Փաշինյանն ուզում է բոլոր հայերին սարքել իր նման

Փաշինյանն ուզում է բոլոր հայերին սարքել իր նման

Մինչեւ վերջերս տեսակետ կար, որ Հայաստանը նման է սեպի, որը խրվել է թուրքական աշխարհի կոկորդն ու չի թողնում, որ այդ աշխարհի գլուխ Թուրքիան միավորվի մարմնի` Ադրբեջանի եւ Միջին Ասիայի թուրքալեզու չորս երկրների հետ: Փաշինյանին իշխանության բերելով՝ այդ սեպը կարծես թե հնարավոր է դադարի գոյություն ունենալուց, քանի որ տեղի է ունենում Հայաստանի արագացված թուրքացման պրոցես։ Փաշինյանը Հայաստանը տանում է թուրքական աշխարհին միանալու ճանապարհով: Երբ նա հայտարարեց, որ ինքը չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում, դա ոչ թե լայնախոհության եւ ազգային հանդուրժողականության դրսեւորում էր, այլ Հայաստանի թուրքացման քաղաքականության քարոզարշավի հերթական մի դրվագ: Եթե 1920 թվականին Խորհրդային Ռուսաստանը չգրավեր ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը, այն վաղուց վերածվել էր Թուրքիայի, եւ այս տարածքի բոլոր բնակիչներն էլ իրենց կհամարեին թուրքեր, եթե անգամ հիշեին իրենց հայկական արմատների մասին, ինչպես դա անում են Թուրքիայի տարածքում մնացած հայերը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ ազգությամբ թուրք չէ, նա էթնիկ լազ է, Ադրբեջանի նախագահ Ալիեւն ազգությամբ քուրդ է, Փաշինյանն էլ հնարավոր է հայկական արմատներ ունի, բայց նրանք բոլորն էլ չեն վիրավորվում, որ իրենց թուրք են ասում, նույնիսկ հպարտանում են, որ իրենք թուրքական աշխարհի մի մասն են: Փաշինյանը փորձում է վերացնել 1920 թվականին տեղի ունեցած պատմական «անարդարությունը». հայ լինելն ի՞նչ մի պատվաբեր բան է, ավելի լավ չէ՞ լինել հզոր թուրքական աշխարհի մի մաս, որը ձգվում է Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա եւ Հեռավոր Արեւելք:

Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին եւ նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելն էլ է Հայաստանի թուրքացման քաղաքականության մի մասը: Փաշինյանը չի կարող հանդուրժել, որ Հայաստանն ունենա կենդանի հերոս․ մարդ, ով իր կյանքը նվիրել է Հայաստանի ու Արցախի պաշտպանությանը, իր կյանքն ու առողջությունը վտանգել է հանուն հայրենիքի պաշտպանության, լինելով ՀՀ պաշտպանության նախարար՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի արդյունքում ոչ թե կապիտուլյացիա է ստորագրել, այլ հրադադարի պայմանագիր է պարտադրել Ադրբեջանին: Փաշինյանը պետք է ամեն ինչ անի Սեյրան Օհանյանին ոչ թե հերոս, այլ հանցագործ ներկայացնելու համար, որովհետեւ թուրքի դեմ կռված, թուրքի նկատմամբ հաղթանակ տարած գեներալը չի կարող թուրքացման գնացող Հայաստանում հերոս լինել: 
Փաշինյանին հանգիստ չի տալիս նաեւ այն միտքը, որ Օհանյանն իրեն ընդդիմացող խմբակցության ղեկավարն է: Համեմատեք Փաշինյանի խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին ու Սեյրան Օհանյանին: Չնայած նման համեմատությունն արդեն իսկ մեղք է, բայց քանի որ բոլորս ենք մեղավոր, այդ մի մեղքն էլ ավելացնենք մեր մեղքերին: Կոնջորյանը բանակում չծառայած, ճամբարափոխ մեկն է, ով ո՛չ կյանքն է վտանգի ենթարկել, ո՛չ առողջություն է կորցրել, միշտ հարմարվել է քաղաքական միջավայրի փոփոխություններին, որի շնորհիվ էլ հայտնվել է իշխանության երկնակամարում, կարիերայի առաջխաղացում ունեցել: Փաշինյանի ամբողջ խմբակցությունում չկա մի մարդ, ով իրապես մասնակցել է Հայաստանի եւ Արցախի պաշտպանությանը, ով բանակում ծառայելով ոչ թե օր է մթնեցրել կամ բանակը թալանել, այլ մասնակցել ու ղեկավարել է ռազմական գործողություններ եւ հաջողության հասել:

