Գնահատականով պետք չէ լեգիտիմացնել գիտելիքը

Գնահատականով պետք չէ լեգիտիմացնել գիտելիքը

Նախօրեին առցանց հարթակում տեղի ունեցած քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ գնահատման համակարգում կարեւոր փոփոխություններ են նախատեսված։ Ըստ նրա՝ դրանք ուղղված են որակական գնահատման դերը մեծացնելուն։ «Ցավոք, այսօրվա մեր գործող համակարգն առավելապես պատժիչ գնահատման համակարգ է, որտեղ գնահատականը միջոց է, որով մենք վախեցնում ենք սովորողներին եւ սպառնում ենք որոշակի սանկցիաներ կիրառել ցածր գնահատականի տեսքով, որը, մեր կարծիքով, պետք է ստիպի նրանց ավելի լավ սովորել»,- ասել է փոխնախարարն ու նկատել, որ բոլոր ուսուցիչներն էլ տեսնում են, թե ինչպես սա չի աշխատում, որը նաեւ վատ միջոց է սովորեցնելու համար։

«Գնահատելու իմաստը պետք է լինի մեր երեխաներին իրենց առաջընթացը ցույց տալը եւ ցույց տալ այն տեղերը, որտեղ պետք է աշխատել եւ օգնել դա անել։ Այս տրամաբանությամբ մենք առաջարկում ենք հանել «անբավարար գնահատական» հասկացությունը, ինչը նշանակում է, որ այլեւս չի լինելու անբավարար գնահատականի շեմ, եւ յուրաքանչյուր գնահատական՝ 1-10 միավորանոց սանդղակում, ցույց է տալու սովորողի՝ այդ տարի գրանցած առաջընթացը: Սա նշանակում է, որ դուրս է գալու այն խնդիրը, որ սովորողը պետք է մնա նույն դասարանում եւ կրկնի դասընթացը: Նույնիսկ այն պարագայում, երբ որեւէ երեխա ունի սովորելու դժվարություններ, տարբեր պատճառներից ելնելով ցածր գնահատական նշանակելը եւ նրան նույն դասարանում թողնելը դժվար թե բերում է նրան, որ երեխան սկսում է ավելի լավ սովորել: Գուցե լինեն հատուկենտ դեպքեր, բայց դրանք բացառություններ են։ Օրինաչափությունն այն է, որ մենք սրանով պիտակավորում ենք երեխաներին եւ նրանց մեջ ավելի ենք ամրապնդում այն զգացողությունը, որ նրանք չեն կարող սովորել ու ունենալ հաջողություններ ուսուցման գործընթացում»,- իր խոսքում նշել է Ժ․ Անդրեասյանն ու հավելել, որ լուծումը ոչ թե տարեվերջին գնահատական դնելն է եւ դրանով ճակատագիր վճռելը, այլ երեխայի հետ տարվա ընթացքում աշխատելը։ 

Հենց նախարարության ֆեյսբուքյան էջում բազմաթիվ քաղաքացիներ՝ ուսուցիչներ, ծնողներ, այս փոփոխության հետ կապված՝ իրենց դիտարկումներն են արել։ Մի մասի կարծիքով՝ սա սխալ որոշում է, եւ այն երեխաները, ովքեր սովորում էին գոնե անբավարար չստանալու համար, հիմա ընդհանրապես չեն սովորի։ «Ձեր որոշումից հետո պատրաստ եղե՛ք այդ «բավարար» գնահատականներով աշակերտներին բուհերի լսարաններում տեսնել, հետո՝ պատգամավորական աթոռներին»,- նշել է օգտատերերից մեկը։

Ընդհանուր մտահոգությունն այն է, թե այս որոշումն ինչպես է նպաստելու կրթության որակի բարձրացմանը, ինչպես է խթանելու սովորողների ձգտումը դեպի կրթությունը, ինչպես է ազդելու վատ սովորողների վրա, որ սովորեն եւ չխանգարեն սովորողներին։

