Այս ամենի հեղինակը Հայաստանի ժողովուրդն է

Այս ամենի հեղինակը Հայաստանի ժողովուրդն է

Այն ամենը, ինչ 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո տեղի ունեցավ Արցախում եւ Հայաստանում, դրա միակ հեղինակը հայ ժողովուրդն է: Գամ նախապատմությունից: 1988թ. համազգային շարժման հենց առաջին օրերից Հայաստանում դե ֆակտո իշխանությունն անցել էր ժողովրդի ձեռքը, սակայն, քանի որ խորհրդային տարիներին ժողովուրդը համարյա ոչնչից՝ անկախությունից, քաղաքականությունից, ժողովրդավարությունից, աշխարհաքաղաքական հարաբերություններից, կառավարումից, ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերություններից, պետական ինստիտուտների բովանդակությունից բացարձակ տեղյակ չէր, բնական է, որ նա շարունակաբար սխալվելու է: Նա միայն հեզորեն կառավարվել էր, հետեւաբար, մշտապես սխալվելու էր եւ աստիճանաբար իր ձեռքից բաց էր թողնելու եղած դե ֆակտո իշխանությունը:

Դա նման է նրան, որ, ասենք, 6-րդ դասարանի աշակերտը փորձի վիրահատել հիվանդին: Բայց ժողովուրդը նաեւ բավականին արագ հասկանում եւ յուրացնում էր ժողովրդավարության նրբություններն ու աստիճանաբար կողմնորոշվում ընտրական գործընթացներում։ Սակայն օրվա իշխանությունները ձեւավորեցին ընտրակաշառքի ինստիտուտը, եւ ընտրողները շեղվեցին արժանավորին ձայն տալու սկզբունքից:

Լրիվ նոր իրավիճակ առաջացավ, երբ ժողովրդի ճնշմամբ իշխանության եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, եւ վարչապետ նշանակված Նիկոլ Փաշինյանն ազդարարեց, որ Հայաստանն ունի 3 միլիոն վարչապետ, այսինքն՝ պետության ցանկացած քաղաքացի համարվում է երկրի վարչապետ: Ժողովուրդը նախ իշխանության բերեց «Իմ քայլը» դաշինքին, ապա՝ 2021թ. հունիսի 20-ին, ՔՊ կուսակցությանը: 

2020թ. արցախյան պատերազում մենք պարտություն կրեցինք, կորցրինք Արցախի տարածքի 75 տոկոսից ավելին, ունեցանք մի քանի հազար զոհ, անհայտ կորածներ, գերիներ եւ վիրավորներ: Ցավոք, նոյեմբերի 9-ի, այսպես ասած՝ հրադադարից հետո Ադրբեջան-Թուրքիա հրեշավոր տանդեմը շատ ավելի ոգեւորվեց եւ սկսեց հերթով վերցնել արդեն Հայաստանի տարածքները: Փաստացի, նրանք ոչ մի դիմադրության չհանդիպելով՝ խորանում են մեր տարածքներից ներս ու իրենց երկրի պետական ատրիբուտներն են տեղադրում մեր տարածքում՝ դրոշներ, ցուցանակներ, մաքսակետեր: Փաստելով, որ այդ տարածքներն արդեն անդառնալիորեն պատկանում են իրենց:

Իհարկե, այս եւ բազմաթիվ այլ հարցերում իշխանություններն ունեն իրենց սխալներն ու բացթողումները, սակայն այս ամենի բուն մեղավորը ժողովուրդն է, քանզի նա իր վերահսկողության տակ չպահեց իր ընտրյալներին, նրանց օժտեց մանդատով, բացեց կանաչ ճանապարհ եւ ասաց՝ դե աշխատեք: Նրանք էլ, ստանձնելով երկրի ղեկավարման լիազորությունները, իրենց պատկերացումներին համապատասխան սկսեցին կառավարել երկիրը՝ ազատորեն որոշումներ կայացնելով: Եվ չտեսանք, որ մի անգամ ժողովուրդը հավաքվի եւ ասի՝ պարոնայք իշխանություններ, այս ի՞նչ եք անում, բա մենք ձեզ սրա համա՞ր ենք մանդատ տվել, կանգ առեք, խելքի եկեք, նման բաներ թույլ մի տվեք, այլապես, ոնց տվել ենք այդ մանդատները, նույնկերպ էլ ետ կվերցնենք: Եվ ոչ մի անգամ հարց չի հնչեցվում, թե ինչու է ժողովրդի մեծամասնությունը ձեռք քաշել Արցախից, ինչու է Հայաստանի տարածքները եւս Ադրբեջանին հանձնում:

Կարծում եմ, ժողովուրդն անգամ ավելիին է պատրաստ՝ հանգիստ կարող է նոր տարածքներ եւս տալ, միայն թե տարածաշրջանում լինի խաղաղություն: Մեր միամիտ ու վախկոտ ժողովրդին թվում է, որ եթե Ադրբեջանին հանձնվի այնքան տարածք, որքան նա է ուզում, ապա խաղաղություն կհաստատվի, ու իրենք խաղաղ կապրեն: Իսկ հնարավո՞ր է, որ ժողովուրդը (մեծամասնությունը) համաձայնի, որ Հայաստանն ամբողջությամբ անցնի Ադրբեջանի տիրապետության տակ, միայն թե խաղաղություն հաստատվի: Դա նշանակում է, որ մեր ժողովրդին միմիայն հարկավոր է առանց պատերազմի ապրել, թքած, թե կկորցնենք մեր պետությունն ու պետականությունը եւ հպատակի կարգավիճակում կմնանք թուրքի տիրապետության տակ:

Փաստորեն, Արցախում եւ Հայաստանում ստեղծված վիճակի միակ հեղինակը հայ ժողովուրդն է:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