Եթե մեր ժողովուրդը մնա այս քաոսային վիճակում, մենք անգամ 1 քառակուսի հող չենք կարողանալու պահել

Եթե մեր ժողովուրդը մնա այս քաոսային վիճակում, մենք անգամ 1 քառակուսի հող չենք կարողանալու պահել

Մեր հարցերին պատասխանում է գրող, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

- Բավականին դժվար ժամանակներում ենք ապրում: Գրեթե ամեն օր մի նոր արհավիրքի մասին ենք լսում: Ձեր գնահատմամբ` ինչպիսի՞ ժամանակաշրջան ենք այժմ ապրում:

- Ես այդ մասին շատ եմ մտածել: Եթե խոսենք այն մասին, թե ինչպիսի ժամանակաշրջան ենք ապրում, ապա վաղը նոր կավարտենք մեր զրույցը: Այսօր տեղի ունեցողը նախկինում մեր չարած գործերի հետեւանքն է, հիվանդություններն ու պրոբլեմները չտեսնելու, դրանք անտեսելու: Երեկ Հայկ Ասատրյանի 123- ամյակին նվիրված միջոցառմանն եմ մասնակցել, ներկայացրել եմ, թե 1930-ականներին հայ իրականությունն ինչպիսի շրջան է ապրել, եւ ինչ անել՝ սխալները չկրկնելու համար: Լսարանում կար 60 մարդ, որոնք բոլորն էլ պատճառները հասկացան, սակայն այն բոլոր խորհուրդները, որ տալիս էր Հայկ Ասատրյանը, մենք վերջին հարյուր տարվա ընթացքում չկիրառեցինք: Գահավիժումը շարունակվում է, առաջ դանդաղ էինք գահավիժում, հիմա արագացել է:

- Ի՞նչ պետք է անել գահավիժումից խուսափելու համար:

- Նախ պետք է հասկանալ, թե ինչու ենք գահավիժում: Ես միլիոն տարի է՝ հայ քաղաքական դաշտի ուշադրությունը փորձում եմ հրավիրել հենց այս հարցի վրա, սակայն չի ստացվում:

- Ասում եք, որ խնդիրներն անցյալից են գալիս:

- Դե, հենց դա է պատճառը: Պատկերացրեք՝ մի հարազատ ունեք, որը շատ լուրջ հիվանդ է եղել, եւ որին դուք ուշադրություն չեք դարձրել: Ով էլ ասում է՝ նա հիվանդ է, ասողից նեղանում եք, նրան վատաբանում եք, ասում եք` հիվանդը դու ես։ Այ, նման վիճակում է Հայաստանը: Գնալով վիճակը վատանում է:

- Հայաստանն ու Արցախը կանգնած են լրջագույն աղետի առաջ: Գուրգեն Արսենյանն էլ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ չպետք է 3 միլիոն հայի կյանքը վտանգել հանուն 120 հազար արցախցու: Նման տեսակետներին ինչպե՞ս եք վերաբերվում Դուք: Ի՞նչ կապ ունի այս տեսակետն անցյալի սխալների հետ:

- Երբ հասարակությունն ախտահարված է, իշխանությունը ծնվում է ամենաախտահարված մասից: Այն, ինչ մենք այսօր լսում ենք, դա վառ ցուցիչն է այն բանի, որ մեր հասարակությունն ախտահարված է: Առաջ էլ կար այդ հիվանդությունը, սակայն այսքան ցցուն չէր: Մետաստազների պես դա մեզանում տարածվել է: Հիմա հասել ենք ամենացցուն մասին:

- Ի՞նչ ասել է ախտահարված հասարակություն:

- Նորմալ հասարակության մեջ հասարակության գոնե 10 տոկոսն ունենում է պետական մտածողության, համայնքային, քաղաքային եւ այլն: Նորմալ հասարակություններում այդ մարդիկ իրենց բարեկեցությունը տեսնում են իրենց իսկ գյուղի, քաղաքի, երկրի զարգացման միջոցով: Մեր դժբախտությունն այն է, որ անգամ այդ 10 տոկոսը վերացել է: Մնացել է մեկ տոկոս կամ 0,5 տոկոս: Սա արդեն հիվանդ հասարակություն է, որը չի կարողանում իր զարգացումն ապահովել: Եթե գոնե 10 տոկոսն ունենար վերլուծական միտք, ապա կկարողանար մնացյալ 90 տոկոսին վերահսկել: Քանի որ անգամ չկա այդ 10 տոկոսը, մենք հայտնվել ենք այս վիճակում:

- Նշում եք, որ ունենք ախտահարված հասարակություն, ուստիեւ՝ ախտահարված իշխանություններ: Ի՞նչ են անում այսօր իշխանությունները Հայաստանի եւ Արցախի հետ:

