Նման լիազորություն չունի դատախազը, եւ նման պահանջ նրան չի կարող ներկայացնել վարչապետը

Նման լիազորություն չունի դատախազը, եւ նման պահանջ նրան չի կարող ներկայացնել վարչապետը

Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ գլխավոր դատախազ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, դոցենտ Աննա Վարդապետյանը հունվարի 27-ին ֆակուլտետի գիտխորհրդի նիստում, դեկան Գագիկ Ղազինյանի հրավերով, ներկայացրել է դատախազների իրավական կրթության զարգացման հայեցակարգային ուղղությունները` կարեւորելով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հետ համագործակցությունը եւ դատախազության ու իրավագիտության ֆակուլտետի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։

Մեզ հետաքրքրեց, թե ինչ հայեցակարգային ուղղություններից է խոսել գլխավոր դատախազը, ով ընդամենը մեկ օր առաջ կառավարության նիստի ժամանակ «մեծարգո պարոն վարչապետին» քրեական գործերի ընթացքն էր զեկուցում, եւ մենք կապ հաստատեցինք ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ։ Պարոն Ղազինյանը նախ ասաց. «Ոչ թե մենք հրավիրել ենք, այլ եղել է փոխադարձ շահագրգռվածություն, ընդամենը իրենք ցանկություն հայտնեցին, նոր մոտեցումներ ունեին ֆակուլտետի հետ համագործակցության, որը պետք է նպաստեր դատախազության համակարգի համար ավելի որակյալ կադրերի պատրաստմանը։ Մենք ընդհանրապես որեւէ մեկին հատուկ հրավեր չենք ուղարկում։ Ունենք ավանդույթ, որ մեր շրջանավարտները, դասախոսները եթե պաշտոնի են անցնում՝ արդարադատության նախարար, դատախազ եւ այլն, ցանկություն են հայտնում մեր ֆակուլտետի խորհրդի առջեւ ներկայացնելու իրենց տեսլականը, իրենց ղեկավարած կառույցների զարգացման վերաբերյալ ծրագրերը։ Օրինակ՝ Գեւորգ Կոստանյան, Հրայր Թովմասյան, թեկուզ Հրայրը մերը չէ, Արթուր Դավթյան, Արփինե Հովհաննիսյան, բոլորը եկել, մեր խորհրդի առջեւ իրենց նախաձեռնությամբ ներկայացրել են իրենց ծրագրերը»։ 

- Պարոն Ղազինյան, իսկ ըստ Ձեզ՝ պրոֆեսիոնալ իրավաբանը կարո՞ղ է իրեն թույլ տալ կառավարության նիստի ժամանակ զեկուցել վարչապետին։

- Եկեք չշեղվենք թեմայից։ Դու արդեն բնութագրումներ ես ուզում, որը ոնց որ թե քո առաջ քաշած թեմայից դուրս է։ 

- Չէ, իմ առաջ քաշած թեմայի հետ ուղիղ կապ ունի: Ինձ հետաքրքիր է՝ դատախազը, որը զեկուցում է վարչապետին, ի՞նչ պետք է փոխանցի ձեր ուսանողներին, ապագա դատախազներին։ Նա կառավարության նիստի ժամանակ ասում էր․ «Պարոն վարչապետ, ես Ձեզ պարբերաբար զեկուցում եմ»։ Ինչպե՞ս կարող է անկախ պաշտոնյա համարվող գլխավոր դատախազը զեկուցել գործադիրի ղեկավարին։ Ենթադրում էինք, որ ինքը պետք է այդ ամենը քաջ գիտակցեր։

- Դե, էդ արդեն իրեն հարցրեք, թե ինչու է զեկուցել։ Իհարկե, «զեկուցել» ասելը շատ ծայրահեղացված է, ու, բնականաբար, նման լիազորություն չունի դատախազը, եւ նման պահանջ չի կարող ներկայացնել նաեւ վարչապետը։ Ուրիշ բան, որ կարող են առանձին հանդիպումներ՝ ոչ ֆորմալ տարբերակով, լինել, ասենք՝ երկրում տիրող վիճակ, հանցավորության դեմ պայքար եւ այլն․ դա միշտ էլ եղել է։ Բայց ինչի մասին որ Դուք ասում եք, դա, էսպես ասած, որեւէ իրավական կամ օրենսդրական կարգավորում չունի։