«Նույն դասարանում մնալը տվյալ խնդիրը չի լուծում, աշակերտը չի մոտիվացվում, ավելին ասեմ՝ նրա մոտ բացասական մոտիվացիայի վերջին մակարդակն է զարգանում, երբ նա ուղղակի զզվելով է գնալու դպրոց կամ չի էլ գնալու։ Դրա փոխարեն կարելի է փոփոխություններ մտցնել դասավանդման մեթոդներում եւ բոլորին ներգրավել դասընթացի մեջ․ եթե ուսուցիչը կարողանա մոտիվացնել աշակերտներին, բոլորն էլ կսովորեն»,- նշել է օգտատերերից Անուշ Քարամյանը։ 
Ծնողներից շատերն էլ նշել են, որ ճիշտ են համարում այս քայլը, քանի որ վերջապես կվերանա գնահատականի համար մրցելը, եւ առաջնային տեղ կմղվի սովորելը։

ԵՊՀ դասախոս, սոցիոլոգ, կրթության փորձագետ Լիլիթ Շաքարյանն ասում է, որ իրեն հոգեհարազատ է հարցին այսպիսի մոտեցումը, որովհետեւ ներգրավված լինելով կրթական պրոցեսում՝ կարծում է, որ անբավարար գնահատականը որեւէ կերպ չի նպաստում սովորելուն եւ սովորելու մոտիվացիա էլ չի ձեւավորում․ «Աշակերտը, ով չի սովորում, անբավարար գնահատական ստանալով՝ չի ձգտում որեւէ կերպ էլ ավելի լավ սովորելու։ Գնահատականն այն երեւույթը չէ, որ պետք է խթան հանդիսանա երեխայի սովորելու գործընթացում, եւ ինքս էլ միշտ դեմ եմ եղել գնահատման համակարգին։ Թերեւս, դա ամենաբարդ պրոցեսն է գնահատողի համար, որովհետեւ սկսում ես մտածել նաեւ դիմացինի հոգեբանության մասին, թե ինչքանով է գնահատականն ազդելու նրա հույզերի եւ ապրումների վրա, հատկապես՝ հանրակրթության ոլորտում»։ 

Նա վստահ է, որ ցածր գնահատականը երեխայի մոտ կարող է ճիշտ հակառակ վարքը ձեւավորել, եւ երեխան ընդհանրապես չուզենա սովորել մի բան, իսկ խրախուսման մեխանիզմն ինչքան էլ թվում է, թե չի կարող ապահովել լավ առաջընթաց, կարող է ճիշտ հակառակ էֆեկտն ունենալ, եւ երեխան ոգեւորվելով՝ շատ ավելի լավ սովորի ու բացահայտի իր իրական ունակությունները։

«Գնահատականն ինքնին շատ տրավմատիկ կարող է լինել երեխաների համար, հատկապես՝ անբավարար գնահատականը, որը բերում է տարբեր հետեւանքների՝ նույն դասարանում մնալ եւ այլն։ Կա մարդու ունակությունների սահման, եւ բոլորը չէ, որ կարող են գերազանց սովորել, փոխարենը կարող են այլ շնորհք եւ ունակություններ ունենալ։ Մենք պետք է սովորենք գիտելիքի համար եւ ոչ թե գնահատականի։ Ցավոք, մեր հասարակությունում բոլորը սովորում են գնահատականի համար, մինչդեռ թե՛ դպրոցում, թե՛ բուհում դա չպետք է լինի ինքնանպատակ, որը բերում է ռոտացիայի կամ կարմիր դիպլոմի,- ասում է Լ․ Շաքարյանը, ով դրսի կրթական համակարգին մոտիկից է ծանոթ, քանի որ միաժամանակ ե՛ւ սովորել է, ե՛ւ դասավանդել։- Երբ մոտիվացիան լինում է ոչ թե գնահատականը, այլ՝ գիտելիքը, ապա դա կարող է շատ լավ արդյունքի բերել։ Եվրոպայում արդեն կա դրա ներդրման փորձը, որը, համոզված եմ, լավագույն արդյունքն է արձանագրելու, որովհետեւ գիտելիքի համար են սովորում, ոչ թե գնահատականի»։ 

