Դեմոկրատիայի ընդլայնումն ինչ-որ պահից կարող է արգելակել տնտեսության աճը

Դեմոկրատիայի ընդլայնումն ինչ-որ պահից կարող է արգելակել տնտեսության աճը

Ռոբերտ Բարրոն Հարվարդի համալսարանի պրոֆեսոր է, NBER եւ American Enterprise Institute-ի հետազոտող, հարվարդյան Quarterly Journal of Economics-ի համախմբագիր: RePEc-ը, մոտ 3 միլիոն գիտական աշխատանքների, հոդվածների եւ գրքերի էլեկտրոնային գրադարանը, ըստ ազդեցիկության, նրան համարում են աշխարհի հինգերորդ տնտեսագետը: Հնգյակում են Անդրեա Շլեյֆերը (Հարվարդ, NBER), Ջեյմս Հեքմանը (Չիկագոյի համալսարան), Դարոն Աճեմօղլուն (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ) եւ Յոզեֆ Ստիգլիցը (Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր):
***

Ինչի՞ համար է այս հեղինակավոր անձանց այսպիսի ներկայացումը: Երբ տեղացի գիտնականները, քաղաքագետները, ուղղակի հեղինակավոր մարդիկ արտահայտում են իրենց մտահոգությունը նոր իրողությունների առնչությամբ (խոսքն ուսապարկային հեղափոխությամբ առաջացած անոմալիաների մասին չէ. «անոմալիա»-ն կարծես մի փոքր ակադեմիական ստացվեց՝ այլանդակություն): Դա է համաշխարհային ճանաչում ունեցող անձանց հղում անելու շարժառիթը, թեպետ ուսապարկային մտածելակերպով առաջնորդվողների համար նրանք հեղինակություններ չեն: Այլ կերպ՝ առայժմ պետություն համարվող կազմավորման մեջ տիրող այլանդակությունների մասին է խոսքը, այլանդակություններ՝ փաթեթավորված, իբրեւ թե, դեմոկրատիայով:

Լսենք աշխարհի 5 հանրաճանաչ տնտեսագետներից մեկին՝ Ռոբերտ Բարրոյին: Նա հայտնի է տնտեսական աճի հետազոտություններով, որոնք նրան հանգեցրել են մտորումների, թե ինչպես են կապված դեմոկրատիան եւ տնտեսությունը: Պատկերացումները, թե դեմոկրատիան ինստիտուտ է, որն ունակ է լուծել տնտեսական հիմնախնդիրները, արագացնել աճը, բարձրացնել մարդկանց բարեկեցությունը, Բարրոն համարում է մոլորություն եւ իր գիտական հոդվածում ցույց է տալիս, որ դեմոկրատիան կարող է նպաստել տնտեսական աճին քաղաքական ազատությունների սոսկ «ստորին հարկերում»՝ դիկտատուրայից ավելի ազատ հասարակության անցման ժամանակ: Ընդ որում, դա տեղի է ունենում շնորհիվ այն բանի, որ դեմոկրատիան կապված է մյուս, տնտեսության համար նշանակալի կողմերի հետ. իրավունքի գերակայություն, կյանքի տեւողություն, կրթության մակարդակ, կանանց մասնակցություն տնտեսության մեջ եւ այլն:

Ըստ Բարրոյի, այդ ցուցանիշների անփոփոխ լինելու պարագայում դեմոկրատիան նպաստում է տնտեսական աճին սկզբնական մակարդակներում: Դեմոկրատիայի նվազագույն մակարդակին հասնելուց հետո, դրա ընդլայնումը կարող է դժվարացնել տնտեսության աճը: Բանն այն է, որ որոշումներ ընդունող կոալիցիայում սոցիալական մեծ խմբեր ներառելը հանգեցնում է վերաբաշխմանը ձգտելու աճին (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դրա փայլուն օրինակն է): Միաժամանակ, որոշ բռնապետներ կարող են աջակցել տնտեսական ազատություններին, այլ ոչ միայն օգտագործել իշխանությունը՝ մերձավորներին հարստացնելու համար: 

Սկսենք «բռնապետից»: Պակ Չոն Հիին, ով 1962 թվականին եկավ իշխանության Հարավային Կորեայում, անվանում էին «հարավկորեական Ստալին»: Նրա կառավարման տարիներին աղջիկների եւ պատանիների մազերը կտրում էին փողոցում, զինվորները գնդակահարում էին ցուցարարներին, իսկ հատուկ ծառայություններում հասունանում էին դավադրությունները: 1972 թվականին նախագահ Պակ Չոն Հիի ռեժիմը կարելի է բնութագրել որպես չափավոր ավտորիտար: Դեմոկրատական ընտրությունների արդյունքում իշխանության գալով՝ նա պահպանեց համընդհանուր ուղղակի, գաղտնի քվեարկության ընտրական համակարգը: Գոյություն ուներ բազմակուսակցական համակարգ, պառլամենտ, բնակչությունն ուներ ե՛ւ իրավունքներ, ե՛ւ լիբերալ ազատություններ: Պակ Չոն Հիի պաշտոնավարման ժամանակահատվածում դրվեցին ժամանակակից Հարավային Կորեայի տնտեսության ամուր հիմքերը: 1962-ին Հր. Կորեայի ՀՆԱ-ն կազմում էր 28.5 միլիարդ, իսկ նրա սպանության տարում՝ 1979 թվականին, 157.2 միլիարդ դոլար, մինչդեռ 1980-ին՝ 154.6: 2020 թվականին Հր. Կորեայի ՀՆԱ-ն կազմել է 1.6 տրիլիոն դոլար: 1962 թվականին բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 106 դոլար, իսկ 1979-ին՝ 1784 դոլար, կամ աճը կազմել է մոտ 17 անգամ:

Երկրի զարգացման անշրջելիության հիմքերը դրվել էին հենց Պակի, բռնապետի պաշտոնավարման ժամանակում՝ հաշվի առնելով, թե նա ինչպես էր մոբիլիզացրել կորեական օլիգարխներին՝ չեբոլներին: Չէր նվաստացրել նրանց, այլ որոշակի հանձնարարություններ էր տվել՝ երկրի տեխնոլոգիական զարգացումն արագացնելու համար:

Բարրոյի նշած դեմոկրատիային բնորոշ կողմերի անփոփոխ լինելու կարեւորության մասին՝ տնտեսական աճի առումով․ այո, սկզբնական շրջանում Հայաստանում հենց այդպես էլ եղել է. տնտեսական աճ, համընդհանուր բարեկեցության բարելավում: Բայց հետագայում այդ ձեռքբերումները չամրապնդվեցին, չդրվեցին երկրի զարգացման անշրջելիության հիմքերը, ավելին՝ քիչ թե շատ բավարար մակարդակում գտնվող կրթական համակարգն ապականվեց, այլասերվեց, փլուզվեց, իսկ իրավունքի գերակայության ամրապնդման փոխարեն հրամցվեց դրա իմիտացիան:

Ցանկացած իշխող քաղաքական ուժ կարող է իմիտացիայով զբաղվել, մինչեւ ի հայտ կգան դա մերկացնող ապացույցներ: Դատական գործընթացների շոուներով հնարավոր չէ քողարկել ակնհայտը. պետությունը գահավիժում է, նրա կորուստն ակնհայտ է, եթե այս «նոր իրողությունների» սցենարով այլ բան նախատեսված չէ: Իսկ այդ սցենարի հիմքում, իբրեւ թե, դեմոկրատիան է եղել, որի «դրոշը» լայն պարզած հատուկենտ քայլողները Գյումրիից իջան մայրաքաղաք: 

Դժբախտաբար, մարդիկ սխալվեցին, քայլոներին տեսնելով՝ «իրենց հոգնած աչքերին, իզուր տեսան ուրիշ մի աշխարհ, իզուր գարուն տեսան ու իզուր բացին լուսամուտներն իրենց առջեւ…»։ 2018 թվականին շատերի աչքերին արցունքներ երեւացին: Դրանք երջանկության արցունքներ էին, որոնք 2020 թվականի աշնանից փոխակերպվեցին ողբերգության արցունքների…

2018 թվականի ապրիլը դեմոկրատիայի ողջ մերկության բացահայտման պահն էր մեզ համար. հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող Ռադիոտունը կարելի էր գրոհել այն ժամանակ: Իսկ այժմ ՀՀ կառավարության շենքը ճաղապատված է, ինչպես քրեակատարողական հիմնարկները՝ բանտերը: Ոչինչ, թող որ այս իշխանությունը բռնապետական լիներ, բայց 5 հազարին չզոհեր բեմադրված պատերազմում, այլ Հր. Կորեայի նախագահ Պակի նման ավազակներին, այդ թվում՝ 2018 թվականի ցուցարարների նմաններին գնդակահարեր (պատերազմից հետո Գերմանիայում գնդակահարել են հանրային տրանսպորտով անտոմս երթեւեկողներին) փողոցում: Ավա՜ղ, դա պետք է արած լիներ երրորդ նախագահը… Քանզի այսօրվա ղեկավարը պետության, պետության հզորացման ու անվտանգության համար չի կիրառում ավտորիտար ռեժիմը: Դա արվում է մերձավորներին հարստացնելու, վրեժխնդրության ստորին նպատակներով: Բայց նրան մեղադրել չի կարելի, առավել եւս՝ դավաճան անվանել. նա հստակ ծրագրավորված, գուցեեւ, գենոմոդիֆիկացված մեկն է:

Պարտադիր չէ, որ ՄԱԿ-ը, հաշվի առնելով պետական կազմավորմանը բնորոշ հատկանիշների կորուստը, հայտարարի պետության լուծարման մասին: Ահագնացող արտագաղթն ինքնաբերաբար կտանի պետության ինքնալուծարման: Իսկ թե ինչու են զանգվածաբար արտագաղթում, համապատասխան մարմինները քաջատեղյակ են: Գուցե նրանք տեղյակ են նաեւ, թե ինքնահռչակ «դեմոկրատիայի համաշխարհային բաստիոնն» ինչու գրավիչ չէ ներդրողների, ընդհանրապես՝ աշխատելու եւ ապրելու համար: Պարտավոր են տեղյակ լինել, քանի որ հարկատուները նրանց վարձել են, որպեսզի նրանք ոչ միայն տեղյակ լինեն, այլեւ որոշակի արդյունավետ միջոցներ ձեռնարկեն՝ ազգային անվտանգության հիմնական բաղադրիչների մասով (տնտեսական, ռազմական, դիվանագիտական, ժողովրդագրական, էկոլոգիական) խիստ բացասական ու վտանգավոր գործընթացները կասեցնելու համար: Դեմոկրատական մոտեցումներն այլեւս անարդյունավետ են: Ուսապարկային նոր ալիքը կսրբի ու կտանի հայոց պետականությունից մնացած փշրանքները: Հայաստանին անհրաժեշտ է հայամետ-պետականամետ բռնապետ:
ՀԳ. Ասում են, թե Պակին գնդակահարել է կորեական ԿՀՎ-ի ղեկավարը, ով զայրացել ու վրդովվել է հերթական գնդակահարությունները կատարելու վերաբերյալ նախագահի հանձնարարությունից: Կարելի է ասել, որ Պակին գնդակահարել են աֆեկտի ազդեցության տակ: Մինչդեռ եթե չլինեին այդ գնդակահարությունները, գուցե չլիներ ժամանակակից Հարավային Կորեան:

Գագիկ Վարդանյան