- Այսինքն, ես վստահ եմ՝ ձեր ֆակուլտետում ապագա դատախազներին որեւէ մեկը նման բան նաեւ չի սովորեցնում, որ դատախազը պետք է զեկուցի որեւէ պաշտոնյայի։

- Ես քեզ շատ լավ հասկանում եմ, Վահե, դու լրագրող ես, բայց դու արդեն ինձանից բնութագրեր ես ուզում։ Եթե քեզ պետք է, թե մենք ինչ ենք անելու դատախազության հետ, դա մի խնդիր է, իսկ թե դատախազությունն իրեն ոնց է պահում, դա լրիվ ուրիշ խնդիր է։ 

- Իսկ ի՞նչ եք անելու դատախազության հետ, ի՞նչ ձեւաչափով եք այդ համագործակցությունն իրականացնելու։

- Ուրեմն, հուշագիրը դեռ չի ստորագրվել, բայց ենթադրվում է, որ եթե փոխադարձ համաձայնությամբ տեղ կգտնեն համատեղ ծրագրերի իրականացում, ուղղություններ համագործակցության, մենք մեր պարտականությունն ենք կատարում՝ կրթված շրջանավարտներ տալ, ընդ որում՝ որոնք պետք է անցնեն նաեւ արդարադատության ակադեմիայում վերապատրաստում։ Իհարկե, էստեղ խանգարող հանգամանքներ շատ կան, էդ մասին էլ խոսակցություն եղավ, որ շատ լավ կլինի՝ օրենքը կարգավորի էնպես, որ պահանջվի մագիստրոսի կրթությամբ դատախազ։ Մեր կարծիքով՝ դա ճիշտ կլինի։ Հակառակ դեպքում, պատկերացրեք, 21-22 տարեկանում բակալավրիատ են ավարտում, եւ հետո, թեկուզ շատ լավ մասնագետ մեր շրջանավարտը կարող է կարճ ժամանակով ակադեմիան անցնելու միջոցով դառնալ դատախազ, այն դեպքում, երբ ե՛ւ տարիքի առումով, ե՛ւ փորձի առումով չի կարող իր տեղում լինել։ Պատկերացրեք՝ մենք մագիստրատուրայի ավարտական քննություններ էինք կազմակերպել ընդամենը 3 օր առաջ, միայն մեր քրեական մասնագիտացման ցիկլում արդեն 5-6 աշխատող դատախազ ունեինք։ Մի փոքր քննադատեմ նաեւ․ իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ դատաիրավական համակարգի այն ոլորտներում, որոնք գործում են մեկ դաշտում՝ դատավոր, դատախազ, փաստաբան, նաեւ քննիչ, նրանց նկատմամբ կիրառվի նույն մոտեցումը պահանջների առումով, ընդ որում՝ բարձր։ Այսինքն՝ օրենսդրորեն կարգավորվի, որ միայն բազային կրթությամբ մագիստրոսները կարող են աշխատել այդ ոլորտներում։

- Այս թեմայով կարող ենք երկար զրուցել, բայց կարեւորը՝ Դուք վստահեցրիք, որ գլխավոր դատախազը գործադիր իշխանության ղեկավարին չի կարող զեկուցել, ինքն էլ նման բան չի ասել հանդիպման ընթացքում։ 

- Չէ, էդպիսի բան չի կարող լինել, դա ակնհայտ է։ Ուղղակի կա օրենսդրորեն ձեւակերպված՝ սկսած Սահմանադրությունից, որն ասում է՝ յուրաքանչյուր պաշտոնատար անձ իրավունք ունի անելու այն, ինչի համար ինքը լիազորված է Սահմանադրությամբ եւ օրենքներով։ 

- Հուսով ենք՝ տիկին դատախազն այս հարցազրույցը կկարդա ու Ձեր դիտարկումներն ի գիտություն կընդունի։

- Դե, ես ասացի այն, ինչ որ մեր օրենսդրությամբ ձեւակերպված է՝ առանց անձնավորելու եւ անհատականացնելու։ Մնացածը, թե ինչպես են իրենց հարաբերությունները կարգավորում, դա արդեն իրենց խնդիրն է։ Ես ասում եմ՝ օրենքով որեւէ մեկը չի կարող պարտավորեցնել, որ դատախազը հրապարակային զեկուցի ինչ-որ դեպքի մասին եւ այլն։