- Նախ պետք է հասկանալ, թե ում իշխանություններն են նրանք:

- Ո՞ւմ իշխանություններն են:

- Դա էլ արդեն Դուք մտածեք:

- Վարչապետն ասում է, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, 2021-ին էլ պարզ ու թափանցիկ արտահերթ ընտրություններ եղան:

- Նրանից, ում այս հասարակությունը սիրում է, հարկավոր է զգուշանալ: Ես դեռ 20 տարի առաջ եմ ասել` սարսափում եմ այն իշխանությունից, որը կձեւավորվի ազատ եւ թափանցիկ ընտրություններով: Հիմա մենք թողեցինք՝ ազատ, անկախ ընտրություններ տեղի ունենան:

- Այդ դեպքում ի՞նչ է ստացվում, որ մեզ դեմոկրատական արժեքներ հարկավոր չե՞ն: Փաստորեն, հայ հասարակությունը դրան արժանի չէ՞:

- Արդեն քանի տասնամյակ է՝ ես ասում եմ` ժողովրդավարությունը ռումբ է, որը դրել են մեր պետության տակ, որպեսզի պայթենք: Դա մեր խելքի բանը չէ:

- Ինչո՞ւ: Ինչի՞ հետեւանք է դա, օրինակ՝ ինչո՞ւ հարեւան Վրաստանը կարողացավ ժողովրդավարությամբ առողջ օրակարգ ձեւավորել, սակայն մեզ մոտ չի ստացվում դա անել:

- Որովհետեւ տարբեր են ժողովուրդները: Կան տարբեր քաղաքական զարգացվածություն ունեցող հասարակություններ, սակայն, իմ կարծիքով, Ձեր նշած Վրաստանն այնքան էլ անկախ պետություն չէ:

- Ի՞նչ պետք է անի այսօր Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը:

- Բոլորն են ախտահարված: Շատ ծանր վիճակ է: Հայտնվել ենք գերճգնաժամային վիճակում: Եթե ընդդիմությունն ունի գոնե բավարար խոհեմություն, պետք է փորձի հասկանալ իրականությունը, ընդդիմությունը պետք է պարզի, թե ովքեր են մեր թշնամիները, ովքեր են կանգնած այդ թշնամիների թիկունքում, ինչ շարասյուներ ունեն նրանք Հայաստանում եւ առհասարակ ինչ ծրագրեր ունեն՝ մինիմալ, մաքսիմալ թե միջին: Այնուհետեւ պետք է ինվենտարիզացիա արվի, թե անհանգիստ մարդիկ ինչ ռեսուրսներ ունեն եւ ինչ կերպ կարող են հակազդել թշնամիների ծրագրերին։ Կան բացահայտ եւ ոչ բացահայտ թշնամիներ, ընդդիմությունը նախ պետք է նրանց իրարից տարբերի:

- Այսօր իշխանափոխությունն անհրաժեշտ համարո՞ւմ եք:

- Իշխանափոխությունն անհրաժեշտ է եղել միշտ` երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների իշխանավարման ժամանակ: Հայաստանում իշխանություն հնարավոր է փոխել միայն այն դեպքում, երբ արտաքին ուժերից որեւէ մեկը ցանկանում է դա: Մնացյալ դեպքերում դա անհնար է:

- 2018-ին նույնպե՞ս արտաքին ուժերի ազդեցությամբ տեղի ունեցավ իշխանափոխություն։

- Ինչու՝ Դուք կասկածնե՞ր ունեք: Դա առավել քան ակնհայտ է:

- Արտաքին ո՞ր ուժերի ցանկությամբ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն:

- Նայեք, թե այս իշխանություններն ինչ ծրագրեր են իրականացնում, ինչ քայլեր ու գործողություններ են կատարում, եւ ամեն ինչ կհասկանաք:

- Արդեն երկու ամիս է՝ Արցախը բլոկադայի մեջ է: Այս ուղղությամբ ի՞նչ պետք է արվի:

- Բարդ հարց է: Ես անձամբ չունեմ լուծում: Իշխանությունները հանձնված են, ընդդիմության կեցվածքն էլ չեմ հասկանում: Բարդ հարց է: Ես միջազգային հարցերի գիտակ չեմ, սակայն եթե մեր ժողովուրդը մնա այս քաոսային վիճակում, մենք անգամ մեկ քառակուսի հող չենք կարողանալու պահել: Ինքնակազմակերպվել է պետք:

- Նախկին երեք նախագահներն ի՞նչ կարող են անել այսօր:

- Եթե նրանք ունեն մարդկային եւ ֆինանսական ռեսուրս, կարող են ինչ-որ մի բան անել, հատկապես՝ վերոնշյալ անելիքները։