Օր ու գիշեր աշխատել ենք, որպեսզի հասցնենք ավարտել․ Կարեն Ղազարյան

Օր ու գիշեր աշխատել ենք, որպեսզի հասցնենք ավարտել․ Կարեն Ղազարյան

Դեկտեմբերի 5-ին՝ Հանրապետության Հրապարակում երեկոյան 19.00-ին տեղի ունեցավ Տոնածառի լույսերի և Մանկական Եվրատեսիլ 2022-ի բացման արարողությունը։ Դեկտեմբերի 10-ին կայանալու է Եվրատեսիլի ժյուրի շոուն կամ՝ գլխավոր փորձը, իսկ բուն մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին։ Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանում անցկացվող Մանկական Եվրատեսիլին մասնակցում են 16 երկրների ներկայացուցիչներ։

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը աննախադեպ աժիոտաժ է առաջացրել Հայաստանում։ Արդեն մի քանի շաբաթ է մարդիկ տոմսեր են փնտրում, որպեսզի մասնակցեն այս շոուին։ Մրցույթի տոմսերի վաճառքն իրականացվել է երկու փուլով, առաջին փուլը շաբաթներ առաջ էր՝ հաշված րոպեների ընթացքում առաջին խմբաքանակը սպառվեց։ Տոմսերի վերջնական վաճառքն իրականացվեց դեկտեմբերի 4-ին՝ Tomsarkgh.am կայքի միջոցով։ 5000-30.000 դրամ արժեքով տոմսերը վաճառվեցին մի քանի րոպեի ընթացքում եւ համակարգիչների կամ սմարթֆոնների միջոցով գնել պատրաստվող անձանցից քչերին հաջողվեց տոմս գնել։

Մեզ ասացին, որ տոմսերը սպառվել են ընդամենը հինգ րոպեի ընթացքում, իսկ Tomsarkgh.am կայքն այնքան ծանրաբեռնված է եղել, որ մեկ ժամ շարունակ պարզապես չի գործել՝ կախել է, այցելուների աննախադեպ քանակի պատճառով։ Բնական է, որ տոմսերի վերավաճառքի դեպքեր էլ են եղել եւ մեկ տոմսը վերավաճառվել է մոտ 60 հազար դրամով։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի կազմակերպումն իրականացնում է Հանրային Հեռուստաընկերությունը։ Մենք կապ հաստատեցինք Հանրային Հեռուստաընկերության Հանրային կապերի և թվային հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանի հետ, հասկանալու համար, թե որքան հրավիրատոմս է ուղարկվել, քանի տոմս է դրվել վաճառքի, հրավիրատոմսեր ում են տրամադրվել։ Հետաքրքրվեցինք նաև, թե ինչո՞ւ են սահմանամերձ գյուղերի երեխաներին 1000 տոմս տրամադրել ու ինչ սկզբունքով են ընտրվել սահմանամերձ բնակավայրերը եւ տոմսերի շահառուներին, ինչին Օհանյանը պատասխանեց․ «Սահմանամերձ համայնքները, մանկատները ստանալու են տոմսերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, մասնավորապես՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից»։

Ինչ վերաբերում է մրցույթի հեռարձակմանը, ապա Հանրային Հեռուստաըներկության եթերով է հեռարձակվելու, Յութուբյան բաց հղմամբ անվճար հեռարձակում է լինելու՝ տեղեկացրեց վերջինս։ Մեր հարցին, թե արդյոք Հայաստանի մասին պատմող տեսաբացիկներ նկարահանվել են, թե ոչ, Օհանյանը նշեց, որ բոլոր տեսաբացիկները լինելու են Հայաստանի տեսարժան վայրերի, պատմամշակութային կոթողների մասին և ցույց են տալու Հայաստանն իր ողջ հմայքով։ Ինչ վերաբերվում է մրցույթի ժամանակ օգտագործվող տեխնիկային, ապա․

«Տեխնիկայի մեծ մասը ներկրվել է արտերկրից և վարձակալվել է արտերկրից, ինչպես նաև համապատասխան մասնագետները, որոնք որ, այսպես ասած, աշխատելու են համապատասխան տեխնիկայի հետ»։ Բոլոր տեխնիկական միջոցները ձեռք են բերվել Եվրոպական հեռարձակողների միության չափանիշներին համապատասխան, որպեսզի մրցույթը անցկացվի այդ չափանիշներին համապատասխան։ Մյուս հարցերին խոստացան պատասխանել գրավոր կարգով։

Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն բեմի տեսակը, որը Հանրային Հեռուստատեսությունը կառուցել է ՝ թույլ է տալիս, որ համալիրը կկարողանա հյուրընկալել 6400 հոգու։

«Մենք միայն շենքի համար ենք պատասխանատու՝ մնացած ամեն ինչ Հանրայինի պատասխանատվության տակ է։ Թարմացրել ենք շատ, բավականին վերանորոգումներ ենք արել։ Շատ մեծ ծավալի փոփոխություններ ենք արել, մոտ երկու ամիս աշխատանքներ են արվել՝ համալիրը փակ էր ամբողջովին՝ գումարը մոտ 281 միլիոն ՝ եղել»,- տեղեկացրեց Ղազարյանը և հավելեց, որ օր ու գիշեր աշխատել են, որպեսզի հասցնեն ավարտել։

Մարզահամերգայինի տնօրենն ասաց, որ հիմա հագեցված ու պատրաստ վիճակում է կառույցն ու ամեն ինչով  պատրաստ է Եվրատեսիլին։ Մեր հարցին, թե համալիրի անձնակազմից քանի հոգի են ներգրավված լինելու աշխատանքներին, վերջինս նշեց, որ ոչ ոք՝ այդ բոլոր հարցերով զբաղվում է Հանրային Հեռուստաընկերությունը։

Փորձեցինք ճշտել, թե, օրինակ, 30 հազար դրամ արժողությամբ քանի տոմս է նախատեսվել, ասաց, որ այդ հարցերի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։

Ինչ վերաբերում է մրցույթին, ապա Մանկական Եվրատեսիլ-2022-ի հստակ ֆավորիտներ չկան, սակայն դատելով տեսահոլովակների դիտումների քանակից ու դրանց շուրջ ծավալվող քննարկումներից, ֆավորիտ են համարվում Մեծ Բրիտանիայի, Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչները։

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին մասնակցում են հետեւյալ պետությունները՝ Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։ Այսինքն, այս բոլոր երկրներում մրցույթը հեռարձակվելու է եւ Հայաստանի անունն ու հեղինակությունը, հուսով ենք, որպես մրցույթը լավ կազմակերպած պետության, բարձրանալու է։