Պաշտոնական Թուրքիան նեղսրտած է դեսպանատների փակմամբ

Պաշտոնական Թուրքիան նեղսրտած է դեսպանատների փակմամբ

Եվրոպայում շարունակում են թափ առնել հակաթուրքական եւ հակաէրդողանական ակցիաները. Հունվարի 13-ին Շվեդիայի քրդերը Ստոկհոլմում Էրդողանի արտաքինով գլխիվայր շրջված տիկնիկ էին կախել։ Դրանից հետո Թուրքիայի դեսպանատան մոտ դանիական հակաիսլամական կուսակցության ղեկավարը այրեց Ղուրանը՝ իսլամի սուրբ գիրքը, նույն ակցիան տեղի ունեցավ նաեւ Նիդեռլանդներում՝ Հաագայում։  Թուրքիայի ԱԳՆ-ն այդ ակցիաները որակեց «իսլամաֆոբ սադրիչ գործողություն»։ Իսկ Էրդողանն ասաց, որ Անկարան չի պաշտպանի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։

«Շվեդիայում կատարված զազրելի արարքը վիրավորանք է բոլորի համար, ովքեր հարգում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ներառյալ մահմեդականների իրավունքներն ու ազատությունները»,- ասել էր Էրդողանը: Իսկ Շվեդիայի վարչապետը հայտարարել էր, որ այդ ցուցարարները փորձում են խանգարել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ Անկարան նորից հայտարարել էր, որ միայն քննադատելը բավարար չէ։ Ակցիայից հետո Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է արտահանձեն 130 անձանց՝ մեծամասամբ քրդերի, որոնց Թուրքիան «ահաբեկիչ» է համարում։ 

Այս իրադարձություններից հետո Թուրքիայում եվրոպական երկրների դեսպանատները անվտանգության նախազգուշացումներ արեցին եւ ժամանակավորապես փակվեցին: Միացյալ Նահանգները և եվրոպական մի շարք տերություններ խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին չմասնակցել զանգվածային միջոցառումներին և խուսափել լինել մարդաշատ վայրերում՝ հատկապես Ստամբուլում: Առնվազն յոթ եվրոպական երկրներ փակել են Ստամբուլի իրենց հյուպատոսությունները լայն հանրության համար՝ որպես նախազգուշական միջոց: ԱՄՆ հյուպատոսությունը բաց է մնում, քանի որ այն քաղաքի կենտրոնում չէ և ավելի քիչ խոցելի է ահաբեկչական հարձակման համար:

Այս «փակումները» մեծ մտահոգություն են առաջացրել թուրքական իշխանությունների մոտ: Ըստ թուրքական լրատվամիջոցների, փետրվարի 2-ին Արտաքին գործերի նախարարությունը կանչել է արևմտյան ինը տերությունների դեսպաններին և գլխավոր բանագնացներին: ԱԳՆ-ի հետ հանդիպմանը մասնակցել են Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Շվեյցարիայի և Միացյալ Նահանգների դեսպաններն ու բարձրաստիճան ներկայացուցիչները։ Չաուշոօղլուն դատապարտել է Ստամբուլում եվրոպական հյուպատոսությունների զանգվածային փակումը անվտանգության նկատառումներից ելնելով։ Նա դիվանագետներին հիշեցրել է, որ Թուրքիայում բոլոր դիվանագիտական ​​առաքելությունների անվտանգությունն ապահովվում է միջազգային կոնվենցիաների հիման վրա և ընդգծել, որ նման միաժամանակյա գործունեությունը համաչափ և խոհեմ մոտեցում չի հանդիսանում, և որ նման մոտեցումները ծառայում են միայն ահաբեկչական կազմակերպությունների նենգ օրակարգին։

Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Թուրքիայի ակնկալիքը բարեկամ և դաշնակից երկրներից իր անվտանգության ստորաբաժանումների հետ համագործակցությունն է։
Թուրքական իշխանություններին Արեւմուտքի այդ փակումները մտահոգում են նախ այն առումով, որ դրանք կարող են վատ անդրադառնալ առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների եւ Թուրքիայում զբոսաշրության վրա: Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն դրանք բոնորոշել է որպես. «….մայիսի 14-ին Թուրքիայի նախագահական և խորհրդարանի ընտրարշավին միջամտելու փորձ։ Նրանք հոգեբանական պատերազմ են մղում Թուրքիայի դեմ։ Նրանք փորձում են ապակայունացնել Թուրքիան: Հյուպատոսությունների փակումն ու ճամփորդական նախազգուշացումները «արևմտյան դավադրություն» են, որի նպատակը համաճարակից հետո Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի վերականգնումը կանխելն է»։

Հ/Գ․  Զավեշտալի է Էրդողանի վիրավորանքը՝ իսլամական սուրբ գիրքն այրելու փաստից: Կրոնական սրբությունն անարգելուց վիրավորված է այն պետության ղեկավարը, որն անարգել եւ անարգում է, անասնագոմերի է վերածել  քրիստոնեական սրբությունները՝ հայկական պատմական վանքերը, ոչնչացրել՝  խաչքարերը…