Ըստ Լոնդոնի՝ Համավարակը կշարունակվի մեկուկես տարի 

Ըստ Լոնդոնի՝ Համավարակը կշարունակվի մեկուկես տարի 

COVID-19 համավարակի վերաբերյալ հավաստի տեղեկությունները հատուկենտ են. հաստատուն է դրա անվանումը եւ համավարակի կարգավիճակը, գիտնականները միակարծիք են COVID-19-ի ծագման հարցում` ծագման աղբյուրը չղջիկներն են, քանի որ COVID-19-ը նույնական հատկանիշներ ունի չղջիկների մոտ ծագած եւ տարածված այլ կորոնավիրուսների հետ: Հավաստի է եւ այն, որ համավարակը տարածվել է հարյուրից ավելի երկրներում եւ շատերին հարկադրել փակել պետական սահմանները: 

Ինչ վերաբերում է ավելի բովանդակային հարցերին` ինչպես են վարակի հարուցիչները մի անձից մյուսին փոխանցվում, արդյոք ախտանիշ ունեցող, թե չունեցող վարակակիրներն են ավելի շատ վարակ փոխանցում, ում համար է վարակը վտանգավոր, եւ վերջապես որքան կարող է այս համավարակը տեւել. այս հարցերի պատասխանները դեռ հեղհեղուկ են եւ ճշգրտվում են համավարակի ծավալմանը զուգահեռ։ 

Այդուհանդերձ, ընթացիկ շաբաթվա սկզբին նախ Միացյալ Թագավորության եւ ԱՄՆ կառավարություններին, այնուհետ միջազգային հասարակությանը հասանելի դարձավ Imperial College London-ի հատուկ գիտախմբի կազմած զեկույցը, որը զգալիորեն պայմանավորեց ԱՄՆ եւ ՄԹ իշխանությունների հետագա քայլերը` Նյու Յորքի մոտ դաշտային հոսպիտալներ մոնտաժելուց մինչեւ Լոնդոնի դպրոցների փակում: Զեկույցը կոչվում է Impact of non-pharmaceutical interventions to reduce COVID-19 mortality and healthcare demand (թարգմանաբար` Ոչ դեղորայքային միջամտությունների ազդեցությունը COVID-19-ի մահաբերության կրճատման եւ առողջապահական կարիքների վրա) եւ մի քանի հարցի տալիս է ուղենիշային պատասխաններ:
Առաջին եւ ամենաէական հարցը. որքա՞ն է շարունակվելու COVID-19 համավարակը: Համաձայն Imperial College London-ի զեկույցի, ՄԹ-ում եւ ԱՄՆ-ում այն շարունակվելու է նվազագույնը մեկեւկես տարի, առաջին պիկի շրջանը կլինի հունիս-հուլիսին: Երկու երկրներում էլ թեեւ արդեն կան հազարավոր վարակված անձինք եւ հարյուրից ավելի զոհեր, այդուհանդերձ, դատելով զեկույցի ինֆոգրաֆիայից, մինչեւ մայիս դանդաղ տարածման շրջան է, վարակի վերընթաց ծավալումն ակնկալվում է մայիսից, բարձրակետը` հունիս-հուլիսին: COVID-19 hամավարակը մեկեւկես տարի կտեւի` դեպքերի զարգացման ամենաշահեկան սցենարի դեպքում, եթե ընթացող ինտենսիվ գիտափորձերի արդյունքում առաջիկա ամիսներին հաջողվի քիչ թե շատ արդյունավետ վակցինաներ սինթեզել: Արդյոք դա կհաջողվի՞ եւ ե՞րբ կհաջողվի. պատասխան չունեցող հարցեր են: 

Ամեն պարագայում, հաստատ է այն, որ աշխարհի որեւէ լաբորատորիայում սինթեզված եւ փորձարկման համար երաշխավորված վակցինայի փորձարկումը նախ կենդանիների, ապա անհատների, ապա ավելի մեծ մարդկային խմբերի վրա տեւելու է ամիսներ, գրեթե մեկ տարի: Այնուհետ, եթե վակցինան երաշխավորվի արտադրության, գոնե կես տարի կտեւի, մինչեւ անհրաժեշտ ծավալներով պատշաճ արտադրություն կազմակերպվի:
Իսկ ի՞նչ կլինի, եթե արդյունավետ պատվաստանյութ չգտնվի, ինչպես այն չի գտնվել այլ կորոնավիրուսների, դիցուք՝ SARS-ի կամ MERS-ի համար: Այդ դեպքում էլ, արդեն ըստ այլ առիթներով այլ գիտնականների հայտնած տեսակետների, համավարակը երկու, առավելագույնը` երեք տարուց երկար տեւել չի կարող, քանի որ, ի վերջո, հասարակություններն անխուսափելիորեն հիվանդանալ-ապաքինվելով՝ իմունիտետ են ձեռք բերելու, COVID-19-ն էլ, ինչպես բոլոր մյուս վիրուսներն ու կորոնավիրուսները, ժամանակի ընթացքում մուտացիայի է ենթարկվելու եւ կորցնելու է մահաբերության վտանգը:

Երկրորդ էական հարցի պատասխանը` վարակվածության եւ մահացության ինչ մասշտաբներ են սպասելի: Imperial College London-ի զեկույցում երեք հնարավոր սցենարային մոդելավորում է կատարվել ԱՄՆ-ի եւ ՄԹ-ի առնչությամբ: Ի՞նչ կլինի, եթե պետությունը եւ իշխանությունները․ ա) համավարակի դեմ ոչինչ չձեռնարկեն, բ) եթե համավարակի մեղմելու (mitigation) քաղաքականություն վարեն, գ) եթե համավարակը ճնշելու (suppression) քաղաքականություն վարեն: 

