Հոգու կանչ էր

Հոգու կանչ էր

Իմ լավ բարեկամ Ռոբերտ Մաթոսյանը, ում հետ հեռավոր 1963 թվականին ընդունվել ենք Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, հիշարժան մի դեպք է ներկայացրել ուսանողական տարիների միջավայրից: 1964-ի ապրիլյան օրերին լուսանկարչությամբ զբաղվող ընկերոջս առաջարկեցի համառոտ տեքստով, հայոցս միակամության, էրգրում մնացած հողերի ու Մասիսների հիշատակումով կազմված մի թռուցիկ լուսանկարել՝ այն մեր ժամանակավոր բնակության վայր՝ թիվ 2 հանրակացարանի սենյակների դռների տակից սղղացնելով տարածելու նպատակով: Մտահղացումն իրականություն դարձրինք, «Կոչ հայ ժողովրդին»-ը, իր պարզունակությամբ, թե պարզամտությամբ հանդերձ, իրողություն դարձավ, որն ընկերս հանրությանն էր ներկայացրել «Հրապարակի» էջերում՝ «Համալսարանական թռուցիկ, որն այսօր պետք չէ» վերնագրով:

Հարգարժան ընկերս իր վերհուշի ընթացքում հարց է ուղղում, թե ով էր տեքստը կազմել, որին ի պատասխան ասել եմ. հայրենաբաղձի ընտանիքում ծնվածի հոգու կանչ էր: Որպես ասվածի ապացույց՝ ներկայացնում եմ ԵՊՀ-ի ուսխորհրդի կազմակերպած գիտական նստաշրջանում կարդացած եւ արխիվումս պահպանված 22 էջանոց զեկույցի առաջին պարբերության լուսանկարը, որն ավարտվում է «շրջան, որը համաշխարհային պատմագրության մեջ մտավ որպես նորագույն պատմության ամենասեւ էջերից մեկը» խոսքերով:

Այսօր, հետադարձ հայացք նետելով մեր պատմության այդ հատվածին, ընդունում եմ, որ այդ շրջանում ավելին ասելու համարձակությունս չէր հերիքել. 65-ն իր արձանագրված ծավալներով թերեւս դեռ կանխատեսելի չէր:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