Թուրքիայի հետ կարևոր քաղաքական առևտուր է գնացել, որի մասին կհասկանանք առաջիկայում․ Ալեն Ղևոնդյան

Թուրքիայի հետ կարևոր քաղաքական առևտուր է գնացել, որի մասին կհասկանանք առաջիկայում․ Ալեն Ղևոնդյան

Հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ եռակողմ հանդիպում տեղի ունեցավ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Հանդիպմանը անդրադարձավ եղավ 2020 թվականի նոյմբերի 9/10-ի՝ Փաշինյանի կողմից ստորագրված Հայաստանի և Արցախի կապիտուլյացիայի համաձայնագրին, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման խնդրին։ Հանդիպումից հետո ստորագրվել է եռակողմ փաստաթուղթ, որը վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, սակայն խոսք չկա Ադրբեջանում հայտված հայ գերիների վերադարձի մասին։

Թեմայի շուրջ «Հրապարակ» կայքը զրուցել է ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։

- Պարո՛ն Ղևոնդյան, եռակողմ հանդիպումից ի՞նչ տպավորություն ստացաք։ Հայաստանն ի՞նչ ստացավ դրանից, բավականին հակասական տրամադրություններ ստեղծվեցին։

- Ընդհանուր առնմամբ, երեկվա հանդիպումը եկել էր արձագանագրելու, որ կողմերը նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո որոշակի ստատուս-քվո են ֆիքսում։ Եվ այդ հայտարարության տեքստը որոշակի երկրորդ փուլի իրողութուններ էր արձանագրելու։ Իհարկե, կողմերը տարբեր ձեռքերումներով հանդես եկան արձանագրված ստատուս-քվոյի կապակցությամբ, տարբեր շահեր բավարարվեցին և չբավարարվեցին։ Հայկական կողմը շատ տարօրինակ և վատ կարգավիճակ ունի այս պրոցեսի մեջ։ Բավականին բարդ են հայկական կողմի ընկալումները․ թե մեր նպատակները կոնկրետ որոնք են կոնկրետ այս պրոցեսում։ Եթե մեր նպատակը, առաջնահերթությունը գերիների վերադարձն է, ապա արձանագրված հայտարարության մեջ որևէ դրույթ, կարծես, դրա մասին չկար։ Եթե մեր նպատակը ռեգիոնալ կոմունիկացիաների ապաշրջափակումն է և դրա կոնտեքստում որոշակի պրոցեսների ներգրավվածությունը՝ տնտեսական, միգուցե ներդրումային, ինչպե՞ս է դա իրականացվելու, եթե մենք հակառակորդ կողմում ունենք գերիներ, որոնք, կարծես, մի քանի հարյուրն են։ Կա որոշակի խառնաշփոթ, և ես դժվարանում եմ ասել, թե գործող ղեկավարն ընդհանրապես ազգային շահերի օրակարգ ունի, թե ոչ։ Պատկերացում ունենալով նրա ընդհանրական մոտեցումների մասին և հաշվի առնելով իր այս վարքային դրսևորումները՝ արձանագրում եմ, որ խնդիրը ոչ թե արտաքին քաղաքական անվտանգային ապահովումն է, այլ ավելի շատ ներհայաստանյան հանրությանն ուղղված մեսիջների հղումը։ Եվ այդ ամեն ինչը տեղավորվում է գերիների՝ մանիպուլյացիոն, քարոզչական, շատ զգայական թեման շրջանառելու մեջ։ Եթե մենք գերիների վերադարձի խնդիր ունենք, այդ խնդիրը փաստորեն չլուծվեց։ Հետևաբար ցանկացած կոմունիկացիայի բացում, դրա շուրջ ենթակառուցվածքային պայմանավորվածություններ, աշխատանքների, կանոնակարգերի հստակեցում և այլն, երկրորդային հարցեր են։ Հետևաբար ստացվում է, ինչո՞ւ էր գնացել Մոսկվա, առհասարակ։

