Եթե Վազգեն Մանուկյանը չսխալվեր

Եթե Վազգեն Մանուկյանը չսխալվեր

Հայաստանը վերջապես գնում է արտահերթ ընտրությունների: Թեեւ մինչեւ ԿԸՀ-ից ընտրությունների օրը եւ գործընթացի մեկնարկը չհայտարարվի, ամեն զարգացում եւ անակնկալ էլ կարող է լինել, այդուհանդերձ, Փաշինյանի` վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելը կարծես հաստատապես սպասվող իրադարձություն է: Եվ այժմ խնդիրն այն է, թե ինչպես Փաշինյանի հրաժարականը զուգորդվի կամ համատեղվի իշխանությունից իր հեռանալու հետ: Խոսքն անձնապես եւ լոկ Փաշինյանի հեռանալու մասին է: Իր թիմը, «ուսապարկերը», «դըմփ-դըմփ-հու»-երը եւ այլն կհեռանան ընտրությունների արդյունքով: Նրանք երկրորդական են: Իսկ անձնապես եւ միայն Փաշինյանի հեռանալը մինչեւ ընտրությունները ավելի քան կարեւոր է: 
    
Վարչական ռեսուրսի չարաշահումը հավատարժան չէ

Թեեւ Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսի գործադրմամբ ընտրությունների արդյունքները կեղծելու հավանականության մասին անգամ Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանն են ահազանգել, անձամբ ես չեմ հավատում, թե Փաշինյանն իրապես ի զորու է վարչական ռեսուրսի գործադրմամբ ընտրությունների արդյունքի վրա նշանակալի ազդել: Այն, որ Փաշինյանը կիսագրագետ, մորթապաշտ, ստախոս ու հիվանդ արարած է, արդեն երեք տարի գրեթե ամենօրյա ռեժիմով փաստվում է: Որ նա ամեն հնարավոր միջոց կփորձի գործադրել իշխանության մեջ վերարտադրվելու (այդ ճանապարհով գուցե նաեւ քրեական պատասխանատվությունից խուսափելու) համար` համարյա անվիճելի է: Այդուհանդերձ, ինչ-որ բան փորձել, դեռ չի նշանակում հաջողել: 

Վարչական ռեսուրսը ապօրինի ազդեցության գործադրում է: Իսկ Փաշինյանը կամ իր թափթփուկները Հայաստանում նույնիսկ օրինական ազդեցություն չունեն, ուր մնաց՝ անօրինական: Թող ներվի ասել, բայց Փաշինյանն ու իր թիմը Հայաստանում «շան օրի» հասած վիճակում են, որոնց համատարած հայհոյում են, անիծում,  արհամարհում, հալածում, անգամ՝ հարվածում… Այդ ողորմելի գոյություն քարշ տվող «դըմփ-դըմփ-հու»-երը իրենցից ավելի ողորմելի ո՞ւմ պետք է գտնեն, որ ինչ-որ բան թելադրեն, նա էլ անի… 

Կարծում եմ՝ բոլորն էլ հիշում են անցյալ տարի այս ժամանակ Երեւանի մետրոպոլիտենում Փաշինյանին հանդիպած պատահական ուղեւորուհուն, որ Փաշինյանի տված բուկլետը պատռել ու համարյա շպրտել էր դեմքին: Այդ կինն իր քայլով ոչ միայն մերժումն ու ցասումն էր արտահայտել Փաշինյանի անձի ու պաշտոնավարման հանդեպ, այլեւ ակամա Փաշինյանի հեղինակազուրկ ու ոչնչացված կարգավիճակի մանիֆեստացիան էր արել: Դա՝ դեռ մեկ տարի առաջ: Իսկ մեկ տարում որքա՜ն ավելի տապալվեց, ջախջախվեց ու անդունդը գլորվեց Փաշինյանը… Հետեւաբար կարծել, թե այսօրվա ոչնչացած Փաշինյանը կարող է մի հրաշքով վարչական ռեսուրս գործադրելու հեղինակություն գեներացնե՜լ… դա բոլորովին հավատարժան չէ: Փաշինյանի՝ իշխանության մեջ մնալուց ուղիղ արտածվող վտանգն այլ տեղ է:  

«Ով՝ տեր, մենք՝ ծառա» ընտրազանգվածի հանգամանքը

Հայաստանում գոյություն ունի հասարակության մի շերտ, գուցե նույնիսկ ընտրողների 10-15 տոկոսը կազմող շերտ, որոնց եթե ոչ կյանքի սկզբունքը, ապա գոնե ընտրություններում վարքի սկզբունքը «Ով՝ տեր, մենք՝ ծառա» կարգախոսն է (ավելի կոպիտ, ռամկական ասույթով. «Ով՝ ավանակ, մենք՝ փալան»): Իշխանությունները զգալիորեն հենց նրանց հաշվին են վերարտադրվում, քանի որ այդ հավերժական «ծառաները» կամ «փալանները» միշտ ձայնը տալիս են իշխանության մեջ գտնվող ուժին: Եթե նրանք չլինեին Սերժ Սարգսյանը կամ ՀՀԿ-ն, ինչպե՞ս պետք է 2012-ին, 2013-ին, 2017-ին իշխանության մեջ վերարտադրվեին: Ինչ վերաբերում է իրերի դրությանը 2012-ից առաջ, ապա Ռոբերտ Քոչարյանը բացեիբաց քվե լցոնելու, քվեարկության արկղեր գողանալու, արձագրություններ կեղծելու, սեւ փիարի, ընտրատեղամասերում ծեծուջարդ սարքելու, Երեւան զորամիավորումներ մտցնելու, ջրցան մեքենաների ու փշալարերի ուժով է ՀՀ նախագահի աթոռին բազմել, ինչի համար էլ հիմա արդարացի հատուցում է քրեական հալածանքի ենթարկվելով եւ Հայաստանի հանրության մերժման առարկա լինելով: 

Ինչեւէ, Քոչարյանին մի կողմ թողնելով եւ մաղթելով, որ նրան ներկայացնող ուժը խորհրդարան անցնի,  ակնհայտ է, որ եթե Փաշինյանը կամ իր պոչերից մեկը գտնվի վարչապետի պաշտոնում, «Ով՝ տեր, մենք՝ ծառա» կարգախոսով առաջնորդվողները ձայնը տալու են նրանց: Ընտրության օրը որ ուժի հետ ասոցացվի իշխանությունը, այդ ուժը «ծառաների» կամ «փալանների» հաշվին արդեն իր ակտիվում ձայներ կունենա: Այ, դա կանխելու համար հարկավոր է, որ «փալանների» կամ «ծառաների»  համար վիզուալ տեսանելի չլինի, թե ով է իշխանությունը: Կամ նրանք տեսնեն, որ Փաշինյանն իշխանության մեջ չէ: 

Ազնվորեն, երբ անցյալ տարի դեկտեմբերին հայտարարվեց Վազգեն Մանուկյանի` վարչապետի միասնական թեկնածու լինելու մասին, ինձ թվում էր՝ պրն Մանուկյանը հենց այդ խնդիրը կլուծի, այն է` Փաշինյանը հեռանա, Մանուկյանն ընտրվի վարչապետ, մնացյալ բոլորը մնան իրենց տեղում կամ առավելագույնը ՊՆ, ԱԳ նախարարներն էլ փոխվեն, եւ երկիրը գնա արտահերթ ընտրությունների: Դա էր խնդիրը, որ, դժբախտաբար, չլուծվեց: 

Եվ չլուծվեց նաեւ «17 պլյուս-մինուսների» մեղքով: Նրանց բոլոր խոսակցությունները, թե հարկավոր է ժամանակ, որպեսզի հասարակությունն էյֆորիկ կամ տրավմատիկ, կամ զգացական վիճակից դուրս գա, նոր ընտրություններ կազմակերպվեն, անգամ սոփեստություն չէին, այլ՝ անհեթեթություն: Քաղաքական ճգնաժամից ելքը ընտրություններն են, ոչ թե փողոցից իշխանություն զավթելը, կայունության շրջան ստեղծելու շրջանակներում սեփական կադրերին իշխանությունում տեղավորելը, վերարտադրվելու մեխանիզմներ գործարկելը, ապա ընտրություններով վերարտադրվելը: Հայաստանում ո՞վ էր այնքան միամիտ, որ չենթադրեր, թե «17 պլյուս-մինուսները» Վազգեն Մանուկյանի վարչապետ ընտրվելու պարագայում ինչու էին մեկ տարվա լեգիտիմությունից զուրկ իշխանության ու քարտ-բլանշի ձգտում: 
 