Համավարակի տարածման ծավալի եւ մահաբերության աստիճանի մասին բացարձակ պատկերացում տալիս են զրոյական հակազդեցության կամ ոչինչ չձեռնարկելու պարագայում ակնկալվող թվերը: Ըստ Imperial College London-ի զեկույցի, ոչինչ չձեռնարկելու դեպքում ԱՄՆ-ում եւ ՄԹ-ում (ենթադրելի է՝ մոդելավորման համար դիտարկվող երկամյա ժամանակահատվածի ընթացքում) COVID-19-ի հարուցիչով կվարակվի բնակչության 81%-ը, մահացությունը կկազմի 0.8%: Իրականում, հասկանալիորեն, երբեք այսպիսի թվեր եւ մասշտաբներ չեն լինի, քանի որ թե՛ ԱՄՆ-ի եւ ՄԹ-ի, թե՛, առհասարակ, աշխարհի բոլոր պետությունների իշխանություններն էլ հակազդեցության քայլեր ձեռնարկում են: 

Եթե mitigiation-ի քաղաքականություն է վարվում, այսինքն՝ պետության կողմից ոչինչ չի սահմանափակվում, ոչ մի շփում չի արգելվում, միայն ռիսկային խմբերում գտնվողներին ուղղված առողջապահական քայլեր են ձեռնարկվում, ներառյալ հոսպիտալացում, մեկուսացում եւ այլն, իսկ առողջ կամ հիվանդություններ չունեցող մարդիկ թողնվում են, որ ազատ ապրեն, շփվեն, վարակվեն, գուցե նաեւ թեթեւ հիվանդանան, ապաքինվեն, եւ այդ ճանապարհով հասարակությունն իմունիտետ ձեռք բերի, մյուս կողմից էլ վարակիչ վիրուսը մուտացիայի ենթարկվի, այդ դեպքում ակնկալվում է, որ մահերը կկազմեն 0.4%: 

Suppression-ի` սահմանափակումների քաղաքականությունն էլ ավելի է նվազեցնում թե՛ վարակվողների, թե՛ մահացողների թիվը: Սակայն բոլորին էլ հասկանալի է, որ հնարավոր չէ երկու տարի մարդկանց սահմանափակումների, շփման արգելքի եւ մնացյալ անհարմարությունների մեջ պահել՝ չխոսելով այլեւս տնտեսության քայքայման մասին, հետեւաբար, տրամաբանական լուծումը ոչ միայն ԱՄՆ-ի եւ ՄԹ-ի, այլեւ բազմաթիվ այլ երկրների, ներառյալ, կարծում եմ, Հայաստանի պարագայում, վարակը մեղմելու եւ ճնշելու քաղաքականությունների հերթագայումն է լինելու ժամանակի մեջ: Բնականաբար, սահմանափակումները հանելուց հետո, ամեն մեղմացման շրջանում նոր վարակի ալիք է բարձրանալու, բայց չկա այլ ճանապարհ: 

Եվ վերջապես ամենաէականը․ Հայաստանում բոլոր նրանք, ովքեր հիստերիայի մեջ էին եւ պատեպատ էին զարնվում երեւակայական այն մտքից, որ եթե Էջմիածնի նշանադրության արարողությունը եւ Երեւանի չգիտեմ որ արտադրամասի վարակակիր իտալացին չլինեին, վարակը Հայաստանում չէր տարածվի, թող դադարեն ինքնակոտոր լինելուց: COVID-19-ի վարակների միայն 60%-ն են տարածում հիվանդության ախտանիշներ ունեցող անձինք: Ինչպես Imperial College London-ի զեկույցում է արձանագրված, ախտանիշներ ունեցող վարակակիրներն ընդամենը 50%-ով են ավելի վարակ տարածում, քան ախտանիշ չունեցողները: Իսկ Չինաստանում յուրաքաչյուր 5 անձից 4-ը վարակվել է ախտանիշներ չունեցող մեկից։  Այնպես որ, բոլոր ախտանիշ ունեցող անձանց մեկուսացնելը ոչնչով եւ ոչ մեկին չի պաշտպանի վարակվելուց: Վարակը նույն հաջողությամբ կտարածվի առողջ եւ ոչ հիվանդ մարդկանց կողմից, որոնք ոչ մի ախտանիշ կամ պատճառ չունեն կասկածելու, որ COVID-19-ի վարակակիր են: Այլեւս չասած, որ ըստ գիտնականների, առայժմ ապացույցներ չկան, բայց վերջնական բացառում էլ չկա, որ COVID-19-ի հարուցիչը տարածվում է ոչ միայն կաթիլային, այլեւ օդային ճանապարհով։

Ներկա պահին, թվում է, միակ գործնական եւ խելացի բանը, որ առողջ եւ ոչ հիվանդ մարդիկ կարող են անել, դա իրենց իմացած միջոցներով սեփական օրգանիզմի իմունիտետը բարձր պահելն է, հիգիենային հետեւելը եւ կարծես ուրիշ ոչինչ: Ինչ վերաբերում է ցանկացած հասարակության կեսից ավելին կազմող հիվանդ մարդկանց, ովքեր ունեն այս կամ խրոնիկ հիվանդությունը, նրանց էլ բոլորը հորդորում են շփումներից հնարավորինս խուսափել, հիգիենային առավել հետեւել, դեղերին եւ բժիշկներին դիմել եւ օրվա կառավարությունների վրա հույս դնել: Այս պահի դրությամբ ավելի արդյունավետ բան գոյություն չունի, բայց ողջ աշխարհը մոբիլիզացրել է ջանքերը վակցինաներ ստեղծելու ուղղությամբ. Հուսանք՝ արդյունք կլինի: