Բոլոր բռնարարները փոքր տարիքում դաժանաբար բռնության են ենթարկվել

Բոլոր բռնարարները փոքր տարիքում դաժանաբար բռնության են ենթարկվել

Երեկ համացանցում սարսափազդու տեսանյութ հրապարակվեց` մայրն իր անչափահաս երեխաներին ենթարկում է սեռական, ֆիզիկական եւ հոգեբանական բռնության, ստիպում աղջիկներին միզել միմյանց բերանում, ապա թքել իրար վրա եւ այդ ամենը տեսանկարահանում է: Հրեշի կերպարում հայտնված կինը նաեւ դաժանաբար ծեծի է ենթարկում աղջիկներին: Պարզվում է, որ նույն ընտանիքում սա առաջին դեպքը չէ` առկա է սեռական բռնության շղթա: Ընտանիքի հայրն էլ դատապարտված է եւ ազատազրկում է կրում դստեր նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Առհասարակ, որքանո՞վ է երեխաների նկատմամբ բռնությունը մեզանում տարածված, բռնության ի՞նչ տեսակներ կան հայ ընտանիքներում, ո՞րն է առողջ մարդ դաստիարակելու գաղտնիքը․․․ Այս եւ այլ հարցերի մասին զրուցել ենք հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ:

- Պարոն Մեհրաբյան, համացանցում տարածված տեսանյութին ի՞նչ անուն կարող եք տալ:

- Կարծում եմ՝ այդ կինն ունի հոգեկան խնդիրներ: Ես կոնկրետ աշխատում եմ հոգեբանական բռնության հետ, որն արմատացել է անգամ ամենանորմալ ընտանիքներում: Համացանցում հայտնի տեսանյութի կնոջը պետք է անհապաղ մեկուսացնել հասարակությունից, նա աննորմալ կին է, որի ներկայությունն արդեն իսկ վտանգ է հասարակության համար: Հայկական ընտանիքներում` գրեթե 90 տոկոսում, կա բռնություն, անկախ նրանից, թե ովքեր եւ ինչ եղանակներով դա կհերքեն: Իհարկե, ես չեմ ասում, թե բոլոր ընտանիքներում կան նման հիվանդ ծնողներ, որոնք սեռական բռնության են ենթարկում երեխաներին կամ ստիպում են միզել իրար վրա, սակայն, ամեն դեպքում, բռնությունն առկա է հայկական ընտանիքներում` թեկուզ մեկ հարված, ապտակ, բղավոց, պատիժ: Դրանք՝ բոլորը, ոչ մանկավարժական, սխալ, անկարելի դրսեւորումներ են: Այդ մեթոդներով դաստիարակված երեխան չի կարող առողջ մարդ ձեւավորվել:

- Մեզանում մի տենդենց կա, որ ծնողական ապտակը նորմալ է, դեռ մի բան էլ՝ անհրաժեշտ: Ի՞նչ տրավմաների կարող է ենթարկվել պարբերաբար ապտակներ ստացող, պատիժներ կրող երեխան:

- Տարատեսակ տրավմաների կարող են ենթարկվել, ինչպես նաեւ բազմաթիվ բարդույթներ ձեռք բերել: Երեխայի մոտ կարող են առաջանալ նաեւ վախեր ու կոմպլեքսներ: Նման երեխաները մեծանում են խիստ ցածր ինքնագնահատականով եւ հետագայում ունենում են ոչ առողջ հարաբերություններ: Բռնության ենթարկվող երեխաները շատ հաճախ բռնությանը նորմալ են վերաբերվում եւ հետագայում դառնում են  բռնարար: Բոլոր բռնարարները փոքր տարիքում դաժանաբար բռնության են ենթարկվել: Գուցե շատերը ոչ այնքան դաժան բռնության, սակայն բռնությունը բռնություն է: Բռնության ենթարկվող երեխան կարող է դառնալ մոլագար, մարդասպան կամ էլ պարզապես՝ հոգեկան հիվանդ: Ամեն դեպքում, չի կարելի բռնությունը նորմալ ընկալել:

- Ինչո՞ւ են ծնողները կարծում, թե երեխային ծեծի ենթարկելով կարող են ճիշտ դաստիարակել: Չկա՞ն դաստիարակելու այլ միջոցներ, թե՞ բռնարար ծնողները չունեն երեխա դաստիարակելու հմտություն եւ փորձ:

- Կարծում եմ՝ նման ծնողների համար մնացած բոլոր տարբերակները սպառված են:

- Ծնողներին ի՞նչ խորհուրդ կտաք` ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային, որ ձեւավորվի առողջ մարդ:

- Եթե այս պահին բոլոր մանկավարժական մեթոդները չթվարկեմ, ապա գոնե պետք է ասեմ, որ երեխայի հետ դաստիարակչական աշխատանքներ կատարելիս պետք է բռնությունը բացառել: Ծեծը հակառակ էֆեկտն է ունենում: Երեխային պետք է շահագրգռել, սիրաշահել, թեկուզ եթե դրանք մանիպուլյատիվ մեթոդներ են, դաստիարակություն ասվածն իր մեջ որոշակի մանիպուլյատիվ տարրեր է պարունակում: Երեխային պետք է տարբեր ձեւերով նախ շահագրգռել: Ամենապարզ ձեւերով պետք է երեխային մոտիվացնել: Լավ ծնող լինելն այնքան էլ հեշտ չէ, սակայն պետք է ձգտել դրան: