Մտավախություն կա, որ ՀԱՄԱՍ-ը «տակնուվրա կանի Իսրայելի քաղաքները»․ ի՞նչ է սպառնում հայերին

Մտավախություն կա, որ ՀԱՄԱՍ-ը «տակնուվրա կանի Իսրայելի քաղաքները»․ ի՞նչ է սպառնում հայերին

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպված Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթով Իսրայելից Հայաստան տեղափոխվեցին 149 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայեր։ Նախնական տվյալներով՝ մեկնելու ցանկություն հայտնել էր 190 անձ, իսկ չվերթին ներկայացել և մեկնել էր 149-ը: Դրանից հետո Իսրայելում ՀՀ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որ շարունակվում է Իսրայելից Հայաստան՝ անվտանգության նկատառումներից ելնելով, կամավոր հիմունքներով տեղափոխվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների գրանցումը: 

Ի՞նչ մարտահրավերներ, սպառնալիքներ ունեն հրեական պետությունում ապրող մեր հայրենակիցները և ի՞նչ ճակատագիր է սպասում նրանց․ «Հրապարակ»-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։  

- Թեժ բախումների կիզակետում հայտնվել են ոչ միայն Իսրայելի հարավային և կենտրոնական շրջանները, այլև աշխարհագրությունը, ցավոք, ընդլայնվել է։ Մեզ առաջին հերթին, բնականաբար, մտահոգում են հայաբնակ քաղաքներն ու շրջանները։ Լուրեր կան, որ ՀԱՄԱՍ-ի թիրախում կարող է հայտնվել նաև Հայֆա քաղաքը, որտեղ քիչ հայեր չեն ապրում։ Ի՞նչ վիճակ է, կնկարագրե՞ք։

 - Մեզ մոտ պատերազմական ծանր ու լարված իրավիճակ է․ գիշերը ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակ-խմբ․) տանկերով մտել են Գազայի հատված և սպասում ենք, որ ուր որ է՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները տակնուվրա կանեն մեր քաղաքները։ Այս պահին ՀԱՄԱՍ-ը հարվածում է Իսրայելի հարավային շրջաններին, համատարած օդային տագնապ է։ Ինչ վերաբերում է հյուսիսային քաղաքներին, ապա դրանց սպառնում է ոչ թե ՀԱՄԱՍ- ը, այլ Հեզբոլլահը: Հյուսիսային քաղաքներում Հայֆայի հետ միասին ապրում են մոտ 3000 հայ: Տասնյակ ընտանիքներ հյուսիսային շրջաններից տարհանվել են դեպի Հայֆա ու կենտրոն: Լիբանանի շրջանից շարունակվում են հրեական բանակի հենակետերի ու խաղաղ բնակավայրերի ժամանակ առ ժամանակ հրթիռահարումները, որոնց Իսրայելը պատասխանում է անհամաչափ ուժեղ:

- Իսրայելում ՀՀ դեսպանատունը շարունակում է Հայաստան մեկնել ցանկացող անձանց գրանցումը, բացվել է թեժ գիծ։ Վերջին տվյալներով, Հայաստան է ժամանել 149 անձ, թեպետ նախնական թիվը 190 էր։ Տեղեկություն ունե՞ք, որքա՞ն մարդ է ցանկություն հայտնել անվտանգության նկատառումներով մեկնել Հայաստան և ե՞րբ է սպասվում հաջորդ նման չվերթը։

 - Հոկտեմբերի 22- ին ՀՀ ԱԳՆ– ն վերսկսել է հայերի գրանցումները: Մենք տեղեկություններ չունենք, ցուցակները ունի միայն ԱԳՆ-ն:

- Վստահ եմ, որ Դուք, իբրև իսրայելահայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ և համայնքային կյանքի կազմակերպիչ, նույնպես ներգրավված եք այդօրինակ միջոցառումներում։ Ի՞նչ է անում կոնկրետ ձեր միությունը․ եթե չեմ սխալվում՝ դուք ևս թեժ գիծ ու հատուկ շտաբ էիք բացել։

 - Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունը հոկտեմբերի 9-ին ստեղծել է տեղեկատվական և հայերին աջակցության շտաբ: Այն շարունակում է բնականոն աշխատել և ունենալով ավելի քան 18 տարվա կուտակած փորձ, անում է առավելագույնն օգտակար լինելու համար: Ճիշտ է, հնարավոր չէ ֆիզիկապես բոլոր մեր հայրենակիցների հետ կապ հաստատել, բայց անում ենք հնարավորը մեր հայրենակիցներից տեղեկություններ ստանալու համար: Մենք շարունակում ենք պատերազմի այս ծանր օրերին հավաքել մարդկանցից տվյալներ՝ ըստ անհրաժեշտության օգնության հասնելու համար: Բոլոր քաղաքներում ունենք հայորդիներ, որոնք տեղերում պատրաստ են օգնության հասնել առավել կարիքավոր ընտանիքներին: 
Հայաստանից արդեն շատ մեր տարհանված քաղաքացիներ ու հատկապես հայերին օգնելու ցանկություն ունեցող իսրայելահայեր մեր շտաբին դիմեցին՝ ՀՀ կառավարության Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի հետ կապ հաստատելու խնդրանքով:   «Նաիրի» միության օպերատիվ շտաբի օգնությամբ հոկտեմբերի 18-ին  արդեն տեղական ժամանակով ժամը 16:00-ին տեղի ունեցավ առաջին հանդիպումը տեկին Արմինե Խանյանի և գրասենյակի աշխատակիցների ու աշխատանքների պատասխանատու պարոն Ալեքսանյանի հետ՝ իսրայելահայերին Հայրենիքում արդեն աջակցելու, նրանց զբաղվածության, սոցիալական ու այլ առաջնահերթ հիմնախնդիրների լուծման համար: «Նաիրի» միությունն իր պատրաստակամությունն էր հայտնել օգնել Պետախ Տիկվա քաղաքի թիկունքի ծառայությանն ու պատրաստակամությունն էր հայտնել Պետախ Տիկվայի քաղաքապետ պարոն Ռամի Գրինբերգին՝ աջակցելու քաղաքի բնակիչներին պատերազմական այս իրադրությունում: Թեժ գիծն աշխատում է բնականոն: Օրական կտրվածքով 12-14 ժամ տևողությամբ հեռախոսազրույցներ ենբք ունենում մեր հայրենակիցների հետ:

- Իսրայելի վարչապետ Նեթանյահուն դիմել է ժողովրդին և ազդարարել ցամաքային գործողություն իրականացնելու մասին՝ միաժամանակ չմանրամասնելով դրա անցկացման ժամկետներն ու այլ հանգամանքները։ Հայտնի է նաև, որ անցած գիշեր ՑԱԽԱԼ-ը տանկերով թիրախային հարված է կատարել Գազայի հատվածում, հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի այլ օջախների՝ պատճառելով մարդկային զգալի կորուստներ։ Կարելի՞ է սա համարել ցամաքային օպերացիայի նախերգանք։

- Տանկերով ու ծանր տեխնիկան Գազա մտցնելու համար պետք է որոշակի պայմաններ ստեղծվեն, մինչ այդ էլ փոքրիկ ռազմական օպերացիաներ ՀԱՄԱՍ-ի պարագլուխներին ոչնչացնելու համար տեղի ունենում էին և հրեական զորքերը մտնում - դուրս գալիս էին:  Նախերգանք չեմ կարող ասել, բանակից նման տեղեկություններ չունեմ:

- Վերջերս Իսրայելում հարցում է անցկացվել, ըստ որի՝ պետության քաղաքացիների մեծ մասը պահանջում է վարչապետի հրաժարականը, այդ թվում նաև՝ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Մամուլում էլ լուրեր հրապարակվեցին, որ անցյալ շաբաթ անցկացվել է հերթական հակակառավարական բողոքի ակցիան։ Պատերազմող երկրում ներքին հակասությունները որքա՞ն կարող են ազդել ռազմական գործողությունների արդյունավետության վրա։

 - Բողոքի ակցիաների մասնակիցների թիվը 200-ի էլ չի հասնում։ Ժողովուրդը կհաղթի պատերազմում, իսկ հետո ներքին հարցերը կլուծեն: Սա Բիբիի (Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մականունն է- խմբ․) վերջին ակորդն է: Իսրայելում բողոքի ակցիաները վերաբերում են ռազմագերիների վերադարձին և պետության դեմ չեն, ինչպես նշում են, հիմնականում, ռուսական մամուլում: Իսրայելում պատերազմի ժամանակ արգելված են մարդկամց հավաքները: Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, որևէ արտաքին ուժ կամ ընդիմադիր շարժում չի կարող ազդել հրեա ժողովրդի միասնականության վրա: 

Արա Ալոյան