«Հրապարակ». ՔՊ-ն անգամ ներկուսակցական ընտրություններն ազնիվ չի կազմակերպում

«Հրապարակ». ՔՊ-ն անգամ ներկուսակցական ընտրություններն ազնիվ չի կազմակերպում

Իշխող թիմում երեկվանից մարդաորսություն է սկսվել, փորձում են գտնել մեր թերթում հայտնված տեղեկատվության արտահոսքը կազմակերպողին: Չէ՞ որ կուսակցության «կեղտոտ սպիտակեղենն» ի ցույց է դրվել հանրությանը: Խոսքն այն մասին է, որ ՔՊ կուսակցության համագումարում վարչության քվեարկության արդյունքները ոմանց մոտ կասկածի տեղիք են տվել, եւ ՔՊ ընտրություններից դժգոհ անձինք պահանջել են վերահաշվարկ անել ու բացահայտել կեղծիքը։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ում հետընտրական ռազբորկաներ են սկսվել, եւ վարչության կազմի թեկնածուներից ոմանք կարծում են, որ հաշվիչ հանձնաժողովը կեղծիք է արել` ոմանց քվեները պակաս են հաշվել, մյուսներինը` ավել:

Այսինքն՝ արդար ընտրությունների բրենդը ծածանող կուսակցությունում անգամ ներքին քվեարկությունն արդար չեն անում, բայց ուզում են հավատանք, որ համապետական ընտրություններն արդար եւ թափանցիկ են կազմակերպում։
Հիշեցնենք, որ վարչությունում առաջադրվելու ցանկություն էր հայտնել 48 անձ, որից 15-ը պետք է ընտրվեր։ Համագումարին մասնակցած հազարից ավելի ՔՊ-ականներից յուրաքանչյուրը քվեարկել է 15 հոգու համար, եւ վարչությունը կազմվել է ամենից շատ ձայներ ստացած 15 կուսակցականից։ Գրել էինք, որ քվեարկության արդյունքները պարզ դառնալուց հետո ներքին բուռն քննարկումներ են գնացել, դժգոհների պակաս չի եղել, սակայն ամենաշատը դժգոհ է եղել Արսեն Թորոսյանը, ով, իր հաշվարկներով, ավելի մեծ թվով ձայներ է ստացել, բայց չի ընտրվել: Ոմանք վախեցել են շատ բողոքելուց, քանի որ կարող էին կորցնել պատգամավորի մանդատը կամ պաշտոնը։ Ի վերջո, վերահաշվարկի դիմումը ներկայացրել է միայն ՔՊ-ական նախկին պատգամավոր, վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդական, վարչության անդամի թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանը: Մեր աղբյուրը նշել էր, որ «Ալիկը ոչ թե իր ձայների համար է պայքարում, այլ կարկառուն կուսակցականներից մեկի հորդորով է դիմել, որ իրականությունը ջրի երես հանի»:

Մեր հրապարակումից հետո Փաշինյանը հորդորել է գտնել արտահոսքի հեղինակին եւ բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով հերքել վերահաշվարկի մասին խայտառակությունը, քանզի ինքը 4 տարի շարունակ առավոտից գիշեր թմբկահարում է, որ Հայաստանում 2018 թվականից ժողովրդավարություն է հաստատվել, եւ իրենք ընտրություններ չեն կեղծում։ Հիմա պարզվում է` անգամ ներթիմային ժողովրդավարություն չկա, եւ նույնիսկ ՔՊ-ականներն են իրենց ղեկավար մարմնի ընտրությունները կասկածի տակ դնում։

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ իշխող խմբակը քվեարկություններ է կեղծում, ընդամենը շաբաթներ առաջ էլ ԿԸՀ նախագահի պաշտոնում Վահագն Հովակիմյանն ընտրվեց օրենքի խախտումով․ նա իրավունք չուներ մասնակցելու իր հարցով քվեարկությանը, սակայն մասնակցեց եւ պակասող վճռորոշ ձայնը բերեց ինքն իրեն։ Եթե ներթիմային մակարդակում են զեղծարարությամբ զբաղված, ապա ո՞վ կհավատա, որ այս իշխանությունը կարող է արդար ու ազնիվ համապետական ընտրություններ կազմակերպել։ 

