Նիկոլին իշխանությունից հեռացնելու եղանակը

Նիկոլին իշխանությունից հեռացնելու եղանակը

«Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանին տալու՝ ժամկետ նշանակելու վերաբերյալ Ալիեւի պահանջի չկատարումը, ենթադրաբար, նոր պատերազմի պատճառ կարող է հանդիսանալ: Քանի որ այդ պահանջն արձանագրված չէ եռակողմ առաջին եւ երկրորդ հայտարարություններում, այն կարող է լինել բանավոր պայմանավորվածությունների արդյունք: Պահանջը չկատարելու եւ միաժամանակ պատերազմից խուսափելու միակ տարբերակը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականն է: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հերթական հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հարցրեց Փաշինյան Նիկոլին, թե պաշտոնից կհրաժարվի՞, արդյոք, «Զանգեզուրի միջանցքը» չտալու դիմաց:

Շատ հստակ ու կոնկրետ պատասխան տալու փոխարեն Նիկոլն անցավ մանիպուլյացիոն դաշտ՝ մեղադրելով ընդդիմադիր պատգամավորին ադրբեջանական գործակալ լինելու մեջ՝ Հայաստանում օտարերկրյա նարատիվներ (պատումներ) զարգացնելու հիմքով: Պատկերացնո՞ւմ եք՝ այն անձը, ում մասին խոսելիս ԱԱԾ նախկին պետն (ավելի ճիշտ՝ պետի ԺՊ-ն) օգտագործում էր գործակալական  «Շակալ» մականունը, ընդդիմության ներկայացուցչին մեղադրում է թշնամու գործակալ լինելու մեջ: Ո՞նց չհիշես այն տարածված խոսքը, որ հենց գողն է առաջինը կանչում․ «Բռնեցե՛ք գողին»: Դա բավարար չէ՝ խորհուրդ տվեց դիմել դատարան, որտեղ իրենք կապացուցեն իր ասածը: Եվ ավելացրեց, որ «որեւէ հարուցված քրեական գործ իմ ասածը չի կարող փոխել»: Բնականաբար, չի կարող փոխել, քանի որ իրավապահ ուժային կառույցներն այսօր իր գրպանում են: Բայց իշխանափոխությունից հետո, վախենամ, որ ոչ միայն կփոխեն, այլեւ կբացահայտեն, թե ինչ «Շակալի» մասին էր խոսում ԱԱԾ նախկին ղեկավարը:

Բայց այս հոդվածը կիսատ կմնար, եթե վերն ասվածի կապակցությամբ չանդրադառնայի դրա շարունակությանը: Երբ հնչում էր Արթուր Ղազինյանի հարցի շուրջ Նիկոլի երկրորդ պատասխանը, մտածեցի, որ ընդդիմությունից հաջորդ հարց տվողը պետք է շարունակի թեման, եթե նույնիսկ հերթագրվել էր մեկ այլ խնդրի առումով հարց տալու համար: Այդպես էլ եղավ՝ հաջորդն Արծվիկ Մինասյանն էր, որը մի թեթեւ անդրադարձավ նախորդ հարցուպատասխանին, իսկ հետո տվեց գերիների վերաբերյալ իր հարցը: Նրա հարցը եւս օրախնդիր էր՝ հատկապես ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից Ֆրանսիայի Սենատում արված խոստովանության համատեքստում: Բայց կարծում եմ, որ այն կարող էր փոխանցվել մեկ այլ ընդդիմադիր պատգամավորի, իսկ ինքը պետք է առաջ տաներ Ղազինյան-Փաշինյան կարճ երկխոսությունը: 

Եվ ընդհանրապես, ոչ միայն «Հայաստան» խմբակցությունը, այլեւ ընդդիմադիր երկու խմբակցությունները կարող են մշակել միասնական քաղաքականություն՝ կառավարության անդամների հետ հարցուպատասխանի առումով: Հենց այդ ձեւաչափում էլ ի հայտ կգա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած գաղափարի իրականացումը:

Հիշեցնեմ․ խոսքը գնում էր ոչ թե իշխանության հասնելու, այլ Փաշինյան Նիկոլին իշխանությունից հեռացնելու անհրաժեշտության մասին: Եվ երբ մի քանի հոգի անընդհատ, իրար փոխարինելով, շարունակեն առաջ տանել նույն թեման, Փաշինյան Նիկոլը երկար չի կարող շարունակել մանիպուլյացիոն գոռգոռոցը: Իսկ ամեն մի առանձին հարցի դեպքում, երբ փոխվում է թեման, ինքն ասես թարմանում է եւ նոր ուժով շարունակում խոսքը: Նույն թեման պահպանելը մոտավորապես նույնն է, ինչ որեւէ մեկը շարունակի աշխատել կամ մտածել նույն հարցի շուրջ երկար ժամանակ: Մարդու ուղեղը կորցնում է ուշադրության կենտրոնացվածության պաշարը եւ կենտրոնանում է այլ թեմայի վրա:

Եվ երբ դիմացինը ստիպում է անընդհատ վերադառնալ նախկին թեմային, ապա վերջինս կարող է թույլ տալ բազմաթիվ «կիքսեր» (վրիպումներ): Եվ որքան շատ լինեն այդ վրիպումները, այնքան կցածրանա վերջինիս հեղինակությունը հասարակության զոմբիացված զանգվածների շրջանում: Կորցնելով այդ զանգվածների աջակցությունը՝  Փաշինյան Նիկոլը կկորցնի նաեւ իշխանությունը: Կարծում եմ, որ հենց դա կարող է լինել Սերժ Սարգսյանի առաջադրած գաղափարի իրականացման եղանակը: