ԱՆ-ն ֆինանսավորում է անտանելի ու որակ պահանջում

ԱՆ-ն ֆինանսավորում է անտանելի ու որակ պահանջում

Իշխանությունները քնում-զարթնում՝ մի նոր բան են հորինում, որ մարդկանց քաշքշեն։ Մարդիկ առավոտյան արթնանում են ու մամուլից տեղականում, որ հիմնարկը, ուր աշխատում են, փակվում է, լուծարվում, օպտիմալացվում։ Քիչ է կորոնավիրուսի համավարակի այս «նեղ մաջալը»՝ իրավական ակտերի հրապարակման միասնական էջում հայտնվել է մի նախագիծ, որով նախատեսվում է «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ին միացնել Հրազդանի, Գյումրու, Արմավիրի, Լոռու մարզային արյան փոխներարկման կայանները։  

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բացատրվում է այսպես․ «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքով սահմանված արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման գործընթացի կարգավորումն ու վերահսկողությունը, հավաքված արյան և դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովումը, արյան և դրա բաղադրամասերի ռացիոնալ օգտագործումը և խոտանի նվազեցումը»։

Նախագծի մշակման հիմք են հանդիսացել առողջապահության նախարարության կողմից 2018 թվականին իրականացված ուսումնասիրությունները (ուսումնասիրվել են արյան հավաքման, հետազոտման, մշակման և պահպանման ներկայիս վիճակը, կադրային և սարքավորումներով հագեցվածության մակարդակը, ինչպես նաև բոլոր այն գործոնները, որոնք պոտենցիալ ռիսկայնություն կարող են առաջացնել արյան և դրա բաղադրամասերի բավարար ու պատշաճ որակի պաշար ունենալու համար), որի արդյունքում առավել խնդրահարույց են համարվում ՀՀ-ում արյան հավաքումն իրականացնող ենթակառուցվածքները, քանի որ գործող կայանները գտնվում են շատ վատ վիճակում, մասնավորապես՝ դրանց բացարձակ մեծամասնությունը չի համապատասխանում սահմանված նորմերին ինչպես շենքային, այնպես էլ սարքավորումային և սանիտարական նորմերի պահպանման տեսանկյունից:  

«Հրապարակը» զրուցել է Սյունիքի արյան մարզային կայանի ղեկավար Արթուր Առաքելյանի հետ, ով համամիտ չէ։ Ասում է, որ, իհարկե, արյան անվտանգությունն ապահովվել է։ Արթուր Առաքելյանի խոսքով՝ մարզային կայանների ապահովումն անտանելի է։ «Ինչքան տարի որ եղել է, անտանելի է եղել։ Հիմա եթե ծառայությունը պահելու համար փող են տալու, լավ ա, որ միացնում են, թեկուզ մենք էլ չլինենք, բայց եթե նույնը պետք է անեն․․․»։

Կայանի տնօրենի խոսքով՝ ամենաանհրաժեշտ սարքավորումը՝ ցենտրիֆուգան, տարիներով խնդրում են առողջապահության նախարարությունից, ոչ մի բան։ «Ցենտրիֆուգա, որը գլխավոր սարքավորումն է, էս պահին անհրաժեշտ է, որ այն փոխարինվի»,-նշում է կենտրոնի ղեկավարը։  «Իմ համար զարմանալի է, որ արդյունաբերության էս ահագին հաստատությունները, որ կան մարզում, չհաշված Որոտանի հիդրոէլեկտրակայանի համակարգը, որ միլիարդների մեջ են, էսքան ժամանակ բարձրաձայնում ենք, որ ցենտրիֆուգան գլխավոր սարքավորումն ա․ ոչ մի բան»,- ասում է Սյունիքի արյան կայանի ղեկավարը։ Նրա խոսքով, եթե չլիներ իրենց՝ արյան բաղադրամասեր պատրաստելու վճարովի ծառայությունը՝ սեփական արտադրանքի համար, ընդհանրապես յոլա չէին տանելու։

Կենտրոնի ղեկավարը նշում է, որ որոշման մասին պատահաբար է իմացել, թեև մեկ տարի առաջ նման բան ասվել է։ Հարցին, թե, լավ, Սյունիքը հեռավոր մարզ է, վթարներ են լինում, տարերային աղետներ, ի վերջո՝ 90-ականներին պատերազմական գոտի էր, մեկ կայան չլինի՞, ասաց, որ որքանով տեղյակ է՝ ցանկանում են կայանները դարձնել կա՛մ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մասնաճյուղ, կա՛մ բաժին։ Բայց հաստատ չի կարող ասել, քանի որ նախարարությունից ոչ մի բան չեն հայտնել։ Սրանից ենթադրվում է, որ շենքերը մնում են, և, փաստորեն, հաշվապահությունն ու ինչ-ինչ տեխնիկական հաստիքներ են կրճատվելու։ Լոռու արյունաբանական կենտրոնից բժշկուհի Մարգարյանն էլ ասաց, որ իրենք ենթակա մարդիկ են, ինչպես կորոշեն, այնպես էլ կանեն։

«Ոնց կառավարությունը կորոշի, այպես էլ կանենք»,- ասաց նա և չթաքցրեց, որ, այո, սարքավորումներն արդիականացնելու խնդիր ունեն։

Հավելենք, որ, որպես իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն, նշվում են նախարարության 2018թ․ ուսումնասիրության արդյունքները։ Ուսումնասիրվել են գործող կայաններում առկա կադրային ներուժը, աշխատողների վերաբերյալ տեղեկատվությունը. քանիսն են աշխատում, քանիսն են թոշակառու և վարչական մասի աշխատակիցներ: Ուսումնասիրությունների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել արյան խոտանի տեսակարար կշռին: Բոլոր կենտրոններում այն առկա է, սակայն կան կենտրոններ, որոնք մտահոգիչ են, մասնավորապես՝ 2018 թվականի ընթացքում հավաքագրվել է 4 հազար 70 պարկ արյան բաղադրամաս (էրիթրոցիտային զանգված և թարմ սառեցված պլազմա), իսկ 834 պարկ արյան բաղադրամաս խոտանվել է: Պատճառները կարող են լինել մի քանիսը. մասնագետները ճիշտ չեն հավաքում արյունը, նրանց հավաքած արյունը մեծ պահանջարկ չի վայելում․ մարզային կայաններն ունեն իրարից տարբերվող և ոչ օպտիմալ կառուցվածք և կադրային խնդիրներ, մասնավորապես մեկ մարզային ստորաբաժանման հաստիքացուցակը հասնում է մինչև 18,5 հաստիք (օրինակ` Լոռու մարզային արյան փոխներարկման կայան), իսկ մեկ այլ կայանում` 9,5 (օրինակ` Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան): 
Ուստի, կառավարությունում գտել են, որ արյան ծառայությունն անհրաժեշտ է կենտրոնացնել։