Նույնը՝ Արմեն Չարչյանի պարագայում: Մարդը հարգված բժիշկ է, հազարավոր մարդկանց կյանք է փրկել, հեղինակավոր բժշկական կոլեկտիվ ղեկավարել: Ցույց տվեք Փաշինյանի ամբողջ խմբակցությունում գեթ մեկ մարդու, ով նման կենսագրություն ունի, ով թեկուզ ինչ-որ առնչություն ունի հումանիզմի ու մարդասիրության հետ. կա՛մ կատարյալ անմեղսունակներ ու կամակատարներ են, կա՛մ հասարակական տզրուկներ, ովքեր ոչինչ չստեղծելով, պարազիտի նման կպել ու սնվում են հանրային օրգանիզմից: Չարչյանի ընտրությունը եւս պատահական չի կատարվել, եւ մեղադրանքն էլ պատահական չի կարվել. մարդ, ով հազարավորներին հայտնի է որպես կյանքեր փրկող եւ առողջություն պարգեւող, ուզում են սարքել մարդասպան հանցագործ:

Փաշինյանն ուզում է հայ հանրությանը զրկել արժեքներից, արժեքային կողմնորոշիչներից, որ մարդիկ չիմանան, որ թուրքը թշնամի է, որ հայրենիքին ծառայած ու իր առողջությունը նվիրաբերած, թշնամու դեմ հաղթանակ տարած մարդը հերոս է, որ հազարավոր մարդկանց կյանք փրկողը մարդասեր է եւ հումանիստ: Փաշինյանն ուզում է բոլոր հայերին սարքել իր նման՝ անհայրենիք ու անսկզբունք, որ բոլոր հայերն էլ չվիրավորվեն, երբ իրենց թուրք անվանեն, իսկ հետո նաեւ հպարտանան: Իր խմբակցության եւ կառավարության օրինակով նա համոզվել է, որ դա այնքան էլ անիրական չէ․ տեսեք, թե որքան մարդ է խորհրդարանում սպասարկում թուրքական օրակարգը: Փաշինյանը համոզված է, որ իր վարկանիշը որքան էլ ցածր է, որքան էլ հասարակության ավելի մեծ շերտեր են իր ու իր իշխանության նկատմամբ լցված ատելությամբ, բայց դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են իր դատախազ Աննա Վարդապետյանին ու իր պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, որ դեռ հնարավոր է հասնել հայ հասարակության թուրքացման նպատակին:

Ժողովուրդներն ու ազգերը վերանում են ոչ թե այն պատճառով, որ թշնամին մինչեւ վերջին մարդը կոտորում եւ սպանում է տվյալ ազգի ներկայացուցիչներին։ Եթե այդպես լիներ, հայերը վաղուց վերացած պետք է լինեին, այլ որ այդ հանրությունը կորցնում է իր արժեքային համակարգը, լավի ու վատի, թշնամու եւ բարեկամի, հերոսի եւ դավաճանի ընկալումները, որ տվյալ ազգի ներկայացուցիչ լինելը դառնում է ոչ թե հպարտության, այլ ամոթի եւ խայտառակության առարկա: Հիմա Փաշինյանը, նրա դատախազությունը, նրա խորհրդարանը զբաղված են հայ ժողովրդի, նրա արժեհամակարգի ոչնչացմամբ, որովհետեւ միայն այդ դեպքում Փաշինյանը կկարողանա Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մի մասը, հնարավոր կլինի ոչնչացնել այն սեպը, որ խրված է թուրքական աշխարհի կոկորդը ու խանգարում է այդ աշխարհի միասնականացմանը:

Ավետիս Բաբաջանյան