Բաց նամակ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին 

Բաց նամակ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին 

Հարգելի՛ տիկին, Դուք բավական ժամանակ է, ինչ աշխատում եք ՀՀ կառավարությունում՝ իբրեւ վարչապետի մամուլի քարտուղար, եւ, ենթադրաբար, հիանալի տիրապետում եք այն լեզվին, որով արտահայտվում է նա։ Հույս ունեմ, որ հաղթահարում եք նաեւ այն լեզվական խոչընդոտները, որ առկա են վարչապետի մանավանդ բանավոր խոսքում։ Այլ կերպ ասած՝ Դուք ի պաշտոնե անխուսափելիորեն հասկանում եք վարչապետի լեզուն, հետեւաբար՝ ի զորու եք հասարակ մարդկանց համար, այդ թվում՝ այս նամակի հեղինակի, մեկնաբանել վարչապետի հնչեցրած հետեւյալ միտքը․ «Երբեք չեմ բացառել, որ եթե Ադրբեջանի գործող վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ պարզ, անկեղծ. այս հնարավորությունը մեր օրակարգում միշտ կա»:

Ասեմ Ձեզ, որ Ձեր արձագանքն օդ ու ջրի պես անհրաժեշտ է նախ հայ քաղաքագիտական շրջանակներին, որոնք հասարակ խավի համար մեծ գոհունակությամբ հասկանալի կդարձնեին վարչապետի միտքը, ինչպես ասում են՝ կհասցնեին «պողոսներին», եթե նախ իրե՛նք հասկանային։ Բայց նրանք ոչ մի կերպ չեն կարողանում վերծանել մեջբերվածը, չնայած ակնհայտ է՝ այնքա՛ն խորագույն է վարչապետի միտքը, որ սովորական քաղաքագետը հնարավոր է չկարողանար թափանցել այդքա՛ն խորություններ։ Մանավանդ որ, ինչպես նկատեցիք, բառապաշարի եւ քերականության առումով խոսքն այնքան մաքուր է, որ գուցե հենց ա՛յդ պատճառով չի ընկալվում։ «Փռեմ-ծեփեմ»-ների, «վնգստացնեմ»-ների սովորական խռովահույզ ֆոնին հանդարտ ու մաքուր հայերենը, փաստորեն, ապակողմնորոշող նշանակություն է ձեռք բերել։ 

Հարգելի՛ տիկին, գուցե զարմանալի թվա, բայց Ձեր արձագանքը խիստ հարկավոր է նաեւ մեր դրացիներին․ նրանք նույնպես ոչ մի կերպ չեն կարողանում մեկնաբանել ասվածը։ Մեյդան են հանել նույնիսկ հայերենի իրենց լավագույն մասնագետին՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիեւին, բայց էս խեղճ հայվանն էլ անկարող է եղել հասկանալ։ Ասում են՝ դիմել են նույնիսկ իրենց առաջնորդին, բայց վերջինս միայն կիրթ շարժումներով ուսերն է թոթվել՝ ալլահը գիտի։

Բայց այն, ինչ ալլահն էլ կարող է չիմանալ, վարչապետի քարտուղարը հո՛ գիտի։

Ուստի, որպեսզի վարչապետի աննախադեպ միտքը ընդդիմության կողմից քաղաքական շահարկումների առիթ չդառնա, որպեսզի այդ զուլալ ասույթը չպղտորվի-խեղաթյուրվի զանազան մութ նկուղներում, իմա՝ պադվալներում, Ձեր մեկնաբանությունն եմ խնդրում։

Բարի եղեք։