Վազգեն Մանուկյանի դերը 

Իմ խորին համոզմամբ, Վազգեն Մանուկյանն ինքնուրույն, ոչ կախյալ անձ եւ կերպար էր, ով կարող էր վարչապետի պաշտոնում առանց «17 պլյուս-մինուսի» բալաստն իր հետ քարշ տալու, ստանձնել իշխանության ղեկը, այդքանով էլ «Ով՝ տեր, մենք՝ ծառա» կարգախոսի հետեւորդներին վիզուալ տեսանելի դարձնել, որ Փաշինյանի դարաշրջանն ավարտված է, եւ երկիրն առաջնորդել դեպի արտահերթ ընտրություններ: Մանուկյանի վարչապետ դառնալը, ըստ իս, հավերժական «ծառաների» կամ «փալանների» ձայնը գործող իշխանությանը տալու ակտը կամ ընթացքը կկանխեր, եւ բուն խնդիրը հենց դա էր: Մնացյալը, թե ում ձայն տալ, ում չտալ, բոլոր մյուսները գիտեն: Ոչ ոք ոչ մեկին նոր ոչինչ չի ասելու, համոզելու կամ տարհամոզելու: Պարզից էլ պարզ է, որ Հայաստանում կան մարդիկ, որոնց ընտրությունը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, այլ խմբի ընտրությունը ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են, մեկ այլ խմբինը` Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն, «ոչմիթիզ-ականները», չորրորդ խմբինը` Փաշինյանն ու «ուսապարկերը», մի հինգերորդ խմբինն էլ՝ ուղղակի ոչ ոք: Եվ եթե երկինքն ու երկիրը տեղերն էլ փոխեն, ոչ մի Տեր-Պետրոսյանի ընտրող Քոչարյան, Սարգսյան կամ Փաշինյան չի ընտրելու, ոչ մի Քոչարյանի ընտրող ուրիշ հավակնորդի եւ ուժի չի ընտրի, եւ այդպես շարունակ: 

Ընտրությունները մեկ կամ կես տարի առաջ կայանային, այսօր, թե մեկ կամ կես տարի հետո, դրանով ընդամենը պետք է պարզվի, թե ում ձայները որքան են այս երկրում: Ուրիշ ոչինչ: Ընդ որում պարզ է, որ բոլոր վերը թվարկյալ անձինք եւ ուժերն էլ ձայներ ունեն, բայց առանց ընտրության ոչ մի կերպ հնարավոր չէ պարզել, թե ով` որքան: Իսկ ինչո՞ւ է կարեւոր պարզելը, թե ով որքան ձայն ունի: Այն պատճառով, որ մեկ էլ հանկարծ 2018-ի ապրիլի նման ամբոխը չհորդա փողոցներ եւ փողոցից պատուհաս իշխանություն չձեւավորի: Կամ՝ հանկարծ չպարզվի, որ տասնամյակների քարոզչությունը, թե Ղարաբաղի հարցը կենաց-մահու նշանակություն ունի հայաստանցիների համար, իրականում փուչիկ է, որ ո՛չ Ղարաբաղում հաղթանակը 1994-ին, ո՛չ պարտությունը 2020-ին Հայաստանում առանձնակի հանրային տեղաշարժ կամ արձագանք չեն առաջացնում:

Ընտրությունները իրականությունը պարզելու համար են, ոչ թե արհեստականորեն ձեւավորելու, ինչը երկու տասնամյակ անօգուտ անում էր ՀՀԿ-ն, մինչեւ վերջը հայտնվեց կոտրած տաշտակի առաջ՝ դժբախտաբար, այնտեղ գլորելով նաեւ երկիրը: 

Ցավալի է, որ փոխարեն միայն Փաշինյանի հեռացման խնդիրն իր առջեւ դնելու, Վազգեն Մանուկյանը «17 պլյուս-մինուսի» պահանջներին տուրք տվեց, եւ արդյունքում կորցրինք լավագույն հավակնորդին՝ ի դեմս նրա, ում վարչապետությունը երկիրը կտաներ դեպի հավասարակշռված, արդար ու թափանցիկ ընտրություններ: Մնացին՝ ովքեր մնացին, եւ այժմ պարզ է, որ արժան-անարժան՝ կառավարության ներկա կազմից մեկի վրա պետք է դրվեն վարչապետի պարտականությունները: Թեեւ արդեն պարզ է, որ ինքը՝ Փաշինյանն է մնալու: