Գունավոր հեղափոխությունը եւ մենք

Գունավոր հեղափոխությունը եւ մենք

Երբ գունավոր հեղափոխության պատճառով Վրաստանն ու Ուկրաինան տարածքային կորուստներ ունեցան, մենք մտածեցինք, թե «մերն ուրիշ է լինելու», ու համարյա թե ազգովի մերժեցինք Սերժին: Ցավալիորեն պարզվեց, որ այդ մտայնությունը որոշ չափով ճշմարիտ է. եթե նշված պետությունները զուտ տարածքային կորուստներ ունեցան, մենք ունեցանք նաեւ մարդկային կորուստներ եւ պետության անվտանգության սպառնալիք:

Կարծում եմ, որ այդքանից հետո յուրաքանչյուր գիտակից անձնավորություն պետք է առնվազն անիծեր «հեղափոխություն» երեւույթն ընդհանրապես՝ առանց «գույնի ու սեռի» զանազանության: Բայց արի ու տես, որ բազմաթիվ հայաստանցիներ շարունակում են չտեսնել դրա արհավիրքները, ինչը երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձին թույլ է տալիս բանի տեղ չդնել բողոքավոր մարդկանց: Ու ոչ միայն բանի տեղ չի դնում, այլեւ ժողովուրդ կոչված ու մեծամասնություն կազմող կենսազանգվածին մանիպուլացնելով՝ փորձում է ամրապնդել իր անձնիշխանությունը՝ դա անվանելով ժողովրդի իշխանություն: 

Մանիպուլացնում, քանի որ «սիրում եմ» եւ «խոնարհվում եմ» բայաձեւերն իրականում զուտ բառեր են կամ ընդամենը օդի տատանում՝ ոչինչ ավելի: Որովհետեւ իրականում իր համաքաղաքացիներին սիրող եւ նրանց առջեւ խոնարհվող ղեկավարը հինգ հազար հոգու (մեծամասնությամբ՝ երիտասարդ) չէր ուղարկի մեռնելու «հանուն ոչնչի» (ղեկավարի կնոջ խոսքերն են), իսկ կրկնակի ավելիին՝ հաշմանդամ դառնալու: Եվ չնայած դրան, կենսազանգվածին դուր է գալիս, որ իրեն «սիրելով» եւ իր առջեւ «խոնարհվելով»՝ իրեն մեծարում է երկրի ղեկավարը, քանի որ բոլոր նախկին ղեկավարների օրոք իրեն բանի տեղ դնող չէր եղել: Եվ ինքն էլ, կարելի է ասել, ինքնամոռաց սիրով ու մեծարանքով փոխադարձում է երկրի ղեկավարին՝ իր նկատմամբ նրա դրսեւորած վերաբերմունքը: Փոխադարձ «սերն ու մեծարումն» այնքան խորն են, որ  մանիպուլացվող կենսազանգվածը չի տեսնում կամ չի ուզում տեսնել, որ մեծարանքի «օբյեկտը» հայրենիքը տանում է դեպի կործանում: Այս երեւույթը կռապաշտության դասական օրինակ է, եւ, զարմանալիորեն, եվրոպաներում կրթություն ստացած անձինք, որոնք գունավոր հեղափոխության ջատագով են, դա չեն նկատում կամ չեն ուզում նկատել: Եթե նկատեին, պետք է որ իրենց հեղինակավոր կարծիքը ներկայացնեին նույն այդ հանրությանը ու զերծ պահեին երկիրը վտանգներից: Եվ ստացվում է, որ գունավոր հեղափոխության արդյունքում մենք, որպես հանրություն, վերադարձ կատարեցինք դեպի կռապաշտություն, որ իբրեւ թե հաղթահարել էինք մոտ երկու հազար տարի առաջ, ու բացառությամբ փոքրամասնության՝ ընդունեցինք այն:  

Գունավոր հեղափոխության արդյունքում մենք իբրեւ թե կառուցեցինք ժողովրդավարություն, էլ չեմ ասում՝ «ժողովրդավարության բաստիոն»: Սակայն բազմիցս է ասվել, որ իրական ժողովրդավարությունում պատերազմում կրած պարտությունից անմիջապես հետո իշխանությունը հրաժարական կներկայացներ, որպեսզի դրա վերքերը կարողանար բուժել պատերազմում պարտությանը մասնակցություն չունեցած քաղաքական ուժը (ուժերի դաշինքը): Բազմիցս է ասվել, որ պարտություն կրած երկրի ղեկավարը չի կարող հավասարը հավասարի պես թշնամու հետ բանակցություններ վարել եւ ազգօգուտ լուծումներ գտնել կամ պահանջել նույն այդ թշնամուց: Սակայն կռապաշտության պատճառով կուրացած հանրությունը դա չի հասկանում ու չի ցանկանում հասկանալ: Ի դեպ, զարմանալիորեն, դա չեն գիտակցում նաեւ նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր են ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ դիմագրավելով ներքին եւ արտաքին բոլոր սպառնալիքներին: 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