Պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր էսկալացիայում որքան է Իրանի «ներդրումը»

Պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր էսկալացիայում որքան է Իրանի «ներդրումը»

Հոկտեմբերի 7-ից թեժացման նոր փուլ թեւակոխած պաղեստինա-իսրայելական հակամարտությունը եթե ժամանակին չդադարեցվի, հնարավոր է, որ իր մեջ ներքաշի այլ երկրների եւ ի վերջո հանգեցնի Մերձավոր Արեւելքում այնպիսի մի «հրդեհի բռնկման», որը հանգցնելու համար տարիներ կպահանջվեն։ Արդեն իսկ խոսվում է այն մասին, որ Իրանը որոշակի գաղտնի կապ ունի տեղի ունեցողի հետ, թեեւ ՄԱԿ-ում Թեհրանի լիազոր ներկայացուցիչը հերքել է այդ լուրերը, սակայն եւ նշել, որ Թեհրանը վճռականորեն աջակցում է Պաղեստինին։

Ըստ տարածված տեսակետներից մեկի՝ «Իրանը որեւէ կերպ մտադիր չէ մասնակցել այս հակամարտությանը, այլ դիտելու է, թե ինչպես է այն թեժանալու եւ ծավալվելու», անուղղակի օգնելով այն ուժերին, որոնք պայքարում են, Թեհրանի բառապաշարով ասած՝ «սիոնիստական ռեժիմի» դեմ։ «Թեհրանը, ըստ այդմ, ունի բավարար հնարավորություններ՝ Իսրայելի կյանքը դժոխքի վերածելու համար։ Դրա համար էլ ասել, որ իրանական ղեկավարությունը վախենում է, սխալ է։ Իրականում Թեհրանում երբեք էլ չեն հայտարարել, որ ցանկանում են ոչնչացնել հրեական պետությունը։ Թեհրանում սովորել են այն բանին, որ իրենց խոսքերն աղավաղվում են, սակայն նրանք ՄԱԿ կանոնադրությունը չեն խախտել»։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ Իրանին ցանկանում են ամեն կերպ ներքաշել մերձավորարեւելյան այս նոր ճգնաժամի մեջ։

Ընդ որում, դա անում է թե՛ ՀԱՄԱՍ-ը, թե՛ նրա հակառակորդները։ Սակայն Թեհրանին հիմա դա պետք չէ՝ ներքաշվել հակամարտության մեջ, թեեւ հակամարտությունը, ընդհանուր առմամբ, ձեռնտու է։ Այստեղ կարեւորն այն է, թե «արդյոք հասուն մեկը կգտնվի՞», ով թույլ չի տա, որ այս առճակատումը վերածվի լայնածավալ հակամարտության։ Առայժմ հույս կա, որ հնարավոր կլինի հակամարտությունը դադարեցնել, քանի որ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Չինաստանին, ո՛չ էլ տարածաշրջանից՝ Թուրքիային եւ Սաուդյան Արաբիային դրա ծավալումը պետք չէ։

Շատ փորձագետների համար ուշագրավ էր այն, որ ԱՄՆ-ն զերծ մնաց հաստատելուց, որ Իրանն է կանգնած եղել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւում։ Նույնիսկ այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ից հայտարարեցին, որ անմիջականորեն աջակցել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաները, եւ Թեհրանն էլ հավանություն է տվել հարձակմանը։ Պատճառը, ըստ նրանց, այն է, որ եթե հայտարարեն, որ, այո, Իրանն է այս ամենի հետեւում կանգնած, ապա ստիպված կլինեն Թեհրանի դեմ սահմանափակումները նորից խստացնել։ Սակայն հիմա իրանական նավթի հանդեպ, ոչ պաշտոնապես, սանկցիաները թուլացվել են, ու եթե այս առումով հետընթաց քայլ արվի, եւ սանկցիաները խստացվեն, ապա նավթը շուկայում կարող է 1 բարելի դիմաց գերազանցել 100 դոլար գնի ցուցանիշը։ Իսկ դա, նախագահական ընտրություններից առաջ, ԱՄՆ-ին ամենեւին պետք չէ։

