«Կանաչ մարդուկներն» ու պարետատան «մոզգերը»

«Կանաչ մարդուկներն» ու պարետատան «մոզգերը»

Պարետատան «մոզգերն» ինձ հաստատ կհասցնեն հոգեբուժարան: Անձնագիրս ձեր ինչի՞ն է պետք, կասե՞ք: Ես արդեն 60 տարի ապրել եմ, ինձ բոլոր ոստիկաններն են ճանաչում, նկարս չկա միայն այն գյուղի բաժանմունքում, որտեղ ինձ բախտ չի վիճակվել լինել: Եվ հիմա ես պիտի անձնագի՞ր ման տամ հետս: Բա մի վարչապետ, որ խոսում է առաջավոր տեխնոլոգիաների գծով տարածաշրջանում առաջինը լինելու մասին, չի՞ մտածում, որ մարդուն նույնականացնելու Նիկոլի թվի այս միջոցառումով խայտառակում է ռեսպուբլիկան:

Մի պահ պատկերացնենք, որ ես ՀՀ հպարտ քաղաքացի եմ, դիմակս պատշաճ ձեւով դրել ու դուրս եմ եկել փողոց: Ինչ է, ոստիկանը պետք է մոտենա ինձ եւ անձնագի՞ր հարցնի՝ բարեւ ձեզ, կարելի՞ է տեսնել Ձեր անձնագիրը: Սա, առհասարակ, կապ ունի՞ կորոնավիրուսի հաղթահարման հետ: Եթե ունի, ապա բարի եղեք փոխել կարգախոսը՝ «Կրիր դիմակ, ունեցիր անձնագիր, փրկիր կյանքեր»: Եթե կապ չունի, մի նեղացեք իմ անձնական կարգախոսից. «Նիկոլ, հեռացիր, փրկիր կյանքեր»: 
Մոզգեր եմ ասել, աննախադեպ, աներեւակայելի, անքննելի: Վեր են կենում էս կորոնավիրուսի օրով, ներխուժում են Գագիկ Ծառուկյանի տուն, թե դու վայթե այսինչ թվին ընտրակաշառք ես բաժանել: Ինչո՞ւ եք վիրուս տանում էդ մարդու տուն, ո՞ր իրավունքով: Պաժա՞ռ էր, չէի՞ք կարող մի փոքր համբերել, մինչեւ ձեր խելացի միջոցառումների շնորհիվ հաղթահարեինք էս անտեր վիրուսը... Հիմա որ հանկարծ, Աստված ոչ անի, էն ալբինոս առյուծի ձագին մի բան պատահի, կկարողանա՞ք պատասխան տալ: Ասեք տեսնեմ՝ էդ ո՞ւմ կյանքն էիք փրկում Ծառուկյանի տանը, տան մոտ, ԱԱԾ-ի դռների առաջ, ԱԺ շրջակայքում: Որ այդքան մարդ եք լցնում մի «գազելի» մեջ, հասկանո՞ւմ եք, թե ինչ կարող է կատարվել:

Չեմ կարող նաեւ բացառել, որ քաղաքացիների՝ իրենց մոտ անձնագիր ունենալու այս պարտադրանքը պարետատան մոզգերին հուշել են միանգամայն կողմնակի մարդիկ: Մեր ԱԱԾ-ում, ինչքան էլ այնտեղ մանկապարտեզի վարիչ են նշանակել, կան «քեռիներ», որոնք աչալուրջ իրենց գործն են անում: Եվ ես չեմ բացառում, որ այդ քեռիներն են Փաշինյանին հուշել, որ կամրջի վրա պարելը դառնում է վտանգավոր:

