Ալֆոնսինա Ստորնի. Ես եմ այդ ծաղիկը

Ալֆոնսինա Ստորնի. Ես եմ այդ ծաղիկը

Ալֆոնսինա Ստորնի (1892-1938). արգենտինացի բանաստեղծ, XX դ. առաջին կեսի լատինաամերիկյան մոդեռնիզմի եւ ֆեմինիզմի առավել նշանավոր դեմքերից մեկը։ Կյանքի օրոք հրատարակվել են նրա պոետիկ տասը ժողովածուները: Նրա ստեղծագործությունները հետմահու բազմիցս վերահրատարակվել են եւ թարգմանվել:
Ալֆոնսինայի ողբերգական մահը տարիներ անց հանրահայտ՝ «Ալֆոնսինան եւ ծովը» երգի թեման դարձավ:


Ես եմ այդ ծաղիկը

Քո կյանքը ջրառատ գետ է, հոսում է արագ: 
Նրա ափին աննկատ, անո՜ւշ ծաղկում եմ: 
Եղեգների մեջ թաքնված՝ ե´ս եմ այդ ծաղիկը,
Որին մեծահոգաբար սնում ես, բայց չես էլ նկատում։ 

Երբ վարարում ես, ինձ քշում-տանում ես ու մեռնում եմ քո գրկում:
Երբ ցամաքում ես, մեռնում եմ կամաց-կամաց՝ տիղմիդ մեջ: 
Բայց դարձյալ բողբոջում եմ, երբ նորեն հորդանում ես չքնաղ օրերին: 

Ես եմ այդ մոլորված ծաղիկը, որ ծաղկում է քո ափերին՝ 
խոնարհ ու լուռ՝ ամեն գարուն:

Միայնություն

Կարող էի նետել սիրտը իմ
այստեղից՝ կտուր. 
սիրտս կգլորվե՜ր 
կկորչեր անտես … 

Կարող էի գոռալ ցավը իմ, 
մինչեւ մարմինս ճաք տար ու կիսվեր. 
կտարրալուծվե՜ր ջրերում գետի։ 

Կարող էի պարել
տանիքին
սեւ պարը մահվան. 
քամին կտանե՜ր 
պարն իմ… 

Կարող էի 
Բաց թողնել հուրը կրծքիս, 
թո´ղ այն տարածվեր՝ 
ինչպես թափառող ճրագներ. 
էլեկտրական լամպերը
կմոխրացնեին այն…

Մատիտ

Տասը սենտավոյով գնեցի այն անկյունից, 
մի անհրապույր հրեշտակ ինձ վաճառեց, 
Երբ սրեցի ծայրը, թվաց մի փոքր ու հզոր թնդանոթ: 
Պայթեց ռումբը մտքերի, 
ու նորից տխուր հրեշտակը բթացրեց այն։ 
Վերցրի ու դուրս եկա, եւ բրոնզափայլ մի դեմք
ջնջեց նրան իմ հիշողությունից։ 
Անփույթ շպրտեցի այն պայուսակիս մեջ՝ 
անձեռոցիկների, նամակների,  
չոր ծաղիկների, ներկերի, 
տոմսերի եւ նուգաների հետ: 
Գնում էի՝ չգիտեմ ուր, 
Ու մի մեքենա օդ թռցրեց ինձ.
Աջուձախ խփվելով գլորվում էր պայուսակս` ռումբը ներսում:

Մերկ հոգի

Ես մերկ հոգի եմ այս տողերում,
Մերկ հոգի, որ վշտահար ու միայնակ՝
Իր ծաղկաթերթերն է շաղ տալիս:

Հոգի, որ կարող է լինել կակաչ,
Որ կարող է լինել շուշան, մանուշակ,
Ժայռ, թավուտ անտառ կամ մի կոհակ:

Հոգի, որ քամու պես անհանգիստ՝ թափառում է,
Մռնչում, երբ ծովերի վրա է,
Եվ մուշ-մուշ քնում՝ մի խորշ գտած:

Հոգի, որ երկրպագում է իր խորաններին սուրբ,
Աստվածներ, որ չեն իջնում՝  կուրացնելու նրան.
Հոգի, որ պատնեշներ չի ճանաչում:

Հոգի, որին այնքա՜ն դյուրին է տիրել լոկ մեկ սրտով, 
Թե սիրտն այդ պատռվի՝
Նրան իր տաք արյունով ցողելու:

Հոգի, որ երբ գարուն է,
Հապաղող ձմռանն ասում է՝
Ե´տ արի, ձյո՜ւն մաղիր մարգագետնին:

Հոգի, որ երբ ձյուն է գալիս, հալվում է տխրության մեջ,
Հառաչելով վարդերի համար,
Որ հանդերձն են գարնան:

Հոգի, որ պահ առ պահ բաց է թողնում թիթեռներին
Դեպի բաց դաշտ՝ առանց սահման,
Եվ ասում է. համտեսե´ք կյանքը:

Հոգի, որ պիտ մեռնի մի´ բուրմունքից,
Հառաչանքից, տողերից, որտեղ աղոթք կա,
Ու չկորցնի իր հմայքը, թե կարող է:

Հոգի, որ ոչինչ չգիտի եւ ժխում է ամեն ինչ,
Եվ ժխտելով բարին՝ բարի բերում,
Քանզի ժխտման մեջ նվիրումն ամենավեհն է:

Հոգի, որ սիրում է հպվել այլ հոգիներին,
Արհամարհում է հետքերը 
Եվ զգում է քնքուշ շոյանքը՝ ձեռքին:

Հոգի, որ անհաշտ է իր հետ,
Քամու նման թափառում է, վազում է ու պտույտ գալիս,
Հոգի, որ արնահոսում է եւ զառանցում անդադար, 
Թե ինքը նավ է՝ դեպի աստղ լողացող:

ՓՈՔՐԻԿ ՄԱՐԴՈՒԿ

Փոքրիկ մարդուկ, փոքրիկ մարդուկ,
Բաց թող դեղձանիկին, որ ուզում է թռչել,
Ես եմ այդ դեղձանիկը, փոքրիկ մարդուկ,
Ուզում եմ թռչել:

Քո վանդակում էի, փոքրի´կ մարդուկ,
Փոքրի´կ մարդուկ, որ ինձ վանդակ ես տվել…
Փոքրիկ եմ ասում, զի չես հասկանում ինձ,
Ու դժվար էլ հասկանաս։

Ոչ էլ ես եմ քեզ հասկանում, ուստի
Բա´ց արա վանդակը, ուզում եմ թռչել ազատ:
Փոքրիկ մարդուկ, քեզ սիրեցի կես ժամ,
Մի խնդրիր ավելին …

ՔԱՌԱԿՈՒՍԻՆԵՐ ԵՎ ԱՆԿՅՈՒՆՆԵՐ

Տներ՝ շարք կազմած, տներ՝ շարք կազմած, 
Տներ՝ շարք կազմած,
քառակուսիներ, քառակուսիներ, քառակուսիներ, 
Տներ՝ շարք կազմած։
Մարդիկ արդեն քառակուսի հոգի ունեն, 
Շարվեշար գաղափարներ
եւ անկյուն՝ թիկունքին։ 
Ես էլ երեկ արցունք թափեցի…
Աստվա՜ծ իմ, քառակուսի…

Թարգմանությունն իսպաներենից`Աղավնի Գրիգորյանի 
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