Մեկ այլ տեսակետի համաձայն՝ Իսրայելն անօդաչուների օգնությամբ ավիահարվածներ է հասցրել Իրանի տարածքին, կազմակերպել իրանցի գիտնականների եւ զինվորականների սպանությունը հենց Իրանի տարածքում, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օգնությամբ փորձել է հեղաշրջումներ կազմակերպել Իրանում, եւ դրանից հետո Թեհրանը լիովին իրավունք ունի զայրանալու Իսրայելի վրա եւ այն ի ցույց դնելու։ Շատ փորձագետներ արդեն այսօր փորձում են հասկանալ, թե ինչ կարող է լինել, եթե, օրինակ, Արեւմուտքը հաստատի, որ Իսրայելի դեմ հարձակումը «Հեզբոլլահը» բացել է Իրանի հավանությամբ կամ անուղղակի մասնակցությամբ, ինչ կլինեն դրա հետեւանքները։ 2 տարբերակ կա՝ կա՛մ անմիջական պատերազմ Իրանի դեմ, որի նպատակն Իրանը ոչնչացնելն է, կա՛մ էլ փորձել ընդունված «մեթոդով» հասնել Իրանի ժողովրդավարացմանը։

«Իրանի յուրահատկությունն այն է, որ նա կարող է առանց պատերազմելու հաղթել պատերազմներում։ Թեհրանը մշտապես խուսափել, խուսափում եւ խուսափելու է, որքան դա հնարավոր է, ուղիղ պատերազմից։ Նա գործում է Քասեմ Սուլեյմանիի ռազմավարության շրջանակում, որն Իրանին թույլ է տվել՝ տարածաշրջանում դառնալ տիրապետող տերություն։ Իրանի նպատակն իր հիմնական թշնամիներին՝ Իսրայելին, ԱՄՆ-ին եւ Սաուդյան Արաբիային թուլացնելն է «Հեզբոլլահի», «Անսար Ալլահի», «Հաշդ-Շահաբիի», «Քաթայիբ Հեզբալլայի», ՀԱՄԱՍ-ի եւ այլ նման խմբավորումների միջոցով։ Կարեւոր չէ, թե դրանք որքան ինքնուրույն են, կարեւոր է, թե արդյոք դրանք կարո՞ղ են մեծ շախմատային պարտիայում հանդես գալ որպես խաղաքարեր, պարտիա, որտեղ Իրանը հանդես է գալիս որպես մեծ գրոսմայստեր, որը շարժում է խաղաքարերը։ Սուլեյմանիի հենց այս ռազմավարությամբ է, որ Իրանը հաղթել է Լիբանանում, Եմենում, Սիրիայում, Իրաքում։ Գազայի սեկտորն Իրանի համար շախմատային մեծ պարտիայում հարձակողական զինվորիկ է։ Իսրայելին երկու ընտրություն է մնացել, որոնք հավասարապես վատթար են՝ կա՛մ գնալ զիջումների, կա՛մ ցամաքային ռազմական գործողություններ սկսելով՝ ներխուժել Գազայի սեկտոր։ Որ տարբերակն էլ ընտրի Իսրայելը, Իրանը կդիտի կողքից, բայց առիթից կօգտվի եւ ուրիշի ձեռքով սեփական շահերը կսպասարկի։ Սա չի նշանակում, թե Իրանն անմիջականորեն նախապատրաստել է ներկայիս էսկալացիան, սակայն անվարան կարելի է ասել, որ Թեհրանն է տարածաշրջանում ստեղծել այն հիմքը կամ նախադրյալները, որոնցով պայմանավորված՝ տարածաշրջանում հնարավոր են այնպիսի զարգացումներ, որոնք լինում են հիմա»։