«Հրապարակ». «Հինգերորդ շարասյան» գործերով որեւէ դատավճիռ առայսօր չկա

«Հրապարակ». «Հինգերորդ շարասյան» գործերով որեւէ դատավճիռ առայսօր չկա

Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, իսկ նրա թիմակիցները կրկնում են, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում Հայաստանը պարտվել է «հինգերորդ շարասյան» ու  «պետական դավաճանների» պատճառով, փաստերն ուրիշ բանի մասին են խոսում։

«Կարծում եմ, որ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ այս՝ իմ արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա: Մյուս կողմից էլ՝ եկեք մի փաստ արձանագրենք. այսօրվա դրությամբ ԶՈՒ 50-ից ավելի զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ:
Հողեր հանձնելու մեղադրանքով մեզ մոտ բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ, մեզ մոտ բարձրաստիճան զինվորական կա, որը մեղադրվում է Շուշիի գործով, եւ երբ դատարանը որոշեց, որ կալանավորի, ինձ համար զարմանալի բան տեղի ունեցավ. մեկ էլ ամենատարբեր մարդիկ Հայաստանից, ԼՂ-ից դատաիրավական համակարգին միջնորդություններ են ներկայացնում, որ մարդկանց կալանքից ազատենք, ներողամիտ վերաբերվենք: Իմ ռեակցիան, երբ որ ես իմացել եմ, հետեւյալն է. դուք չէի՞ք ասում, որ պետք է պարզաբանվի՝ ինչ է եղել ռազմի դաշտում, ինչու է ընկել Շուշին»,- իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ այնքան էր ոգեւորվել, որ պատրաստվում էր «հինգերորդ շարասյան», այսինքն՝ պետական դավաճանության ու լրտեսության գործերով մեղադրյալների գլուխը ջարդել։ «Այո, դա 5-րդ շարասյան գործունեություն է, եւ այդ 5-րդ շարասյան գլուխը պետք ա ջարդվի: Իսկ նրանք, ովքեր երեկվա վարչապետի հայտարարությունից ընկել են սուր հոգեվարքի մեջ, կարծում եմ՝ առնվազն ազդակներ են տալիս այդ 5-րդ շարասյան հետ իրենց առնչության մասին»,- ասել էր Վահագն Ալեքսանյանը։

Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո ՔՊ-ականները «հինգերորդ շարասյուն, հինգերորդ շարասյուն» ասելով ման են գալիս, բայց մի հարց բաց է մնում, թե այդ ինչ փաստեր էր վերլուծել Նիկոլ Փաշինյանը, որ եկել էր նման եզրակացության, որովհետեւ փաստերը, որոնք «Հրապարակի» հարցմանն ի պատասխան տրամադրել են Գլխավոր դատախազությունից, լրիվ հակառակի մասին են խոսում։ Մեր հարցին, թե 44-օրյա պատերազմի ժամանակ պետական դավաճանության առերեւույթ դեպքերի առթիվ քանի քրեական վարույթ կա հարուցված, Գլխավոր դատախազությունից պատասխանել են, որ 2020-2022 թվականներին ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվել է պետական դավաճանության 20 վարույթ, որոնցից 13-ը՝ 22 անձին վերաբերող, ուղարկվել է դատարան, իսկ 7 քրեական վարույթ, որոնք վերաբերում են 34 հոգու, դեռեւս ընթացքի մեջ են։ Դատախազությունից տեղեկացնում են նաեւ, որ դատարան ուղարկված գործերից որեւէ մեկով դատարանի՝ ուժի մեջ մտած դատավճիռ չկա, այսինքն՝ չկա որեւէ փաստ,  որը վարչապետին թույլ կտար նման հայտարարություն անել։ Անգամ եթե շատ ուզենանք եւ այս բոլոր գործերը միավորենք եւ, խախտելով անմեղության կանխավարկածը, հայտարարենք, որ հայտնաբերել ենք 5-րդ շարասյունը, ստացվում է, որ 56 հոգի դուրս են եկել մի քանի միլիոն մարդու, պետության եւ բանակի դեմ ու մեր երկիրը տարել պարտության։ Նկատենք, որ այդ 56 հոգուց մեծ մասը միջինից ցածր կոչում ունեցող զինծառայողներ են ու թիկունքի աշխատակիցներ։
Վարչապետի ասածները հերքող կոնկրետ փաստեր էլ կան։ Օրինակ, պետական դավաճանության մեջ մեղադրվող Արթուր Սարդարյանին կպցրել էին պետական դավաճանի պիտակ, իսկ որոշ ժամանակ անց նրան առաջադրված մեղադրանքը փոխել էին։ Եվ այդ մասին դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անգամ գրառում է կատարել․ «ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով 2022թ. փետրվարի 10-ին Ա. Սարդարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը): 2022թ. հունիսի 10-ին Ա. Սարդարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, եւ նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)»:

Հավանաբար, նաեւ այս գործերի մասին է խոսում վարչապետը՝ դրանք ներկայացնելով որպես պետական դավաճանության մասին խոսող փաստեր եւ «5-րդ շարասյան» գործողությունների ռեալ ապացույցներ։ Արդյունքում ստացվում է, որ վարչապետը հանրությանը պատերազմում պարտության մի պատճառ է հրամցնում, ստեղծում երեւակայական ինչ-որ «հինգերորդ շարասյուն», սակայն որեւէ փաստ, որը կարող է հիմնավորել նրա այդ հայտարարությունը, գոյություն չունի։