Հիմա ուսանողների ակտիվությունն ավելին է, քան 2018-ի օրերին

Հիմա ուսանողների ակտիվությունն ավելին է, քան 2018-ի օրերին

ԵՊՀ ուսանողությունը եւս միացել է անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների կոչին ու վաղ առավոտից դասադուլ է հայտարարել։

ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանն ասում է՝ դեռ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում չի եղել, բայց ԵՊՀ բանասիրության շենքում դատարակ լսարաններն ու բացակա ուսանողները բավական շատ են, ինչ վերաբերում է դասապրոցեսին ներկա ուսանողներին, ապա․ «Պետք չի մտածել, որ նրանք, ովքեր հիմա դաս են անում, ուրեմն անտարբեր են կամ կողմնակից չեն փոփոխության։ Պետք է հաշվի առնել, որ մենք ունենք առաջին կուրսեցիներ, մարդիկ, ովքեր այնքան իրազեկված չեն։ Այսինքն, դաս անելը դեռ չի նշանակում, որ նրանք կողմ են այն ձախող քաղաքականությանը, որ այսօր իրականացվում է։ Դաս անող ուսանողներն են մեր Հայաստանի, մեր ազգային պետականության ապագան»: Դիլբարյանը հավելում է, որ դասախոսների կողմից որեւէ նկատողություն, ազատ տեղաշարժի սահմանափակում չկա՝ ուսանողների հանդեպ, ավելին՝ ինքն ինչպես 2018-ին, այնպես էլ հիմա ոչ մի ուսանողի բացակա չի նշանակում։  

«Առավոտյան, երբ ճանապարհները փակ էին, ու չէի կարողանում գալ համալսարան, հիշեցի 2018-ը։ Այսօր էլ, երբ ուսանողների հետ զրուցում էինք՝ տրամադրությունները տարբեր էին, շատերն ասում էին, որ 18-ին իրենք գնացին միացան, որովհետեւ հույս ունեին, մի մասն ասաց, որ հույս ուներ` հենց Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի ու վարչապետ չի լինի, առավել արհեստավարժ մարդ կդառնա վարչապետ, եւ իրականությունը բոլորովին այլ կլինի, մի մասն էլ ասում էր` եթե այս անգամ էլ փոխենք, կարո՞ղ է նորից սխալվենք․․․, այսինքն, այսօր թե ուսանողների, թե բոլորի մեջ կա այն վախը, որ մի անգամ արդեն ելանք ապստամբեցինք, ու կարո՞ղ է էլ ավելի վատ լինի, բայց գերիշխող մտայնությունն այն էր, հատկապես Սյունիքից եկած ուսանողներիս մոտ, որ սրանից վատ չի լինելու»։  

Ի տարբերություն 2018-ի, ուսանողությունը հիմա ավելի պասի՞վ է, թե՞ ճիշտ հակառակը: «Իմ կարծիքով, հիմա ուսանողների ակտիվությունն ավելին է, քան 2018-ի այն առաջին օրերին, հիմա եւ ուսանողները, եւ դասախոսները խառնված են․․․, իհարկե նրանք, ովքեր չեն ուզում գնալ ցույցերի, նրանց իրավունքը եւս հարգվում է»։ 

Նարինե Դիլբարյանը կարծում է, որ Հայաստանում փոփոխություն պետք է լինի, եւ պարտության, ձախողումների, կառավարման անկման քաոսի թիմը պետք է հեռանա։ «Ես, իհարկե, շատ կուզեի, որ այդ թիմը հեռանար ոչ թե այսպիսի պայքարի ուժգնությամբ, այլ հեռանար քաղաքակիրթ, ինչպես միջազգային հանրությունն է դիտում իր պետություններում։ Բայց, ցավոք, Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը մեզ պարտադրում է նշաձող իջնեցնել Արցախի հարցում, բայց, չգիտես ինչու, միջազգային հանրության օրինակը, որտեղ պարտված, ձախողված կառավարում ունեցող վարչախմբերը քաղաքակիրթ հրաժարական են տալիս եւ հեռանում են՝ մեզ մոտ չի գործում։ Այսինքն, ցավալի է, բայց Հայաստանում իշխանափոխությունն անգամ 2018թ. հեղափոխությունից հետո, որի կարգախոսն էր ժողովրդավարական հիմքերի ապահովումը, չի գործում, եւ մենք նորից նույն ճանապարհով ենք փորձում իրականացնել դա»։

Դիլբարյանը հավատում է ժողովրդի միասնականության ուժին․ «Կարծում եմ, Եղիշե Չարենցի 125 ամյակի պայծառ լույսի ներքո է անցնում մեր այս տարին՝ ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է, որը միակ ճշմարիտ կարգախոսն է, եւ եթե մենք իսկապես հավաքական որոշում կայացնենք ու հավաքական գնանք հայոց պետականության գաղափարի հետեւից, ժողովուրդը ոչ միայն կգա, այլեւ ինքն արդեն գալիս է եւ հավատում է։ Հավաքական ուժերի զորությունը միշտ կանոնավոր է եւ թույլ չի տալիս այնպիսի բռնություններ եւ աղետներ, ինչպիսին եղան մարտի 1-ին, քանի որ հավաքական ուժը բերում է միասնական նպատակի, իսկ միասնական նպատակը միայն օրենքով է հաստատվում, միասնական նպատակը բռնություն չի հանդուրժում եւ չի բերում քաղաքացիական պառակտման»։