Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

Այսօր՝ ապրիլի 17-ին, Հայաստանի ազգային հերոս,  պետական, քաղաքական  գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։ Նա այսօր կդառնար 92 տարեկան։

Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում։ 1949-1954 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն։

1961 թվականին՝ ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը։

1954-1955 թվականներին աշխատել է Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, 1955 թվականից՝ Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ տեխնոլոգ, արտադրամասի ավագ վարպետ, պետ, կուսկոմիտեի քարտուղար, գլխավոր ճարտարագետ, տնօրեն։ 1964-1972 թվականներին եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972-1974 թվականներին՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար, ապա՝ առաջին քարտուղար, 1991-1999 թվականներին՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն։

Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-1988) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա-Սևան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը, Մասիս-Նուռնուս և Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Սևան-Մարտունի երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ։

1975 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին։ Նրա ջանքերով 1978 թվականի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980 թվականին կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի-Քաջարան ավտոմայրուղին, Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը։ Կարեն Դեմիրճյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ 1991-1999 թվականներին Կարեն Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից մեկը՝ «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն։ 1998 թվականին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), 1998 թվականին նա առաջադրվեց որպես Հանրապետության նախագահի թեկնածու։

1999 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Սարգսյանի հետ)։ 1999 թվականի մայիսին ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ։ Հանրապետության զարգացմանը նա կարողացավ համակարգված բնույթ տալ՝ հստակեցվեցին զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի՝ մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները։