Նախագահի գործիքակազմում գոյություն ունեն որոշակի հնարավորություններ, որոնցից օգտվել է․ իրավապաշտպան

Նախագահի գործիքակազմում գոյություն ունեն որոշակի հնարավորություններ, որոնցից օգտվել է․ իրավապաշտպան

Հայաստանի պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության ապահովմամբ զբաղվող Զինված ուժերի Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հանդես եկավ Հայաստանը և Արցախը կապիտուլյացիայի տարած Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ։ 

Այս հայտարարությանը հաջորդեց Փաշինյանի կողմից ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդագիրը, որն ուղարկվեց նախագահ Արմեն Սարգսյանին՝ այն հաստատելու համար։ Սակայն նախագահը, լինելով պետության գլուխն ու Սահմանադրության պահպանմանը հետևողը, հրաժարվեց պաշտոնանկ անել Գասպարյանին՝ հիմնավորելով, որ «պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել»: Նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությանը հետևեց Փաշինյանի՝ հանրահավաք անելու հերթական մոլուցքի արտահայտումը, որը նախատեսված է այսօր երեկոյան։ Իսկ սրան զուգահեռ Հայաստանում ներքաղաքական խորը ճգնաժամը շարունակվում է։

Այսօրվա տարածած հայտարարությամբ արդեն նախագահի աշխատակազմը հիշեցրեց, որ «Սահմանադրական դատարանն իր 2020թ. մարտի 31-ի ՍԴՈ 1518 որոշմամբ ամրագրել է, որ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) իրականացվող հայեցողական լիազորություններից են զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու այլընտրանքային լիազորությունը»:

Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ «Հրապարակ» թերթը զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։

- Տիկի՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Գլխավոր շտաբի հայտարարությունը։ Որքանո՞վ էր տեղին։  Նախագահը հետ ուղարկեց Գասպարյանի ազատման առաջարկը։ Մի քանի րոպե հետո Փաշինյանը հայտարարեց, որ կրկին ուղարկել է իրենց հիմնավորումներով։ Իրավիճակի հետ կապված ի՞նչ մեկնաբանություն ունեք։

- Այն եզրահանգման եմ եկել, որ իրավիճակը հանգուցալուծելու համար  անհապաղ պետք է հրաժարական [Փաշինյանի հրաժարականը], որից հետո արտահերթ ընտրություններ, հստակորեն։ Թե այդ քայլերի չկատարման, հետաձգման կամ այդ ուղղությամբ հնարավորինս չմտածելու պատրաստակամության պատճառով ինչե՞ր կարող են լինել մեր երկրում, արդեն հետևանքներ են՝ թե որ խումբն ինչպես հանդես կգա։ Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբին։ Սահմանադրության 14-րդ հոդվածով, այո՛,  Զինված ուժերը պետք է պահպանեն չեզոքություն, դա հստակորեն նշված է։ Բայց եթե մենք ընդհանուր սահմանադրական կարգի պահպանման տեսանկյունից ենք դիտարկում, ապա հենց 4-րդ հոդվածով էլ նշված է, որ իշխանության երեք տարբեր թևերը, այսինքն՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները պետք է գործեն միմյանցից զատ՝ փոխադարձ հավասարակշռման շրջանակներում։ Այսինքն՝ սահմանադրական կարգը շատ վաղուց է Հայաստանում խաթարվում՝ սկսած նաև, ի լրումն այն պահի, երբ օրենսդիր և գործադիր տարբեր անձանց միջոցով [29.05.2020, նախորդ օրը Նիկոլ Փաշինյանի և իմքայլականների նախաձեռնած] հայտարարվեց շրջափակել դատարանները։ Դա նշանակում է, որ տևականորեն թե՛ սահմանադրական կարգի խախտման երևույթներ են նկատվել, և թե՛ այդ երևույթները հստակ գնահատական չեն ստացել իրավապահ համակարգի կողմից։ Եվ մինչ այժմ էլ տեսնում ենք այդ խախտումների հետևողական շարունակականությունը։ Այդ խախտումները նաև հետևանք են նախկին խախտումների, որոնք որևէ կերպ չեն կանխվել կամ ընդունվել են, որ «բոլորս վարչապետի հրահանգը պետք է կատարենք»։

- Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում նախագահի կողմից  [Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու] առաջարկը հետ ուղարկելը։ Նախագահն ինչպե՞ս է գործել։ Կատարե՞լ է իր դերը որպես Սահմանադրության երաշխավոր, որպես պետության գլուխ։ 

- Իրականում, չեմ կարող հստակ մեկնաբանել նախագահի գործողությունները։ Նա հիմնավորել է, որ խորհրդակցություն է ունեցել իրավաբանների հետ։ Եվ հիմնավորումներում նշված է, թե ինչու է առարկություններով ետ ուղարկել։ Այստեղ նաև նախագահը կարող էր դիմել Սահմանադրական դատարան, որպեսզի տվյալ հրամանագրի հետ կապված դիտարկվեն գործողությունների սահմանադրականությունը։ Այսինքն՝ նրա գործիքակազմում գոյություն ունեն որոշակի հնարավորություններ, որոնցից օգտվել է։

- Իսկ, տիկի՛ն Հովհաննիսյան, որ նախագահը հետ ուղարկեց առարկություններով, Փաշինյանը մի քանի րոպե հետո հայտարարությամբ հանդես եկավ, հետո նախագահի աշխատակազմը պատասխանեց, որից հետո Փաշինյանը հանրահավաք անելու կոչով հանդես եկավ, դա ինչպե՞ս եք գնահատում։

- Ընդհանրապես ժողովրդին մանիպուլացնելն ու հանելը փողոց, հատկապես՝ իշխանության կողմից, համարում եմ բացասական երևույթ։ Որովհետև իշխանությունը բավարար լծակներ ունի իր ներսում գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար։ Եվ այդ մեխանիզմները շատ բազմազան են և տարբեր։ Եվ այդ գործիքակազմը շատ հստակորեն ամրագրված է օրենսդրական շրջանակներում։ Ուստի ժողովրդին անընդհատ մանիպուլյացիաների ենթարկել, դուրս հանել փողոց, այն դեպքում, երբ կոնկրետ Փաշինյանի լիազորությունների և ազդեցության ներքո է թե՛ կառավարությունը, թե՛ Ազգային ժողովը, համարում եմ ժողովրդին հերթական անգամ սադրանքների ենթարկել և հնարավոր բախումներ հրահրել։

- Դուք սկզբում նշեցիք, որ պետք է լինի հրաժարական, հետո ընտրություններ, որ լիցքաթափվի՞ իրավիճակը։ Այդպե՞ս եք կարծում։

-  Կարող է լինել հրաժարական, ընտրությունների վերաբերյալ հստակ ժամանակացույց։ Այսինքն՝ տարբեր մեխանիզմներ կան, տարբեր հնարավորություններ կան, որոնք օրենքով են, ամրագրված են։ Հնարավորություն կա իրավիճակը լիցքաթափելու։ Բայց այսօրվա կառավարման համակարգում կանգնած մարդիկ, հատկապես՝ գործադիրի գլխավորությամբ, այսինքն՝ կառավարության ղեկավարը որևէ միջոցով չփորձեց կանխել կամ լիցքաթափել իրավիճակը։ Այն, որ երկրում հստակորեն կա ճգնաժամ, դա կանվանենք «քաղաքական ճգնաժամ», դա կանվանենք «վստահության ճգնաժամ», միևնույն է՝ մենք երկրում ունենք այդ ճգնաժամը։ Եվ այդ ճգնաժամը լուծումներ է պահանջում։ Մենք տեսանք, որ նույն «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ երկրում «արտահերթ ընտրությունների պահանջ չկա»։ Ուստի այս բոլոր տարբեր խմբերի, ի դեպ, մինչև զինվորականները, որպես այդպիսին՝ մասնագիտական հանրույթի շատ տարբեր խմբեր հայտարարություններով հանդես են եկել։ Սկսած կրթական հանրույթից վերջացրած տարբեր գիտական, մշակութային գործիչներով։ Այսինքն՝ այս բոլոր կոչերն ընդհանրապես անտեսվել են։ Իսկ անտեսումների դեպքում իրավիճակը հնարավոր է հասցնել բավական լուրջ պայթյունների և բախումների։ Տեսնում եմ, որ երկիրն ընթանում է հենց այդ ճանապարհով։

- Տիկի՛ն Հովհաննիսյան, անհրաժեշտ համարո՞ւմ եք ժամանակավոր կառավարության ստեղծումը, եթե այո, ապա ումի՞ց պետք է կազմված լինի այդ կառավարությունը։

- Իրականում շատ կուզենայի, որ լիներ այն մթնոլորտը, որը նպաստեր բազմաշերրտ, ներառական, միմյանց նկատամբ հարգանքի և վստահության մթնոլորտում ձևավորված ժամանակավոր իշխանության, որը կնախապատրաստեր ընտրություններ երկրում։ Եվ երաշխավորը կլիներ ազատ և արդար ընտրությունների։ Ցավոք, Հայաստանում առկա բոլոր ուժերը փորձեցին օգտագործել թշնամանքի բառապաշարը, միմյանց բացառելու բառապաշարը։ Եվ այսօրվա իրավիճակում, ցավոք, ներառական և բազմաշերտ կառավարություն կազմելը կարող է լինել բավականին դժվար։ Ես դժվարանում եմ ասել, որ այդպիսի կառավարոթյուն կարող է ձևավորվել։ Ես երբևէ չեմ պատկերացնում, որ թշնամանքի լեզու օգտագործած ցանկացած տիպի միավորում, կլինեն ընդդիմադիր միավորումները, դա կլինի իշխանական ուժերի մոբիլիզացիան, կկարողանան երկրում երաշխավորել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։ Մենք հիմա երկրում ունենք այնպիսի իրավիճակ, որ, ցավոք սրտի, բոլոր կողմերը բացառել են։ Ցավոք սրտի, երկխոսության միջոցով իրավիճակը հանգուցալուծելու պատրաստակամություն չեմ տեսնում։

- Հրաժարական տվեց, հեռացավ, ո՞վ պետք է վերահսկի ընտրությունները, այդ հարցն ինչպե՞ս լուծել։

- Դե Սահմանադրական գործիքակազմով։ Սահմանդրությունն ասում է, թե ինչպես պետք է անցկացվեն հրաժարականից հետո։ Օրենքը նախատեսում է այդ բոլորը, նոր բան հայտնաբերել պետք չէ։

- Այսինքն՝ լուծումները մնում են առկախվա՞ծ։

- Լուծումները լինելու են բնականաբար, բայց լինելու են այն կողմից, ով որ առավել բիրտ ուժ ցույց տվեց, ով առավել ուժային մեթոդների գնաց։ Ցավոք, այդպես է լինելու, որովհետև ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը չեն նախապատրաստում այն մթնոլորտը, որը կարող է վստահություն առաջացնել հասարակության մեջ։ Եվ հասարակությունը փորձ անի բոլոր շերտերով համամասնակից լինել կա՛մ ընտրություններին, կա՛մ վստահ լինի, որ ընտրությունները երաշխավորված են առանց ընտրակեղծիքների։ Պրակտիկան է ձևավորվել այս տարիներին։ Ով ունի վարչական լծակներ, փորձում է գործադրել։ Կամ ուժային մեթոդներով, ընտրակաշառքի մեթոդներով, որը բերում է ազատ ընտրությունների բացառմանը։ Եվ միակ բանը ներառականության և վստահության մթնլորոտն է։ Եվ երկրում բոլոր ուժերը, բոլոր առկա հանրույթները պետք է համամասնակից լինեն այդ պրոցեսներին, հնարավոր է, որ մի բանի հասնեն։ Բայց ասում եմ, որ փոխբացառաող հռետորաբանություն է տարվում, որը միայն բախման լեզուն է։    

- Կարծիք կա, որ ժամանակավոր կառավարությունը ձևավորված լինի մասնագետներից՝ քաղաքագետներ կլինեն, համալսարանի դասախոսներ, գիտնականներ, տեխնոկրատներ։ Այս մասով ի՞նչ կասեք։

- Դուք ընդհանրապես պատկերացնո՞ւմ եք, որ քաղաքական դաշտը հնարավորություն կտա նմանատիպ չեզոք մարդկանց ներգրավել պրոցեսների։ Այսօրվա քաղաքական դաշտում ամեն մեկն իրեն է տեսնում որպես ամենաազնիվը և ամենապատասխանատուն։ Երկրում այդ մթնոլորտը չի ձևավորվել, որ մասնագիտական հանրույթները հարգված լինեն։ Քանի՞ մասնագիտական հանրույթ հանդես եկավ լուծումների վերաբերյալ տարբեր մոտեցումներով։ Որևէ մեկի խոսքը իշխանության կողմից չընդունվեց և չեղարկվեց։ Ակնհայտորեն, երկու կողմերը գնում են բախման։ Դա ամենավատ տարբերակն է։