«Անհնարինը` ակնհայտ» մոտիվով առաջադրումներ՝ ԲԴԽ-ից    

«Անհնարինը` ակնհայտ» մոտիվով առաջադրումներ՝ ԲԴԽ-ից    

Ինչ խոսք, այնքան էլ հաճախ չի պատահի, որ դատական համակարգում նշանակումների, առաջխաղացումների, թեկնածուների վերաբերյալ հնարավոր լինի լրագրային նյութ գրել: Անձամբ ես դրանից ձեռնպահ եմ մնում նախ այն պատճառով, որ սովորաբար երբ ճանաչում ես որեւէ դատավորի պաշտոնի համար առաջադրված թեկնածուին, քիչ է պատահում որ ճանաչես նաեւ նրա մրցակից թեկնածուներին: Իսկ մեկին ճանաչելով, մյուսին չճանաչելով` չես կարող քեզ թույլ տալ մրցակցության մասին գրել: 

Երկրորդ, դատավորների մասին գրելուց ինքս սովորաբար ձեռնապահ եմ մնում նաեւ այն պատճառով, որ դատավորի մասին գրելու համար, պետք է նրա վարույթում եղած գոնե մի տասնյակի չափ գործ ուսումնասիրած լինել` հիմնավորված կարծիք ձեւավորելու եւ հրապարակավ ներկայացնելու համար: Գործնականում սակայն դատավորների մասին գրվում է մեկ-երկու գործից կազմած կարծիքով կամ կյանքում, մարդկային շփումներուն կազմված տպավորությամբ, ինչը ճիշտ չէ: 

Վերոգրյալից ելնելով էլ, որքան հիշում եմ միայն մեկ անգամ եմ ես դատավորների մասին գրել, 2020-ի գարնանը, թե ամռանը, երբ Փաշինյանի կուսակցականները Աժ-ում դադարեցնում էին ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի պաշտոնավորությունը: Գրեցի, որովհետեւ տիկ.  Գյուլումյանի, Թոխյանի, նաեւ ներկա ՍԴ նախագահ Արման Դիլանյանի հետ իմ տարիների ծանոթությունը եւ իրենց հանդեպ հարգանքը պարտավորեցնում էր գրել, գոնե այն ժամանակ, երբ այդ մարդկանց անունները նոր սովորած անձինք օրական մի նյութ էին գրում կամ հորինում իրենց մասին: 

Հիմա, երեւի երկրորդ անգամ դատավորներին առնչվող նյութ եմ գրում այն պատճառով, որ ինչ-որ զուգադիպությամբ Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար ԱԺ ներկայացված թեկնածուների մի եռյակում ճանաչում եմ բոլոր երեք անձանց` Արտակ Զեյնալյան, Լիաննա Հակոբյան, Հրաչ Այվազյան: Ընդսմին Արտակ Զեյնալյանի եւ Լիաննա Հակոբյանի գործունեությանը ծանոթ եմ երեւի երկու տասնամյակից ավելի, լրագրողի հանգամանքով, Հրաչ Այվազյանին ճանաչում եմ մի վարչական վարույթից, որի նախագահող դատավորը եղել է պրն. Այվազյանը, ես եղել եմ հայցվորի ներկայացուցիչ` առանց լրագրողական գործունեության հետ որեւէ առնչության:  

Մինչեւ թեկնածուների մասին մի քանի բառ գրելը եւ հատկապես փաստարկելը, թե ինչու եմ ես այդքան տարակուսած Զեյնալյանի թեկնածությունից, ասեմ այն, ինչ առանձնակի հաճելի է: Ես միայն երեկ այս նյութը գրելու համար Վճռաբեկ դատարանի կայք այցելելու արդյունքում տեղեկացա, որ ՎՃռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ է նշանակվել Ռուզաննա Հակոբյանը, ընդ որում վաղուց` 2018 թվականից: Ես այդ դատավորի հանդեպ առանձնակի հարգանք ու հիացմունք ունեմ: 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ երկու ընտրական վեճ է քննվել Վարչական դատարանում իր նախագահությամբ, ու թեեւ մի դեպքում հիշում եմ` դատարանը հայցը չբավարարեց, միեւնույնն է՝ այդ դատավորի բարեխղճությունը, գործի մանրամասների հանդեպ հետաքրքվածությունն ու ուշադրությունը, խոր իրավական մտածողությունը, դատաքննության որակը այնքան էր ինձ տպավորել, որ երկար ժամանակ որ միջազգային հարթակում, քննարկումներում, դեսպանների հետ զրույցներում ինձ դատական համակարգի մասին հարցնեին՝ չէի մոռանում Ռուզաննա Հակոբյանի մասին  իմ հիացմունքը հայտնել: Այնպես որ երեկ, հայտնաբերելով այս փաստը, իսկապես ուրախացա, որ ինքն է Վճռաբեկ դատարանի  պալատներից մեկի նախագահը:

Գալով  այն դատավորների թեկնածուներին, որոնց թվից ԱԺ-ն ընտրելու է Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր, ֆավորիտը օրինաչափ է եթե Լիաննա Հակոբյանը լինի, քանի որ Հայաստանում մեկ տասնյակից էլ քիչ մարդ կգտնվի, ովքեր այնքան հիմնավոր կարիերա ունենան արդարադատության ոլորտում, որքան նա: Բավական է միայն այն, որ Հակոբյանի կարիերայի մեկնակետը եղել է այն կառույցը, որը շատերի կարիերայի վերջակետն է` ՀՀ Սահմանադրական դատարանը: Հակոբյանը երեւի դեռ ԵՊՀ-ն չավարտած աշխատանքի է անցել ՍԴ-ում` որպես դատավոր Ալվինա Գյուլումյանի օգնական: Հետագայում, երբ տիկ. Գյուլումյանը մեկնեց Ստրասբուրգ` Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Հակոբյանը տեղափոխվեց ՍԴ իրավա-խորհրդատվական վարչություն, որ այդ դատարանի ամենածանրաբեռնված, ըստ էության, ՍԴ որոշումները նախապատրաստող ստորաբաժանումն է: Այդ կառույցը Լիաննա Հակոբյանը ղեկավարում էր 10 տարի, ինչը սպառիչ խոսում է նրա թե կազմակերպչական, թե մասնագիտական որակների մասին: ՍԴ-ից նա տեղափոխվել է ՀՀ Վարչական դատարան, որպես դատավոր, այնուհետեւ նշանակվել է Վերաքննիչ վարչական  դատարանի դատավոր: Այդպիսով արդարադատության համակարգի հետ` տեսականից հարցադրումներից մինչեւ մինչեւ գործնական հանգուցալուծումներ Հակոբյանը առնչվել է ուսանողական տարիքից եւ ՀՀ բարձրագույն դատական ատյանում, ինչն էլ նրան շատ ուժեղ թեկնածու է դարձնում ցանկացած դատական պաշտոնի համար: 

Հրաչ Այվազյանի մասին ես նույնքան տեղեկություններ չունեմ, քանի որ պրն. Այվազյանին ճանաչել եմ լոկ մի վարչական գործի կապակցությամբ, որը գտնվում էր իր վարույթում եւ ես ներկայացնում էի այդ գործով հայցվորի շահերը (հայցվորը իմ հարազատներից է, ես էլ այնքան իրավունք գիտեմ, որ կարող եմ դատարանում հաջողությամբ շահեր պաշտպանել): Կարծում եմ Այվազյանը նույնպես միանգամայն արժանի թեկնածու է Վճռաբեկ դատարանի դատավորի համար, ոչ միայն Վարչական դատարանի նախագահ լինելու հանգամանքը հաշվի առնելով, այլեւ դատելով այն տպավորությունից, որ նա գործում է որպես դատավոր` հանգիստ, մտածող, հավասարակշիռ, բարեխիղճ: Դատելով կենսագրական տեղեկություններից` նույնպես երկար ծառայել է դատական համակարգում: 

Իսկ ահա Արտակ Զեյնալյանի թեկնածությունը ինձ զարմացրել է, քանի որ որքան ես գիտեմ՝ Զեյնալյանը մասնագիտությամբ բժիշկ է, ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը, հետո դրա օրդինատուրան, ասպիրանտուրան: Շատ ավելի ուշ իրավաբանական կրթոսւթյուն է ստացել, սակայն իրավագիտության ասպարեզում` սիրողական իրավապաշտպանությամբ, հետո փաստաբանությամբ զբաղվելը գումարվելով ինչ-որ մի ոչ պետական բուհի իրավագիտության բակալավրիատում  ուսումնառության հետ կարող է նրան մոտեցրած լինի փաստաբանի որակավորման, բայց փաստաբանի միակողմանի պաշտպանությունից մինչեւ դատավորի մոտեցումների բազմակողմանիություն, հավասարակշվածություն եւ մակարդակ երկար ճանապարհ է ընկած, որ պետք է անցնել: Քանի՞ փաստաբան է կարողանում դատավոր դառնալ: 

Այդուհանդերձ, առանց որեւէ ատյանի դատարանում երբեւէ որպես դատավոր պաշտոնավարած լինելու պրն. Զեյնալյանը, պարզվում է, հավակնություն ունի միանգամից ՀՀ Վճռաբեկ դատարանում աթոռ զբաղեցնելու: Բժշկական կրթությամբ փաստաբանը ո՞ր ընթացակարգով եւ ինչի՞ հաշվին կարող է ՎՃռաբեկ դատարանի դատավոր լինել: Եվ ԲԴԽ-ում էլ գիտակցո՞ւմ են, որ Վճռաբեկ դատարանի դատավորն Արդարադատության նախարար չէ, որ այսօր նշանակվի, վաղը հեռացվի ու մոռացվի` կախված քաղաքական կոնյուկտուրայից; Դատավորները շարունակում են պաշտոնավարել այն ժամանակ, երբ իրենց նշանակած քաղաքական ուժերը վաղուց գոյություն չունեն, հետեւաբար չի կարելի թեթեւամտություն դրսեւորել եւ կուսակցական գործչին, որը երբեւէ դատավոր չի եղել, Վճռաբեկ դատարանի դատավոր առաջադրել: Չնայած Գագիկ Ջհանգիրյանի ռեստորանային արկածներից դատելով` ԲԴԽ-ում «Անհնարինը` ակնհայտ» շոու է եւ ամեն ինչ թույլատրելի է: