք հիմա ավելի շատ դրա կարիքն ունենք, քան հերոսանալու կամ խոսքերի»,- ասաց մեր զրուցակիցը, որը դեմ է իր անունը հրապարակվելուն։ Նա օրինակ է բերում շինարարների մասով՝ հանկարծ պարզվեց, որ քաղաքապետարանն ավելացրել է ճարտարապետաշինարարական առաջադրանք եւ շինթույլտվություն ստանալու համար սահմանված վճարները, ինչն անկանխատեսելի էր։ «Մարդիկ իրենց բիզնեսը հաշվարկելիս չգիտեին, որ այդքան ծախս են անելու։ Գուցե, եթե նախապես իմանային, չմտնեին այդ գործի մեջ։ Կամ՝ Հայաստանում, գիտեք՝ ում ձեռքը գումար է ընկնում, ավտոների ներմուծմամբ է զբաղվում։ Մեկ էլ հանկարծ պարզվեց, որ ովքեր ֆիրմայով վաճառք են կատարում, 20 տոկոս վերադիր են տալիս, ավել գումար։ Կարելի էր նախապես հայտարարել, որ նման որոշում է լինելու, որ մարդիկ իմանային՝ իրենց ինչ է սպասվում։ Ասենք, մարդը մեքենա է բերել, վաճառում է 10 հազար դոլարով, բայց հարկայինն ասում է՝ 12 հազարով ձեւակերպի, որ 2 հազար մեզ տաս։ Ընդ որում, այս երկու որոշումներն էլ ընդունվել էին, երբ արդեն շինարարական բումն ու ավտոների պահանջարկը նվազել էին, ե՛ւ տները չեն ծախսվում, ե՛ւ ավտոները»։

Այն, որ տնտեսվարողները, որպես կանոն, չեն ցանկանում, որ իրենց անունները հրապարակենք, եւս ցույց է տալիս, որ պետությունը նրանց ամենեւին չի վերաբերվում որպես հերոսների։ Գործարար, «Կասեցում»» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը հումորով ու ծիծաղով ասում է․ «Հարկ վճարողը հերոսն է էս երկրի։ Ճիշտ է, նորմալ է։ Էս երկրում բոլոր հերոսներին փուռն են տալիս, հիմա հարկ վճարողի հերթն է։ Իրականում հարկ վճարողը մեր երկրում քերթելու առարկա է, օրական հարկերը բարձրացնում են։ Բոլորին հերթով քերթում են՝ տնտեսվարողին ու քաղաքացուն, ի՞նչ տարբերություն։ Կամ՝ էդ նույն հերոս հարկ վճարողի հարկերն իրենք տալիս են քամուն։ 800 հազարով, ասենք, հեծանվային կայան են առնում, օրինակ։ Բառերի կույտեր են ասում, էն, որ քեֆի ժամանակ խմած ինչ-որ կենաց են ասում, ուզում ես ասես՝ ապեր, նստի, հավեսդ չունեմ»։

Թե ինչ գումարներ ու ինչ չափերի են քամուն տվել Փաշինյանն ու նրա թիմը՝ առանց հարկ վճարողին հարցնելու, ինչ անիմաստ ու կամայական ձեւով են փողերը ծախսում, երկար կարելի է թվարկել՝ Սնուփ Դոգի համերգ, անիմաստ գործուղումների եւ անվտանգության ապահովման ծախսեր, թանկարժեք ավտոմեքենաներ, կառավարական ամառանոցների ծախսեր, որոնք այս տարի ավելացել են 60 մլն դրամով՝ 11 տոկոսով, մինչդեռ բանակի ծախսը, որի մասին գոռում է Փաշինյանը, անցյալ տարվանից ընդամենը 7 տոկոսով է ավելացել։ Բա ինչո՞ւ Փաշինյանն այս ամենի մասին հարկ վճարող «հերոսի» կարծիքը չի հարցնում։ Ոչ միայն կարծիքը չի հարցնում, անգամ տեղյակ չի պահում հարկ վճարող «հերոսներին» իր կատարած ծախսերի մասին։ Կառավարության նիստերի ժամանակ հարցերի մեծ մասը, որոնք գումարների հատկացմանն են վերաբերում, սղղացնում են «չզեկուցվողի» անվան տակ։