- Սեղանի շուրջ ելույթի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասաց, որ նոյեմբերի 9/10 եռակողմ հայտարության հետ կապված, դրանից հետո քայլերն իրականացնելիս Ռուսաստանն իր գործողություններում նաև առաջնորդվել է Մինսկի խմբում ձեռք բերված զարգացումներով և շարունակում է համագործակցությունը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ։ Մինսկի խումբը հնարավո՞ր է վերականգնել, որովհետև դրան հաջորդած եռակողմ ճեպազրույցի ժամանակ Իլհամ Ալիևն ասաց, որ ղարաբաղյան հարցը լուծված է, լուծման հետ կապված հղում արեց Պուտինին։ Ի՞նչ տպավորություն ստացաք այս ամեն ինչից։

- Ընդհանուր առմամբ, ռազմավարական տեսանկյունից այս պրոցեսները մի քիչ ավելի լայն օրակարգի մի մաս են կազմում։ Հայաստանը ղեկավարող իշխանություններն իրենց արտաքին քաղաքականության սնանկության արդյունքում, այս պատերազմի արդյունքում ձեռքբերումներ չեն ունեցել, և բոլոր հնարավոր ֆրոնտներում մենք պարտվել ենք։ Ռուսաստանը կարողացավ ներգրավվածությունը մեծացնել Հարավային Կովկասում և այդ ամեն ինչն անել միջազգային իրավունքի տառին և ոգուն համապատասխան։ Ինչպես Դուք նշեցիք, Ռուսաստանի ղեկավարը հղում արեց նաև Մինսկի խմբի միջազգային իրավական օրակարգերին, որը շատ իրատեսական է նաև այդ կոնտեքստի տեսանկյունից։ Որովհետև այդ սկզբունքները, որի ներքո աշխատում է Մինսկի խումբը, չեն հակասում այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում հիմա։ Այլ հարց է, որ այստեղ նախաձեռնողականության խնդիր կա։ Եթե մենք դիտարկում ենք Մինսկի խմբի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումները, դրանք, իհարկե, որոշակիորեն տարբերվում են այն պրոցեսներից, որ տեղի են ունենում ռեգիոնում։ Բայց ռուսական նախաձեռնությամբ, թուրքական ներգրավվածությամբ, Ադրբեջանի և Հայասանի պահվածքով փաստացիորեն իրականությունն է փոխվել։ Մինսկի խումբն այնքան է դիստանցավորվել, այնքան է կտրվել իրականությունից, որ այս երկրներին, ռեգիոնալ երկրներին այս պատերազմը շոկային թերապիայի միջոցով վերադարձրեց իրականություն։ 

Պարզ է, չէ՞, որ Ալիևին շահեկան են այս իրողությունները։ Պարզ է, չէ՞, որ Ալիևը, ինչը որ չէր կարող ստանալ Մինսկի խմբի ֆորմատում երկար-բարակ ձգվող բանակցություններում, կարողացավ արձանագրել պատերազմում, ինքը կարողացավ արձանագրել Հայաստանի արտաքին քաղաքական ապաշնորհության կոնտեքստում։ Որոշակի գոհունակություն կա նաև ռուսական կողմում, որովհետև նախաձեռնողականություն են դրսևորել, որովհետև խաղաղության երաշխավոր են կանգնել, որովհետև կարողացել են որոշակի պայմանավորվածությունների գալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի միջև, ռեգիոնի մասով նրանց երկկողմ փոխհարաբերությունների մեջ։ Վերջիվերջո, Թուրքիայի հետ կարևոր քաղաքական առևտուր է գնացել, որ մասին մենք կհասկանանք առաջիկայում։ Մյուս կողմից Ռուսաստանն արձանագրում է, որ իր դիրքերը ոչ թե թուլացել են ինչ-որ առումով, այլ ամրապնդվել են։ Փաստացիորեն ստացվում է այնպես, որ կոմունիկացիաների երաշխավորը, կողմերի քաղաքական երկխոսության երաշխավորը, ռազմական կայունության և անվտանգության երաշխավորը ռուսներն են։

Այսինքն՝ այն, ինչը դուրեկան չէ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, որոնք տարիներ շարունակ առարկայական քայլեր չէին ձեռնարկում, այս պատերազմի արդյունքում դրսևորվեց ռուսական էլեմենտի դերակատարման մեծացմամբ։ Միջազգահյին իրավունքի տեսանկյունից, մեծ հաշվով, որևէ խնդիր չեմ տեսնում։ Խնդիր տեսնում եմ արտաքին քաղաքականության և Հայաստանի ազգային շահերի ապահովման տեսանկյունից, որոնք ուղղակի բացակայում են։ Այս ամենը, որ ասացի, իհարկե, երաշխիք չէ, որ վաղը եթե տեղի ունենա անկայունության բռնկում (ենթադրում եմ, որ դա տեղի կունենա), այս պայմանավորվածությունները կպահպանվեն։ Ես սա արձանագրում եմ որպես այս պահին ձևավորված ստատուս-քվո։

- Երբ որ նայում եք այս գործընթացներում ամեն կերպ ներգրավվելու Մակրոնի նախաձեռնողականությանը, նա աջակություն է հայտնում քաղաքական հարցերի լուծմանը, նրա գործողություններին, ինչպե՞ս կդրսևորվի Ֆրանսիան, նաև Եվրոպական միությունը։

- Նախ ֆիքսենք, որ Մակրոնը, եվրոպական այլ լիդերներ կենսական շահեր չունեն ռեգիոնում։ Պետք է արձանագրենք, որ, մեծ հաշվով, տարիներ շարունակ Մինսկի խմբում եղել է ակտիվ մրցակցություն։ Այսինքն՝ եթե կար ինչ-որ հնարավորություն ինչ-որ խնդիր լուծելու, ապա Մինսկի խմբի համանախագահ երկրները փորձում էին աշխատել մյուսների դեմ, դա հիմնականում Արևմուտք-Ռուսաստան մրցակցությունն էր։ Կային դրվագներ, երբ որ նրանք կոնսենսուսի եկել էին։ Բայց երկրորդ էշելոնի, ստվերային դիվանագիտության տեսանկյունից՝ մրցակցութունը միշտ եղել է։ Հիմա այնպես ստացվեց, որ պրոցեսներից Ամերիկան ու Ֆրանսիան դուրս մնացին։ Արդյո՞ք Ֆրանսիայի կենսական շահերը տեղավորվում են Հարավային Կովկասի ռեգիոնալ պրոցեսներում, մասնավորապես՝ արդյո՞ք Ֆրանսիան կարող է այնպիսի քայլեր ձեռնարկել այս ռեգիոնում, որպեսզի ուժային հարաբերակցություն փոփոխվի, խաղաղություն, կայունություն ապահովվի, արդյո՞ք ինքն ունի այդ ռեսուրսը, իհարկե, ոչ։ Կարծում եմ՝ պետք է տարանջատել հանրային դիավանգիտությունը ռեալ պոլիտիկից, իսկ ռեալ պոլիտիկն ուժերի հարբերակցությունն է, որը կա այստեղ։ Մակրոնը Ֆրանսիայի երբեմնի հզորության վերականգնման օրակարգով սեփական քաղաքական դիմանկարն է վերաձևում, և դա նրան ինչ-որ չափով հաջողվում է։

Ավելին ասեմ, Մակրոնը շատ ավելի մեծ օրակարգի՝ Միջերկրածովյան, Մերձավորարևելյան օրակարգի մեջ է փորձում ինքնադրսևորվել հակաթուրքականության կոալիցիայում հայտարարություններով և այլն։ Բայց իրական քաղաքականության, այն է՝ հողի և պատերազմի, զինվորի և առճակատման քաղաքականության մեջ, Ֆրանսիան, իհարկե, ներգրավվածություն չունի, գոնե այս ռեգիոնում։ Հետևաբար այդ հայտարարություններն ավելի շատ հանրային դիվանագիտության, հռչակագրային դիվանագիտության բնույթի են։ Պարզ է, որ նրանք հասկացել են, որ իրավիճակում հիմնական եղանակ ստեղծողը ՌԴ-ն է, և բնականաբար չեն սխալվել։ Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ նրանք կարող են ամենատարբեր քայլերը ձեռնարկել, որպեսզի գործող իրողությունները որոշակիորեն փոփոխվեն, որոշակի պայմանավորվածություններ բեկանվեն, որոշակի ստատուս-քվոներ խախտվեն և այլն։ Եվ հետաքրքիր հագամանքը հենց այն է, որ Մինսկի խմբի ֆորմատին հղումը ԼՂ կարագավորման հարցում կատարում է Հայաստանը։ Այսինքն՝ նրանք կարող են Հայաստանի չբավարարված դիրքորոշումն օգտագործելու միջոցով մտնել այս ձևավորված օրակարգի մեջ։ Եվ դա կարող է լինել Արցախյան հակամարտության «լուծման» հաջորդ փուլը։

- ԱՄՆ ընտրված նախագահ Բայդենն այս պահին զբաղված է իշխանության ստանձման հարցերով։ Հաշվի առնելով Բայդենի նախորդ տարիների գործունեությունը՝ ԱՄՆ-ն ինչպե՞ս իրեն կդրսևորի։

- Նախ, պետք է հասկանալ, որ Միացյալ Նահանգները սեփական ցնցումներից դուրս գալու օրակարգ ունի։ Քաղաքական օրակարգ է, որը, կարծես թե, ինչ-որ չափով հանդարտեցվել է։ Հիմա տեղի է ունենում ադմինիստրացիայի կարևոր պաշտոնյաների ընտրություն, դրա վերաբերյալ քաղաքական և հանրային էլիտաներում քննարկումներ են ընթանում։ Համապատասխան աշխատակազմի և այն էլիտայի, որ կձևավորվի Միացյալ Նահանգներում, մենք մոտավորապես կհասկանանք, թե ռեգիոնի նկատմամբ իրենց վերաբերմունքն ինչպիսին է։ Ես կարծում եմ, որ այստեղ հիմնական օրակարգը, իհարկե, Իրանն է և այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում։ Առաջին հերթին, պետք է հասկանալ, որ շատ-շատ բաներ են տեղի են ունենում, որոնց մասին մենք չգիտենք։ Թե՛ Միջին Ասիայում, թե՛ Սիրիայում, թե՛ Լիբանանում, թե՛ Իրանում բոլորը մեծ անկայության օջախների ձևավորմանն են նախապատրաստվում։ Դա ստվերային քաղաքականություն է, դա ստվերային դիվանագիտություն է և հատուկ ծառայությունների ակտիվ ներգրավվածություն է ենթադրում։ Հիմա մենք այդ գծի տակ ենք։

Եթե Բայդենի քաղաքականությունը լինի Թրամփի այս վերջին շրջանի քաղաքականությունը շարունակելը, ապա մեծ առճակատում է կարող լինել, եթե նրանք որոշեն, որ այդպիսի օրակարգ չունեն, գոնե Իրանի մասով, կայունությունը շաշ-շատ երկրների համար գոնե ռեգիոնում որպես նախադրական քայլ կլինի։ Բայց պետք է հասկանալ մի կարևոր այլ հանգամանք, թե ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների օրակարգն ինչպիսին կլինի, որովհետև, կարծում եմ, ռեգիոնալ անկայունության խնդիրներից մեկը հենց ամերիկաթուրքական հարաբերություններն են լինելու, իհարկե, Իսրայելի ներգրավվածությամբ։