Մեզ ասացին, որ ՔՊ վարչության ընտրության արդյունքները որոշակի իմաստով անակնկալ են եղել նաեւ Նիկոլ Փաշինյանի համար: Նա եւ մյուսները չեն սպասել, որ վարչությունից դուրս կմնան կուսակցության հիմնադիրներից Արմեն Փամբուխչյանը, Հակոբ Սիմիդյանը, Ալեն Սիմոնյանն այդքան քիչ ձայն կստանա։ Նույնքան անսպասելի է եղել Արփի Դավոյանի, Վաղարշակ Հակոբյանի եւ էլի մի քանիսի ընտրվելը: Թիմում գիտեին, որ համագումարից եւ ընտրություններից առաջ շատ ակտիվ աշխատանքներ են տարել Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանը, նախկին մարզպետները, ովքեր այժմ կառավարության անդամներ են` Գնել Սանոսյանը, Համբարձում Մաթեւոսյանը, Ռոմանոս Պետրոսյանը, եւ այդ աշխատանքն արդյունք է տվել․ նրանք բոլորն ընտրվել են վարչության կազմում: Ընդ որում՝ նշված անձինք նախ աշխատել են տարածքային խորհուրդների ձեւավորման եւ համագումարի պատվիրակների ընտրության ժամանակ` ամեն ինչ արել են, որ իրենց մտերիմներին առաջ մղեն: Եվ պարզ է, որ համագումարի որոշակիորեն փոխված կազմը հենց նրանց էլ պետք է ընտրեր եւ նրանց հորդորով` ոմանց ջնջեր: Բայց առավել ակտիվ դերակատարում է ունեցել Արփի Դավոյանը, ով համագումարի կազմակերպման հարցերն է կարգավորել։

ՔՊ ակտիվների այս խումբը չի բավարարվել նախընտրական կարգավորումներով, եւ պատվիրակների կամքի վրա ներազդելով՝ նաեւ «աշխատել» են հաշվիչ հանձնաժողովի հետ, որտեղ ընդգրկված են եղել պատգամավորների նախկին օգնականներ, ԱԺ փորձագետներ, ովքեր կառավարվել ու ուղղորդվել են այս խմբակի կողմից։ Երեկ մեզ ասացին, որ վերահաշվարկի հարցում շահագրգռված է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Թեեւ մենք վստահ չենք դրանում, քանի որ, որպես հիմնավորում, նշում էին այն, որ հենց նրա խորհրդական Ալեքսանդր Ավետիսյանն է վերահաշվարկ պահանջողը: Երեկ Ավետիսյանը փորձեց մեզ վստահեցնել, որ ինքը կապ չունի վերահաշվարկի գործընթացի հետ, դիմում չի ներկայացրել, քանի որ իր ստացած ձայների վրա դա էական ազդեցություն չի ունենա` ինքը 196 ձայն է ստացել, անցողիկը մոտ 400-ն է, սակայն խոսքի մեջ նշեց, որ անձամբ կողմ է վերահաշվարկին։ «Քանի որ մարդկային գործոնի ֆակտորը կա, գուցեեւ ճիշտ է, որ նորից հաշվեն, ես կողմ եմ դրան, բայց նաեւ պնդում եմ, որ որեւէ դիտավորություն չէր կարող լինել, բայց եթե լինի էլ վերահաշվարկ, դա լինելու է ոչ թե բողոքարկելու կոնտեքստով, այլ՝ զուտ վերջնական պատկերը ստանալու, քանի որ մարդիկ շատ են եղել, տեղի է ունեցել ձեռքով մեխանիկական հաշվարկ․ մեկը կարդացել է, մյուսը մուտքագրել է։

Հավանականության տեսությամբ հնարավոր է, որ մեկ-երկու վրիպակ լիներ, ու չի բացառվում, որ մեկի ձայնը մի հատով ավելանա, մյուսինը՝ պակասի, եւ արդեն այլ պատկեր ստացվի»,- ասաց մեր զրուցակիցը: «Այսքանով հանդերձ, ես որեւէ շահագրգռվածություն չունեմ, որ ինչ-որ մեկն անցնի կամ չանցնի, իսկ հաշվարկն իմ ձայների վրա չի ազդելու, ենթադրում եմ, որ ով ներկայացրել է, եթե ներկայացրել է, գտնում է, որ նոր հաշվարկն ազդեցություն է ունենալու իր ձայների վրա։ Որքան գիտեմ, Արմեն Փամբուխչյանին երկու ձայն է պակասում, Արսեն Թորոսյանին՝ մոտ 10, բայց, կրկնում եմ, ես չեմ։ Ես տեղեկացված չեմ՝ կա՞ նման դիմում, թե՞ չկա, համագումարի հաջորդ օրվանից անցել եմ իմ գործերին»,- ասաց Ավետիսյանը՝ չհերքելով, որ մի քանիսի մոտ անկեղծացել է․ «Ասել եմ` քանի որ ձայները մոտ են, գուցե ճիշտ կլինի լրացուցիչ հաշվել եւ համոզվել, որ ամեն ինչ ճիշտ է եղել»։