Ի դեպ, հենց երեկ, երբ պարետատունը հայտարարեց անձնագիր ունենալու մասին, 1in.am-ի լոգոյով մի տեսանյութ սկսեց շրջագայել համացանցում առ այն, որ ԱԱԾ-ի մոտ սկսված խառնաշփոթի մեջ Դոնեցկի չճանաչված հանրապետության մի քաղաքացի է եղել: Կադրում երեւում է, թե ինչպես է մեր ոստիկանը հետաքրքրվում զինվորական համազգեստով այդ անձնավորության ով լինելով, որն իր հերթին ներկայանում եւ ցույց է տալիս անձը հաստատող փաստաթուղթ... Ավելի ուշ, երբ ԱԱԾ-ի մոտ խիպիշը հանդարտվել էր, «Միշա Տոնոյան» անունով մի օգտատեր մեր կողմից անչափ հարգված եւ խորապես սիրված Սծյոպիկ Սաֆարյանին է ուղարկում այդ տեսանյութը՝ հետեւյալ ջերմ-անմիջական գրությամբ. «Պարոն Սաֆարյան: В Ереване появились Зеленные Человечки и Добровольцы ДНР и ЛНР в военной форме, ի պաշտպանություն մի ողջ կուսակցություն Թրաֆիկինգի ենթարկած ամենայն Կոտայքոց բարեգործ-բարերար պրն. Ծառուկյանի. Մի հատ խնդրում ենք զբաղվել էս հարցով»: Սծյոպիկ Սաֆարյանը վախենում, թե մի ուրիշ բան է լինում, բայց խուսափում է որեւէ  բան ձեռնարկել: Եվ ինձ, օրինակ, հետաքրքիր է, ՀԽ նախագահն այդ մասին ահազանգե՞լ է որեւէ մարմնի, թեկուզ գերագույն գլխավոր պարետին, որ Հայաստանում ինչ-որ մարդիկ են հայտնվել՝ Зеленные Человечки, ինչպես ներկայացրել է իր ֆեյսբուքյան «հընգերը»:
Խնդրո առարկա տեսանյութը, որ այս պահին էլ հասանելի է Սաֆարյանի պատին, ինձ հետաքրքրեց բոլորովին այլ տեսանկյունից: Չլինի՞ ՀՀ իշխանություններն անձնագրի հետ կապված որոշումը կայացրել են Հայաստանում գտնվող ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի քաղաքացիների մասին ինֆորմացիային տիրապետելուց հետո: ՀՀ իշխանություններն զգուշանո՞ւմ են «կանաչ մարդուկներից», թե՞ այս պահին տեսանյութը նրանց պետք է՝ երկրում հակառուսական տրամադրություններ աշխուժացնելու համար: Եվ, ահա, առաջին միտքը, որ ծագել է պարետատան մոզգերի մոտ՝ հակակորոնավիրուսային պայքարի շրջանակներում ՀՀ քաղաքացուց անձնագիր պահանջելն է եղել:

Ես, իհարկե, կողմ եմ, որ մեր անվտանգության մարմիններն ազատ լինեն՝ ստուգելու ՀՀ ժամանող բոլոր այլազգիների ինքնությունը, բայց ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ ՀՀ քաղաքացիներից եւ, առհասարակ, հայերից անձնագիր պահանջելու այս խեղկատակությունը: Այդքան դժվա՞ր է հային տարբերել այլազգիներից: Երկիրը լիքն էր չինացիներով, հնդիկներով, պակիստանցիներով, գեյերով՝ մեկի մտքով անցնո՞ւմ էր փողոցում նրանցից անձնագիր հարցնել: Բայց, ահա, Նալբանդյան փողոցում, ԱԱԾ շենքի մոտ եւ այն էլ՝ ի պաշտպանություն Ծառուկյանի հավաքում, հայտնվում է մի «կանաչ մարդուկ» եւ խուճապի մատնում հեղափոխական իշխանությանը:

Պարոն Փաշինյան, ուղիղ Ձեզ եմ հարցնում՝ ինչո՞ւ Երեւանում «կանաչ մարդուկների» առկայության մասին պաշտոնական հայտարարություն չկա, եւ ինչո՞ւ անձնագրային ռեժիմ սահմանվեց այսպիսի երկչոտությամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում:

ՀԳ. «Կանաչ մարդուկների» մասին ես լսել եմ ուկրաինական դեպքերի հետ կապված: Հատկապես Ղրիմում, ռուսական որեւէ պետական կառույցում չընդգրկված «կանաչ մարդուկները», կարող ենք նրանց սատանա անվանել, գործում էին «անվրեպ եւ անսխալ»: Ես չէի ուզենա, որ, օրինակ, արեւմտյան գործակալներ Սծյոպիկ Սաֆարյանին եւ Արման Բաբաջանյանին երջանկացնելու համար Ռուսաստանի հետ հարաբերությունները հասցնեինք մի այնպիսի կետի, որ մեր ռազմավարական դաշնակիցը մեզ հետ խոսեր «կանաչ մարդուկների» գործողություններով: