Անցուկը մոռցուկ ըլլա․ ո՞վ է հիշում Բերձորի ու Աղավնոյի մասին

Անցուկը մոռցուկ ըլլա․ ո՞վ է հիշում Բերձորի ու Աղավնոյի մասին

Սողացող պատերազմի թոհուբոհի, ներքաղաքական լարված իրավիճակի, հայ-ադրբեջանական խաղաղասիրական կոչերի մեջ, կարծես, մոռացվել են դեռ օգոստոսին թշնամուն հանձնված Բերձորի և Աղավնոյի բնակիչները, նրանց տրված խոստումները…. 

Դեռ օգոստոսին Արցախի Տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը թշնամուն հանձնվող գյուղերի բնակիչներին հորդորել էր չայրել իրենց տները, եթե գյուղացիները հետագայում ցանկանում են նոր բնակարաններ եւ փոխհատուցումներ ստանալ: Իջևանից Արցախ գործուղված նախարար Խանումյանը սպառնացել էր բնակիչներին եւ բնակիչների մեծ մասն իսկապես թշնամուն հլու-հնազանդ հանձնեց իր տները, հույսով սպասելով, որ օրվա իշխանությունները կբարեհաճեն իրենց  օգնություն ցուցաբերել: Սակայն եթե հաշվի առնենք, թե այսօր ինչ վիճակում են գտնվում թշնամուն հանձնված Հադրութի և Շուշիի բնակիչները, ինչ պայմաններում են գոյատևում, ինչպես են հանապազօրյա հաց վաստակում, թերևս այս իշխանություններից սպասելիքներ ունենալը միամտություն կլինի: 

Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում նախարար Խանումյանի հետ: Նկատենք նաև, որ Ալեքսանյանն այս անգամ մեզ հետ զրույցում հիացմունքով էր խոսում իշխանությունների մասին: Տպավորություն էր, թե լավ բան է եղել, որ Բերձորը հանձնվել է եւ մենք ավելի շատ ենք անհանգստանում Բերձորի և բերձորցու ճակատագրով, քան հենց ինքը` համայնքապետը: 

- Պարոն Ալեքսանյան, հետաքրքրվո՞ւմ եք Բերձորի բնակիչներն ինչ վիճակում են գտնվում, որտե՞ղ են ապրում, ի՞նչ պայմաններում և վերջապես ինչպե՞ս են հանապազօրյա հաց վաստակում: Իշխանությունները բազմաթիվ խոստումներ էին տալիս ձեզ: Ի վերջո, այդ խոստումներից քանի՞սն են իրագործել:

- Բերձորի բնակիչները, որպես այդպիսին, 2000 հոգի են: Կան աջակցության ծրագրեր:

- Իրագործվե՞լ են այդ ծրագրերը:

- Այո, այո:

- Ի՞նչ ծրագրեր: Բնակարանների հարցերը լուծվե՞լ են: Մարդիկ ստացե՞լ են իրենց հասանելիք բնակարանները:

- Այս պահին ամենակարևոր ծրագիրը հենց բնակարանների ծրագիրն է: Դեռևս սա չի իրագործվել: Վերջերս Հայաստանի սոցապ նախարարությունը տարածեց հայտարարություն, որոշման մեջ որոշակի փոփոխություններ իրականացնելու մասին: Ուժի մեջ մտնելուց հետո Արցախի Տարածքային կառավարման նախարարությունը ցուցակները կփոխանցի Հայաստանի սոցապ նախարարությանը և դրա համաձայն էլ` մարդկանց բնակարանային սերտիֆիկատները կտրամադրվեն:

- Ե՞րբ….

- Ամենայն հավանականությամբ` մինչև այս ամսվա վերջ գործընթացը կսկսվի:

- Տեղյա՞կ եք՝ բերձորցիները հիմա որտեղ և ի՞նչ պայմաններում են ապրում:

- Մի մասն ապրում է վարձով, մի մասը բարեկամների տանն է ապրում, շատերն էլ Արցախում տարբեր հյուրանոցներում:

- Հայկ Խանումյանի հետ չե՞ք հանդիպում, իր խոստումները հիշեցնելու նպատակով:

- Այո, երբեմն գնում եմ Ստեփանակերտ, հանդիպումներ եմ ունենում բնականաբար:

- Խանումյանը չի՞ ասել, թե կոնկրետ ե՞րբ մարդիկ կստանան իրենց հասանելիք բնակարանները:

- Հաշվի առնելով ծրագիրը, դա ստույգ կարող է ասել Հայաստանի սոցապ նախարարը:

Հ.Գ Նկատենք, որ Աղավնոյի բնակիչները ևս նույն վիճակում են: