Իսկ պատերազմող երկրի ղեկավարն իրավունք ունի՞…

Իսկ պատերազմող երկրի ղեկավարն իրավունք ունի՞…

Հարցեր Լեւոն Տեր-Պետրոսյանին

Վերջերս առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով երկրում ստեղծված իրավիճակին՝ այն անվանելով պատերազմ։ «Պարզագույն սիլլոգիզմ» խորագրով հրապարակման մեջ Տեր-Պետրոսյանը նշել է.
«a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին
b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին
c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա՝ դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»։
Իհարկե, չի կարելի չհամաձայնել առաջին նախագահի հետ, որ այսօր Հայաստանում պատերազմ է, որը հայտարարել է կորոնավիրուսը: Չի կարելի չհամաձայնել նաեւ այն մտքի հետ, որ եթե երկրում պատերազմ է, ապա այդ պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանությունների ուսերին: Երրորդ կետի հետ կարելի է համաձայնել մասնակի. ով պայքարում է պատերազմ մղող իշխանության դեմ, նա դավաճան է: Վերջին նախադասությունը, սակայն, թե պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, վիճարկելի է, որը ոչ մի արդարացում չունի: Այս հարցում, կարծում եմ, փորձառու քաղաքական գործիչը, պատերազմ հաղթած նախագահն այդքան էլ անկեղծ չէ եւ ունի կողմնակալ վերաբերմունք: Կան իրավիճակներ, որոնք արդարացնում են «պատերազմ մղող» իշխանության դեմ պայքարը: Ուստի, դրանց հետ կապված, մի քանի հարցեր ուղղենք ՀՀ առաջին նախագահին: 
• Իսկ երկրի ղեկավարն իրավունք ունի՞ անլուրջ վերաբերվել մոլեգնող պատերազմին եւ դրան նախապատրաստվելու փոխարեն, ներքաղաքական ինտրիգներում հաղթելու նպատակով, քարոզարշավ կատարել՝ բացելով թշնամու անարգել մուտքը դեպի երկիր: 
• Պատերազմող երկրի ղեկավարն իրավունք ունի՞ նախորդ պատերազմներում հաղթած հերոսներին ազատազրկել եւ բարոյապես ոչնչացնել: 
• Պատերազմող երկրի ղեկավարն իրավունք ունի՞ պատերազմական թեժ գոտում հրամանատարներ նշանակել անփորձ երիտասարդների, որոնք անգամ զենք բռնել չգիտեն՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստներով:
• Իսկ պատերազմի նախապատրաստվող երկրի ղեկավարն իրավունք ունի՞ զենք, զինամթերք, պարենամթերք ձեռք բերելու փոխարեն իր ընկեր-պաշտոնյաներին միլիարդավոր դրամների պարգեւավճար տալ, նրանց աշխատավարձերը բարձրացնել: 
• Պատերազմող երկրի ղեկավարն իրավունք ունի՞ երկրի ռազմական ծախսերը հոգալու փոխարեն, առաջնագծում կռվող զինվորներին զենք-զինամթերով, արտահագուստով ապահովելու փոխարեն քայլող մարդու եւ այլ երկրի քաղաքական գործչի արձաններ տեղադրելու համար հսկայական գումարներ ծախսել: 
• Պատերազմող երկրի ղեկավարն իրավունք ունի՞ հանդուրժել, երբ պատերազմող երկրի սոցիալական ծանր վիճակում հայտնված բնակչությանը պարենով, ինքնապաշտպանական զենքով ապահովելու փոխարեն ինչ-որ քաղաքապետ իր համար մի քանի միլիոնանոց ծառայողական ավտոմեքենա է գնում:
• Պատերազմող երկրի ղեկավարն իրավունք ունի՞ թշնամու դեմ պատերազմելու փոխարեն պատերազմել իրեն քննադատողների, իրեն ուղղություն ցույց տվողների դեմ: 
• Պատերազմող երկրի ղեկավարն իրավունք ունի՞ իր ժողովրդին համախմբելու եւ մոբիլիզացնելու փոխարեն պառակտել, մասնատել, չարություն սերմանել մեկը մյուսի հանդեպ, հասարակությանը յուրայինների ու թշնամիների բաժանել: 
• Պատերազմող երկրի ղեկավարն իրավունք ունի՞ իր ժողովրդի ազատ խոսքը ոստիկանության բիրտ ուժով լռեցնել: 
• Եթե պատերազմող երկրի ղեկավարն այնքան թույլ է եղել, որ թշնամին արդեն մտել է երկիր, անարգել մտնում է մարդկանց տներն ու հնձում նրանց, այդ ղեկավարն իրավունք ունի՞ ժողովրդին մեղադրել, թե ինչու է թշնամին մտնում իրենց տները: 
• Պատերազմող երկրի ղեկավարն իրավունք ունի՞ պատերազմական գործողություններ կազմակերպելու, դիրքերն ամրացնելու եւ մյուս հարցերը լուծելու փոխարեն ամբողջ օրը «սավառնել» համացանցում: Պատերազմող երկրի ղեկավարն իրավունք ունի՞ այդքան պարապ լինել, գործ անելու փոխարեն անվերջ խոսե՜լ, խոսե՜լ, խոսե՜լ…
Իսկ վերջում՝ ամենակարեւոր հարցը. իսկ պատերազմող երկրի մտահոգ քաղաքացին, երբ տեսնում է, որ հրամանատարն անփորձ է, չի տիրապետում իրավիճակին, պատերազմը տանուլ է տալիս, եւ հայրենիքը վտանգված է, իրավունք ունի՞ լռելու եւ ղեկավարին չփոխելու…