Ինչպես է ծագել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

Ինչպես է ծագել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

Արդեն մի քանի օր է, ինչ Իսրայելը գտնվում է պատերազմական վիճակում։ ՀԱՄԱՍ կամ «Իսլամական դիմադրության շարժում» խմբավորումը հարձակվել է Իսրայել պետության վրա։ Վերջին մի քանի օրերին թե՛ միջազգային, թե՛ մեր տարածաշրջանի եւ հայաստանյան լրատվամիջոցների էջերից չեն իջնում այս էսկալացիայի մասին լուրերը։ Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ տեղի է ունենում պաղեստինա-իսրայելական հակամարտության կամ, ավելի գլոբալ առումով ասած՝ արաբա-իսրայելական դիմակայության նոր սրացում։ Ու օգտվելով թեմայի արդիականությունից՝ փորձենք հասկանալ, թե ինչում է նորագույն պատմության մեջ ամենից ձգձգված եւ ամենից արյունոտ այս հակամարտության բուն էությունը։

Արաբա-իսրայելական դիմակայությունն իր արմատներով հասնում է մինչեւ 19-րդ դարը։ Մասնագետները, հիմք ընդունելով գաղափարաբանական հենքը, արձանագրում են, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որի հերթական սրացման ականատեսն ենք լինում այսօր, արաբա-իսրայելական դիմակայության լոկալ դրսեւորումն է միայն։ Երկու գաղափարաբանական հենք կա, որը եւ պայմանավորում է գլոբալ իմաստով արաբա-իսրայելական դիմակայությունը։

• Իսրայելական սիոնիզմը, որը ենթադրում է հրեա ժողովրդի վերադարձն իր մերձավորարեւելյան տարածաշրջանի պատմական հայրենիք։ Այս գաղափարախոսությունը հատկապես պոպուլյար է դարձել 19-րդ դարի վերջին՝ Եվրոպայում:

• Արաբական ազգայնականությունը, որը ենթադրում է արաբական Արեւելքի ազգային միասնություն՝ կրոնական եւ լեզվական ընդհանրության ֆակտորների հիման վրա։
Արաբական ազգայնականությունը ձեւավորվել է, մեծ հաշվով, ի պատասխան սիոնիստական սպառնալիքի, սիոնիզմի ձեւավորումից եւ տարածումից հետո։ Պաղեստին երկրամասի տարածքը, ըստ էության, կռվախնձոր է դիմակայող կողմերի միջեւ, եւ տարածքային առումով հակամարտությունը զարգանում է առաջին հերթին հենց այս երկրամասում։ Բանն այն է, որ 20-րդ դարի սկզբին Պաղեստինը, ինչպեսեւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի մեծ մասը, Օսմանյան կայսրության մաս էին կազմում։ Երկրամասի բնակիչների մեծ մասն արաբներ էին: Եվրոպացի եւ մերձավորարեւելյան տարածաշրջանի հրեաների գաղթը դեպի այս երկրամաս աստիճանաբար ձեւավորում է բազմամարդ հրեական համայնքներ։ 1917 թվականին Պաղեստինը հայտնվում է Մեծ Բրիտանիայի իշխանության ներքո։ Այդ իրողությանը նպաստել է նաեւ բրիտանական զորքերում եղած Հրեական լեգեոնը։ 1923-48 թվականներին Մեծ Բրիտանիային է պատկանել այս երկրամասի մանդատը։ Այն ներառում էր ժամանակակից Իսրայել պետությունը, Հորդանան գետի արեւմտյան ափը, Գազայի սեկտորը, որն ընդհանուր անունով կոչվում էր Ենթամանդատային Պաղեստին։ Մեծ Բրիտանիայի երբեմնի ԱԳ նախարար Արթուր Բալֆուրի հռչակագիրն առաջին փաստաթուղթն էր, որը, ըստ ամենայնի, ցանեց ապագա հակամարտության առաջին սերմերը, թեեւ կան պատմաբաններ, որոնք կարծում են, որ այս հակամարտությունը հին է այնքան, որքան պաղեստինցիներն ու հրեաները, եւ իր արմատներով հասնում է մինչեւ Աստվածաշնչում նկարագրված՝ հրեաների եւ փղշտացիների պատերազմները։
Հռչակագիրը կոչ էր անում՝ ստեղծել «հրեական ազգային տներ», որը պաղեստինցի արաբների մեծ դժգոհությունն է առաջացնում։ Պաղեստինում առաջին բախումները տեղի ունեցան դեռ 1929 թվականին։ Այն բանից հետո, երբ հրեական «Բեյիթար» քաղաքական կազմակերպությունը դուրս եկավ ցույցի, արաբների եւ հրեաների միջեւ սկսվեցին բախումներ։ Այդ ժամանակ զոհվեց 250 մարդ՝ ինչպես արաբներ, այնպես էլ հրեաներ։ 1936-39 թվականներին այն ժամանակների Ենթամանդատային Պաղեստինում տեղի ունեցավ Արաբական ապստամբությունը։ Դժգոհություններն ունեին մի շարք պատճառներ․

• Արաբները դժգոհ էին, որ երկրամասում հետզհետե ավելի ու ավելի շատ հրեաներ էին հաստատվում, ներառյալ՝ նաեւ նացիստներից փախչող հրեաներ։

• Արաբները դժգոհ էին, որ հրեաների թվի ավելացումը բերել էր արաբների համար աշխատատեղերի կրճատման։

• Արաբները դժգոհ էին, որ հրեաների օգտագործման համար հողամասեր էին հատկացվել։

• Կար ձգտում՝ ստեղծելու ինքնուրույն կառավարություններ։

Մինչեւ 1948 թվականը արաբա-իսրայելական բախումներն ավելի ու ավելի հաճախ էին տեղի ունենում։ Դիվանագիտական կարգավորման փորձերը ոչ մի արդյունք չէին տալիս։ Մեծ Բրիտանիան օգնության համար դիմում է ՄԱԿ-ին։ Այդ ժամանակ դեռ նոր-նոր ստեղծված ՄԱԿ-ն առաջարկում է Ենթամանդատային Պաղեստինը բաժանել Իսրայել պետության եւ արաբական պետության միջեւ. «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքով։
ՄԱԿ-ի 181-րդ բանաձեւն ընդունվեց 1947 թվականին, իսկ 48-ի մայիսի 14-ն ընդունված է համարել Իսրայել պետության ստեղծման օր։ Իսկ արաբական պետությունը` Պաղեստինը, մինչեւ հիմա դեռ չի ստեղծվել։ Ահա՝ մոտավորապես այսպիսին է եղել այս արյունոտ եւ ձգձգված հակամարտության պատմական ընթացքը։