Լ․ Շաքարյանը ծանոթացել է այս օրերին հնչող քննադատությունների հիմնական ասելիքին եւ կարող է ընդգծել, որ կրթությունն այն դեպքում ունի արժեք, երբ ոչ բոլորն են ձգտում այդ բարձրագույն կրթությանը։ «Կան մարդիկ, որ կարող են լինել շատ լավ արհեստավորներ, ու դրա համար պարտադիր չէ, որ նրանք գերազանց մաթեմատիկա իմանան կամ օտար լեզուների տիրապետեն, ուղղակի պետք է ստեղծել այլընտրանք այդ մարդկանց համար, որը նրանց հնարավորություն կտա սովորելու եւ հետագայում աշխատանքում իրենց դրսեւորելու»,- ասում է նա եւ ընդգծում, որ պետք է նախեւառաջ մարդկանց մեջ մտածելակերպը փոխվի։

Փորձագետը կարծում է, որ այս փոփոխությունը, մեծ հաշվով, կրթության որակի վրա չի ազդի։ «Երեխային երբ խրախոսում ես եւ մոտիվացիան այլ ձեւով ես գտնում, ինքն ավելի շատ է շահագրգռվում եւ սովորում, քան այն դեպքում, երբ նրան պատժում ես։ Պատժի համակարգը որեւէ կերպ չի բերելու գիտելիքի ավելացման։ Այստեղ մարդ-մարդ շփման համակարգն է գործում, եւ խրախուսումը կարող է ավելի պրոդուկտիվ լինել՝ առանց որեւէ տրավմա առաջացնելու, առանց նրան պիտակավորելու, որ ծույլիկ է, ինչը կարող է բերել նրան, որ երեխան ընդհանրապես ցանկություն չունենա դպրոց վերադառնալու։ Մենք պետք է գտնենք երեխային մոտիվացնելու այլ հնարավորություն՝ սովորել ոչ պատժի համակարգում։ Մենք եվրոպական դպրոցի նմանատիպ նախատիպ ունենք Երեւանում՝ Վալդորֆյան դպրոցն է, որտեղ այդ սկզբունքն է կիրառվում՝ երեխային չեն գնահատում, եւ դու հնարավորություն ես տալիս երեխային իր հմտություններն ու ունակությունները զարգացնելու եւ իր գիտելիքները ցուցադրելու»,- ասում է նա ու հավելում, որ ունենք նաեւ մենթալիտետի խնդիր՝ թե՛ ծնողների, թե՛ ընդհանուր հասարակության մասշտաբով, եւ պետք է հասնենք այն կետին, որ մարդիկ հասկանան՝ գնահատականը չէ այն բարձրագույն շեմը, որ լեգիտիմացնի մեր գիտելիքը։

Խնդրահարույց է նաեւ գնահատականի համար մղվող մրցավազքը, որը նույնպես տեղ ունի մեր կյանքում․ «Բարձր գիտելիքի համար սկսվում է խայտառակ մրցավազք, անգամ թշնամական իրավիճակ, նույնիսկ շանտաժ դասախոսի եւ ուսուցչի հանդեպ, որ եթե 18 եք դնում, ինձ զրկում եք անվճար սովորելու հնարավորությունից։ Այսինքն՝ դասախոսը կանգնում է լուրջ պրոբլեմի առաջ, որ ինքը փակում է տվյալ երեխայի անվճար սովորելու հնարավորությունը։ Դրա համար գնահատման համակարգը պետք է արմատական փոփոխման ենթարկվի եւ գիտելիքի հիմք դառնա»։